Եթե որևէ փուլում դա ինձ չհաջողվի, դրա ողջ պատասխանատվությունը կկրեմ ես

Եթե որևէ փուլում դա ինձ չհաջողվի, դրա ողջ պատասխանատվությունը կկրեմ ես

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների «մեգասուպերնախարար» Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կարողանալու դուրս գալ այդ ծանր բեռի տակից, որը վերցրել է իր ուսերին՝ ե՛ւ սուպերնախարար է, ե՛ւ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ․ «Ասում են՝ Դուք մեծ ջանք եք գործադրում, շատ եք աշխատում, չարչարվում, բայց շատ մեծ ծանրաձող եք վերցրել, եւ հնարավոր է՝ տակից դուրս չգաք»։

«Միշտ էլ կա որեւէ ոլորտում չհաջողելու կամ ձախողելու վտանգը, բայց ես ամենեւին այդպես չեմ տրամադրված։ Ես վստահ եմ, որ պետք է հաջողեմ, պետք է հաջողի նաեւ համակարգը, եւ դրա համար ես ջանք չեմ խնայելու, ու, բնականաբար, եթե որեւէ փուլում դա ինձ չհաջողվի, դրա ողջ պատասխանատվությունը կկրեմ ես»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

- Փաստորեն, Դուք, ի վերջո, դարձաք Հայաստանի մեգասուպերնախարարը, քանզի ամենաշատ ոլորտներն ընդգրկող գերատեսչության ղեկավարն եք։

- Դե, մի քիչ տերմինը գուցե այնքան էլ ընդունելի չէ, բայց, ամեն դեպքում՝ այո, բավականին մեծ նախարարություն է, եւ Հայաստանի պատմության մեջ, կարծեմ, նման չափի նախարարություն չի եղել։ Բայց կարծում եմ՝ ինքը ոչ միայն կառավարելի է, այլեւ բավականին լավ ու ճիշտ կառուցվածք ունեցող նախարարություն է դառնալու։

- Ասում են, որ այս օրերին նախարարությունում բավականին ցայտնոտային ու խառնաշփոթ իրավիճակ է՝ չեն կարողանում հասկանալ, թե ով ով է, ով ինչ պետք է անի եւ այլն։

- Դե, գիտե՞ք, ես դա չեմ անվանի խառնաշփոթ, դա բնական պրոցես է։ Ու կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում, դա մեկ-երկու ամսվա ընթացքում կարգավորվող խնդիր է, որովհետեւ, նախ՝ բոլորը պետք է լինեն մեկ հարկի տակ՝ տարբեր շենքերում են հիմա, խոչընդոտներ կան, որոնք այս փուլում մի փոքր խանգարում են առավել արդյունավետ կառավարմանը։ 

- Դուք վստա՞հ եք Ձեր թիմի վրա, վստահո՞ւմ եք այն 6 փոխնախարարներին, որոնք նշանակվել են, նրանց թե՛ պրոֆեսիոնալիզմին, թե՛ ազնվությանը, որ, լինելով նեղ-ոլորտային մասնագետ, այս կամ այն հարցում Ձեզ չեն ապակողմնորոշի, չեն խաբի կամ՝ այնքան պրոֆեսիոնալ կգտնվեն, որ եթե Դուք մասնագիտորեն չտիրապետեք որեւէ խնդրի նրբություններին, վերջում կիքս չեք տա։

- Գիտե՞ք, յուրաքանչյուր մարդ ամբողջությամբ կարող է վստահել միայն ինքն իրեն, բայց, միեւնույն ժամանակ, եթե դու վստահել ու քաղաքական պատասխանատվություն ես դրել որեւէ մեկի ուսերին, բնականաբար, նաեւ պետք է թույլ տաս որոշակի ինքնուրույնություն։ Եթե որեւէ փուլում պարզվի, որ որեւէ մեկը մեր վստահությունը եւ մեր ազնվությունը չարաշահել է, չեմ խոսում փոխնախարարների մասին՝ ընդհանրապես եմ ասում, բնականաբար, դա կունենա իր հետեւանքները։

- Հաստիքների կրճատում սպասվո՞ւմ է եւ ի՞նչ չափով։

- Թիվ չեմ կարող հիմա ասել։

- ԱԺ-ում Ձեր գործընկեր Մխիթար Հայրապետյանն օրերս հայտարարեց, որ հրաժարվում է Եվրանեսթում պատվիրակության ղեկավարի պարտականություններից, քանի որ ՔՊ կուսակցության վարչության անդամ ընտրվելուց հետո ժամանակի առումով չի հասցնում։ Ձեր դեպքում, փաստացի, ավելի ծանր վիճակ է ստացվում՝ Դուք ե՛ւ դարձաք սուպերնախարար, ե՛ւ ընտրվեցիք ՔՊ վարչության նախագահ։ Ինչպե՞ս եք համատեղելու։

- Բնականաբար՝ Մխիթար Հայրապետյանի նման ընկերների գործուն աջակցությամբ, որովհետեւ մեր վարչության 21 անդամներից ամեն մեկն իր դերակատարումը պետք է ունենա եւ ունի։ Այնպես որ, դա մեկ հոգու ուսերին դրված խնդիր չէ։ 

- Իսկ Ձեր ընտրվելը վարչության նախագահ ինչպե՞ս ստացվեց, ի սկզբանե որոշվա՞ծ էր, որ Դուք պետք է լինեք, թե՞ ինքնաբացարկների արդյունքում։

- Մեզ մոտ ի սկզբանե նման բաներ չեն որոշվում։ 

- Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք Փաշինյանի ու Միրզոյանի ինքնաբացարկները եւ Ձեր առաջադրումը։

- Դրա մասին բարձրաձայնել ենք արդեն՝ քննարկում է, որի ընթացքում տարբեր մարդիկ հնչեցնում են թեկնածուների անուններ, արդյունքի մասին արդեն բոլորին հայտնել ենք։ Բայց էդտեղ գաղտնիք չկա, որեւէ գաղտնի բան տեղի չի ունեցել, ամեն ինչ բաց է։

- Ձեզ համար սպասելի՞ էր, որ Դո՛ւք կառաջադրվեիք ու  կընտրվեիք։

- Դե, ես չեմ կարող ասել, բայց ես՝ ինքս, չէի ինքնառաջադրվելու։ Բնականաբար, ինչպես յուրաքանչյուրը, հնարավորություն ունեի, որ որեւէ մեկն ինձ կառաջադրեր։ Բայց նաեւ պատրաստ էի դա ստանձնելուն։