Շատ կուզենայի, որ հրամանատարը լիներ ՔՊ վարչության կազմում

Շատ կուզենայի, որ հրամանատարը լիներ ՔՊ վարչության կազմում

Օրերս ձեւավորված ՔՊ վարչության անակնկալներից մեկն էլ ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ստացած քվեներն ու վարչությունում տեղ զբաղեցնելու փաստն է։ Գործադիրի ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից, Արայիկ Հարությունյանից եւ Արարատ Միրզոյանից հետո ամենաշատ ձայն ստացած ՔՊ-ականն է, որը հանրությանն առավել հայտնի դարձավ թեւավոր խոսք դարձած իր «փետրվարի 31» արտահայտությամբ։ Ինչպե՞ս է հաջողացրել կուսակցությունում նվաճել այդպիսի դիրք․ երեկ հետաքրքրվեցինք նախարարից, ում հետ զրուցեցինք նաեւ նոր վարչության կազմից դուրս մնացած մյուս կուսակցականների  մասին։

- Պարոն Արշակյան, ՔՊ նոր վարչության ընտրությունների արդյունքները Ձեզ համար անակնկա՞լ էին․ կոնկրետ Ձեր հայտնությունը, այն էլ նման դիրքերում, որոշ շրջանակների համար մեծ անակնկալ էր։

- Չեմ մտածել դրա մասին։

- Իսկ սպասո՞ւմ էիք, որ Դուք այդքան ձայն կստանաք, աշխատանքներ տարե՞լ եք այդ ուղղությամբ։

- Ես ամեն օր եմ աշխատում։

- Կուսակցությունո՞ւմ։

- Չեմ տարանջատում, իմ աշխատանքը Հայաստանը բարձրտեխնոլոգիական երկիր դարձնելն է, եւ թիմն էլ դրան տվեց իր գնահատականը։ Ես ՔՊ-ի հիմնադիր վարչության անդամ եմ եւ կարծում եմ՝ մեծ զարմանալու բան չկա, որ հիմա վարչության անդամ եմ դարձել։

- ՔՊ շարժման հիմնադիրներն այսօր նույնիսկ դուրս են մնացել վարչության կազմից, օրինակ՝ Սասուն Միքայելյանը։ Ոմանք էլ իրենց ստացած ձայներով բավականին զիջում են նորեկներին։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ ներկուսակցական հարթակում ոչ այնքան գաղափարների շուրջ է համագործակցությունը, որքան՝ անձերի, այսպես կոչված՝ «թայֆաներ» են ձեւավորվել, որոնց նպատակը, կարծես, հնաբնակներին լուսանցք մղելն է։

- Ընդհանուր առմամբ, համաձայն չեմ Ձեր դիտարկման հետ։ Միայն մի հարց կա՝ դա հրամանատարի չանցնելն էր, որն իմ համար իսկապես անակնկալ էր։ Մնացած առումներով, կարծում եմ, նոր վարչությունը շատ ուժեղ վարչություն է, եւ այն մարդիկ, ովքեր ի սկզբանե եղել են եւ մասնակցել են թե՛ «Հիմա»-ի ժամանակներից, թե՛ հետո ՔՊ հասարակական-քաղաքական նախաձեռնության եւ այսօր էլ՝ կուսակցության կազմակերպման առումով, կարծում եմ, այդ հիմնադիր թիմը ներկայացված է շատ մեծ կազմով։

- Ձեր կարծիքով՝ ո՞րն էր Սասուն Միքայելյանի պարտության պատճառը։

- Չեմ կարող ասել, բայց ցավալի էր։

- Գուցե «նոր Հայաստանի» իշխանության մեջ էլ կուսակիցներին դիտարկում են որպես ձայն բերող սուբյեկտների, եւ քանի որ Սասուն Միքայելյանն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում չէր աջակցել ՔՊ թեկնածուին, ուրեմն պետք է պատժվեր։

- Եկեք ընտրությունների մասով չմեկնաբանեմ, որովհետեւ չեմ հետեւել ընթացքին եւ Հայաստանից բացակայելիս եմ եղել ու չեմ կարող ասել։ Անկեղծ եմ ասում՝ չեմ վերլուծել, բայց շատ կուզենայի, որ հրամանատարը լիներ ՔՊ վարչության կազմում։

- Իսկ նոր վարչությունում կա՞ն մարդիկ, որոնք չպետք է լինեին։

- Ոչ, բոլորը սպասված էին, բայց եթե հնարավորություն լիներ, եւս 5-6 հոգու կուզենայի տեսնել նոր վարչությունում։ Անուններ չեմ ուզում տալ, բայց վստահեցնում եմ՝ շատ ուժեղ մարդիկ էին իրենց թեկնածությունը ներկայացրել։

- Դուք բավականին մեծ գերատեսչություն եք ղեկավարում, դա չի՞ խանգարի կուսակցական ղեկավար կազմում ակտիվ աշխատելու համար։

- Կարծում եմ՝ ոչ, կփորձեմ պատվով դուրս գալ։