Կմասնակցե՞ն հանդիպմանը Թրամփն ու Պոմպեոն, ինչպես արել են Պուտինն ու Լավրովը 

Կմասնակցե՞ն հանդիպմանը Թրամփն ու Պոմպեոն, ինչպես արել են Պուտինն ու Լավրովը 

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո այսօր հանդիպելու է ադրբեջանցի գործընկերոջը։ Նախքան հանդիպումը, հայտնի դարձան որոշ մանրամասներ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի տեղեկություններով՝ Վաշինգտոնում ԱԳ նախարար-պետքարտուղար երկկողմ հանդիպում տեղի չի ունենա, ինչպես տեղի չի ունեցել վերջին 4 տարում։ Կհանդիպեն Մնացականյանն ու Ջոն Բոլթոնը: Ապա Բոլթոնը կհանդիպի Մամեդյարովի հետ, առանձին-առանձին։ Սարգսյանի մեկնաբանությամբ՝ սա չի նշանակում, որ Պետդեպից զատ, ամերիկյան կողմից այլ կառույց է զբաղվելու ԼՂ բանակցություններով

Ըստ նրա՝ սա պետք չէ դիտարկել նաեւ մեր պաշտոնյաների` վերջին ժամանակահատվածում Վաշինգտոն այցելելու եւ գործընկերոջը չհանդիպելու դիտանկյունից․ հիշեցնենք, որ Հայաստանի ԱԽՔ-ին չընդունեց Բոլթոնը, տրանսպորտի նախարարին` ԱՄՆ տրանսպորտի քարտուղարը եւ այլն։ Իսկ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էլ, Թվիթերի իր միկրոբլոգում անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ նախատեսվող հանդիպմանը, գրել է․ «Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին, որպեսզի խրախուսեմ նրանց՝ շարունակել երկխոսությունը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»։ 

Սուրեն Սարգսյանը հարցին, թե ինչ նոր բան է փոխվել, ու ինչ ակնկալիքներ կան Մնացականյան-Մամեդյարով նախորդ հանդիպումից, ասաց․ «Առանձնապես ոչինչ չի փոխվել, առանձնապես ակնկալիքներ էլ չկան։ Մոսկվայում հանդիպում եղել է, Մոսկվայում եղել է, համանախագահող երրորդ երկիրը ցանկություն է հայտնել նաեւ հանդիպում կազմակերպել երկու արտգործնախարարների միջեւ արդեն Վաշինգտոնում։ Եվ սա հերթական հանդիպումն է, որը ոչ թե պետք է հակադրել նախորդներին, այլ այն փոխլրացնելու են Մոսկվան ու Փարիզը»։ Այնպես որ, Սարգսյանը կարծում է՝ առանձնապես նոր մոտեցումներ, նոր սկզբունքներ, նոր առաջարկներ չկան։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ եռակողմ, նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ Դրանից ժամեր առաջ Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ակնկալում է, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կատարեն այն հանձնարարականը, որն ինքն ու Ադրբեջանի նախագահը տվել են։ Իսկ հանձնարարականը Վիեննայում քննարկած հարցերի շրջանակի շուրջ քննարկումներ ունենալու եւ դրանք մոտեցնելու փորձի մասին է։ Դրանից հետո երկու կողմից էլ եղան զոհեր, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ներն օրեր առաջ հայտարարություններով հանդես եկան՝ մեղադրելով միմյանց՝ բանակցություններում ապակառուցողական լինելու համար: Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, սակայն, այլ տեսակետ ունի․ «Եթե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում մայրաքաղաքներում, այն էլ՝ համանախագահող երկրների մայրաքաղաքներում, ոչ թե ինչ-որ տեղ՝ Ժնեւում, Կրակովում եւ այլն, ապա սա պարտավորեցնող է»։ Վաշինգտոնից Ստանիսլավ Տարասովի կանխատեսումը հետեւյալն է․ «Ամերիկացիներն ակտիվ չեն լինի, եւ հակամարտությունն էլ կմնա ներկա սառեցված վիճակում։ Եվ գլխավորը՝ կավարտվի Փաշինյանի իշխանության հետ առաջ եկած Դուշանբեի ցիկլը։ Այսինքն՝ նշված պոզիտիվի եւ ադրբեջանցիների կողմից փաշինյանական այն դրական ընկալումների, որ լինելու է առաջընթաց, ինչ-ինչ զիջումներ եւ այլն»։

Պարոն Տարասովը մեզ հետ զրույցում ակնհայտորեն դիմելով տրոլինգի հնարին՝ ասաց․ «ՌԴ-ում երկու արտգործնախարարները զրուցում էին՝ չհաշված Փաշինյան-Ալիեւ ոտքի վրայի զրույցը, եւ Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիեւ առանձնազրույցները։ Այսինքն՝ ՌԴ-ն այսկերպ իրեն տարորոշել է որպես բանակցությունների ակտիվ ու դինամիկ գործընթացի կողմնակից։ Առաջին հարցը, որն առաջանում է սրանից հետո, այն է, թե արդյոք Վաշինգտոնում Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ ներկա կգտնվի՞ Թրամփը կամ Պոմպեոն, ինչպես դա արել են Պուտինն ու պարոն Լավրովը»։ Տարասովն ասում է՝ իսկ եթե ոչ, ուրեմն դրանից պարզ է առաջիկա բանակցությունների կարգավիճակը։ Եվ Վաշինգտոնն էլ, ըստ Տարասովի, կտրուկ նվազեցնում է իր՝ որպես հակամարտության կարգավորման միջնորդի դերը։ «Եթե Թրամփը չմասնակցի, այդ հանդիպումն արժեզրկված է լինելու։ Այստեղից հարց՝ իսկ ո՞վ եւ ինչո՞ւ է առաջարկել վաշինգտոնյան հանդիպումը։ Պարզվում է, որ ամենից առաջ այդ մասին առաջին հայտարարությունն արել է Ադրբեջանը։ Իսկ Բաքվում էլ ԱՄՆ դեսպանորդն ասում էր, որ պատրաստ են կողմերին հետաքրքիր նորություններ հայտնել։ Հարց՝ իսկ ամերիկացիներն ի՞նչ նորություններ կարող են առաջարկել կողմերին։ Ի՞նչ նորություն է, ոչ ոք չգիտի»,- ասում է Տարասովը։

Ռուս քաղաքագետը վերաարձանագրում է, որ Մինսկի խումբն ունի կոնսենսուս եւ ընդհանուր հայտարարություններով է հանդես գալիս, նույն դիրքորոշումներն ունի, բայց այդ գործընթացում համանախագահության տեխնոլոգիաները կամ «մեխանիկան» տարբեր են։ Եվ Տարասովը, որպես ամփոփում, նկատում է․ Մոսկվայի հանդիպումներն ու դրանց հաջորդած շրջանն ուղեկցվում էին որոշակի պոզիտիվ ֆոնով՝ եղան Դուշանբեն, հանդիպումներ, գագաթնաժողովներ, Դավոս, Մամեդյարով-Մնացականյան բազմաժամյա հանդիպումներ։ «Իսկ հիմա ի՞նչ ենք տեսնում՝ ղարաբաղյան ուղղությամբ կտրուկ սրացում, եւ կողմերն էլ սկսել են խոսել ծայրահեղ իրարամերժ դիրքորոշումներից։ Հետեւաբար, տարբեր օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ կողմերը սկսել են պայթեցնել բանակցային գործընթացը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ԱՄՆ-ի կողմից այդ ինչ նորության մասին կարող է լինել խոսքը, ապա, քաղաքագետի կարծիքով, նորությունը մեկը կարող է լինել, թեեւ այդ հարցում կուզենար սխալված լինել։ Այն է, որ հաշվի առնելով ղարաբաղյան ճակատում իրավիճակի վատթարացումը՝ կպնդեն Վիեննայի պայմանավորվածությունների կատարման վրա։ Այստեղ է թաքնված շան գլուխը, կամ սա է ծուղակը, քանի որ Տարասովն ասում է․ «Բայց այստեղ կա մի չափազանց կարեւոր մանրուք։ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի արձանագրություններն ստորագրված են եղել համանախագահող երկրների ու Հայաստանի կողմից։ Որեւէ տեղ չկա Ադրբեջանի ստորագրությունը։ Իսկ եթե պրոպագանդայի տեսանկյունից Ադրբեջանին մեղադրել հնարավոր է, որ չի կատարում պարտավորությունները, ապա իրավաբանորեն՝ ոչ, որովհետեւ ինքը ոչ մի պարտավորություն էլ չի վերցրել»։