Բանակը գլխատեցին ու ասում են՝ թող 2000 խաղաղապահներն Արցախը պահեն

Բանակը գլխատեցին ու ասում են՝ թող 2000 խաղաղապահներն Արցախը պահեն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

- Արցախում ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ինչո՞վ եք պայմանավորում հերթական դիվերսիան։

- Դժվար է հստակ պատասխանել այս հարցին, որովհետև Ադրբեջանին առանձնահատուկ պատճառներ պետք չեն` դիվերսիա իրականացնելու համար: Հայ սպանելն իրենց համար սովորական մի բան է, տրամադրության հարց: Իհարկե սա զավեշտ է, սակայն ի՞նչը պետք է զսպի Ադրբեջանին, որ իրեն այդպես չպահի:

- Ռուս խաղաղապահներին շատերը մեղադրում են անտարբերության, կամ գուցե միտումնավոր կերպով Ադրբեջանին չզսպելու մեջ: Ի վերջո` այս պարագայում ի՞նչ կարող են անել խաղաղապահները:

- Խաղաղապահները, կամ առհասարակ Ռուսաստանը պետք է բացեր Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը: Խաղաղապահները պետք է իրականացնեին ցամաքային կապի ապահովումը: Ինչ վերաբերում է նմանատիպ դեպքերին, խաղաղապահներն, ըստ եռակողմ համաձայնության, ավելի ճիշտ` եռակողմ հայտարարության, մտցվում էին Արցախ, սակայն նրանցից բացի Արցախում կար 20 հազար զինվորից բաղկացած բանակ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քայքայեց բանակը, ջլատեց, մի քանի անգամ գլխատեց: Դժվար է անգամ ասել, թե որքանով է կրճատվել պաշտպանության բանակը, բանակը գլխատեցին ու ասում են թող 2000 հոգանոց խաղաղապահներն Արցախը պահեն: Ընդ որում` եռակողմ հայտարարության մեջ Արցախի տարածքից զինուժի դուրսբերման մասին որևէ խոսք չկա, խոսքը վերաբերում է միայն հետ քաշվելու մասին, սակայն վերացնել Արցախի պաշտպանության բանակը, նման կետ եռակողմ համաձայնագրում չկա: Նիկոլ Փաշինյանը կազմաքանդել է պաշտպանության բանակը հենց այն նպատակով, որ ասի դե չենք կարողացել, ի՞նչ անենք և այլն: Արդեն իսկ Փաշինյանին սպասարկող քարոզիչներից Էդմոն Մարուքյանն այդ մասին խոսել է:

- Կարծիքներ կան, որ Ադրբեջանն ամեն րոպե կարող է հերթական դիվերսիոն գործընթացն իրականացնել: Ի՞նչ կարող է անել հայկական կողմն Ադրբեջանին զսպելու առումով:

- Այդ կարծիքները ճիշտ են, ես ևս այն կարծիքին եմ, որ Ադրբեջանն ամեն վայրկյան կարող է հերթական դիվերսիան իրականացնել: Իսկ թե ինչ պետք է անի հայկական կողմն, ապա հայկական կողմ և հայկակական շահերը պաշտպանող չկա, կա Նիկոլ Փաշինյանի վարչակարգ, որը ներկայանալով հայկական կողմ պաշտպանում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Հայկական շահերի մասին այս դեպքում խոսելն ավելորդ է:

- Բանակի ու սպայակազմի դերը ո՞րը պետք է լինի այժմ: Թեև մենք գիտենք, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական, սակայն նման դեպքերում ի՞նչ կարող է բանակն անել:

- Նույն այն գործողությունները, որոնք արվել են Պաշտպանության բանակում, արվել են նաև զինված ուժերում: 2018 թվականին իշխանության գալուց հետո այդ մարդիկ սկսեցին կադրային ջարդեր իրականացնել պետական կառավարման բոլոր համակարգերում, այդ թվում` բանակում: 2020 թվականից հետո բանակը լուրջ կորուստներ ունեցավ: Եթե ունենայինք հայկական իշխանություն, ապա նրանք պետք է լծվեին հենց զինված ուժերի վերականգնման գործին, սակայն Նիկոլ Փաշինյանը լծվել է զինված ուժերը վերացնելու գործին: Սա այս իշխանության համար առաջին օրակարգն է: Օրումեջ ինչ-որ մարդկանց են ձերբակալում, գործեր են հարուցվում և այլն, և այլն: Այնպես չէ, որ ինչ-որ գեներալի համակարգից հանում են, կամ նա դուրս է գալիս իր հոժար կամքով, հաջորդ օրը կարողանում են նոր գեներալով փոխարինել նրան:

- Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհը շատերի կարծիքով ևս դիվերսիոն գործողության արդյունք է: Ի՞նչ կասեք Դուք:

- Զանազան վարկածներն իշխանություններն ու իր քարոզիչներն են դաշտ նետում: Նպատակն այն է, որ բուն համակարգային խնդիրները չքննարկվեն: Բանակում կա վերահսկողության լուրջ խնդիր: Ոչինչ հարյուր տոկոսով բացառել չի կարելի, սակայն կան շատ ավելի պարզ ու հավաստի բացատրություններ: Այն է` նման իրավիճակ ստեղծելն այսպես թե այնպես հանգեցնելու էր այս վիճակին: Դա օրինաչափ ողբերգություն էր, այլ ոչ թե դժբախտ պատահար: