Աչքի պես պարզ, աչքի պես բարդ Թումանյանը

Աչքի պես պարզ, աչքի պես բարդ Թումանյանը

Ոչ ոք ուղիղը  չի գտնելու չի ասելու երբեք։
Հովհ. Թումանյան

Նվիրվում է Թումանյանի մահվան 100-ամյա տարելիցին
    
Մի առիթով Հովհաննես Թումանյանն ասել է՝  «Ծաղիկը դրված է մեջտեղը, մեղուն մեղր է քաղում, օձը՝ թույն»։ Այժմ այդ  ծաղիկը ինքը Թումանյանն է։ Միմյանց ծայրահեղորեն հակադիր, չիմացությունից և սուբյեկտիվ ընկալումներից ծնվող մոտեցումներ ու կարծիքներ, գնահատականներ, որոնք հեռավոր աղերս չունեն բանաստեղծի կյանքի, գործի ու աշխարհայացքի հետ։ Նրան հռչակում են պացիֆիստ, բնորոշում են «լավ մարդ»,  «միամիտ», անհեռատես գործիչ, «քաղաքական երեխա»,  «քաղաքականապես զրո», որը չէր պատկերացնում, թե ով է իր ազգի դարավոր թշնամին,  ոմանք էլ նրան անվանում են իմաստուն ու անսխալական, ոմանք էլ կատեգորիկ հայտարարում են՝ «Չկան հավերժական ու անառարկելի մեծություններ»։ Հետաքրքիր է՝ Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին ու նաև Թումանյանը ինչպիսի մեծություններ են. ինչո՞ւ ենք կասկածի տակ դնում նրանց, ովքեր ազգային ոգու կրողն են, մեր ինքնության ցուցիչը, ինչո՞ւ ենք ջուր լցնում «ազգայինը կեղծ կատեգորիա է»  հորջորջող և այսօր  այդ նշանաբանով գործող անհայրենիք դավաճանների ջրաղացին։

Կարծում ենք շատերը, նույնիսկ կրթված, գիտական կոչումներ ունեցող  գործիչներ, ավելին, քաղաքագետներ, ինչպես նաև իշխանական շրջանները մնացել են խորհրդային տարիների՝ Թումանյանի բարձրացրած «սպիտակ դրոշի» քարոզչության տակ, և իրենց  կործանարար «խաղաղասիրությունը», հայրենիքի հանձնումը  ուզում են փաթեթավորել ազգային մեծագույն բանաստեղծի ու մտածողի հեղինակությամբ։  Առաջին անգամ չէ, որ Թումանյանին ներկայացվում են անհիմն մեղադրանքներ։  Նա երեք անգամ  միայն բանտ է նստել հայ-թուրքական ընդհարումներ հրահրելու մեղադրանքով։  Ի դեպ 4 ազգերի պատկանող վկաներից Պետերբուրգի դատարանում միայն հայազգի վկան էր պահանջում Թումանյանին կախաղան բարձրացնել, մյուս ազգերի, այդ թվում թուրք վկաները փաստում էին նրա անմեղությունը։ Երբ Թումանյանը համագործակցում էր ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչ Հասկելի հետ, նրա վրա մամուլում հարձակումներ էին գործում՝ թե նստում ու վեր է կենում իմպերիալիստների հետ։ Իսկ Հասկելի հետ Թումանյանը առնչվում էր որպես Հայ որբերի հանգանակիչ կոմիտեի նախագահ։  

Բանաստեղծի հեղինակության ետևում թաքնվում են նաև ազգի թշնամիները՝ նրան  ներկայացնելով «հայ-թուրքական եղբայրության»,  հանուն «խաղաղության», իրականում հանձնվելու, պարտվողականության դրոշակակիր լինելու մեղադրանք։  Իրականում Թումանյանը քաջ գիտակցում էր իր ազգի շահը, Հայաստանի քարտեզը, գիտեր, որ իր հայրենիքը քրիստոնյա կղզի է մահմեդական ծովում, և  միայն ուժն ու զենքը,  միտքն ու մշակույթը, նաև ազգային միասնությունն են ազգի  գոյության հիմքերը։ Պատերազմի օրերին բանաստեղծի առաջնություններ էին՝ գիտություն և զենք։ 1917թ. նա երկու ընկերություն-հիմնադրամ էր ստեղծել. առաջինը «Հայկազյանն» էր, որը պետք է ապահովեր հայ գիտնականին ու դներ հայոց համալսարանի, ակադեմիայի հիմքերը։ Երկրորդը՝ «Կովկասյան ճակատին օգնող»  ընկերությունն էր, որը հայ զինվորին թե՛ զենքով, թե՛ հագուստով  աջակցելու նպատակ ուներ։ 

Ազգային միասնության հրամայականը

Ազգային միասնությանը նպաստում է ազգային ինքնության գիտակցումը, իսկ վերջինիս մեջ մեծ դեր է խաղում ընդհանուրը՝ պատմություն, մշակույթ, արտաքին թշնամի և այլն։ Թումանյանը ազգային Մենքի կրողն էր, ով նախանձախնդիր էր ազգային ինքնության կենսունակության պահպանմանը։ 

Հեղափոխությունները՝ որպես համազգային միասնության խոչընդոտ
Թումանյանը ընդունում էր հեղափոխության գաղափարները, որոնք խոստանում էին բարեկեցություն, հավասարություն և այլն, բայց չէր ընդունում հեղափոխությունը՝ որպես այդ ամենին հասնելու ճանապարհ։  Չէր հավատում հեղափոխական գործիչներին։ «Անբուն կկուն» քաղաքական երգիծական պոեմում առկա են մասնավորապես գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները։ Պոպուլիստ Աղվեսը,  խաբելով հիմար կկվին ու այլ կենդանիների, գայլի դեմ հեղափոխություն է կազմակերպում,  հասնում իշխանափոխության և դառնում տիրակալ, բռնապետ՝ թալանի՝ գայլից ավելի մեծ ախորժակով։ Դժգոհ կենդանիներին աղվեսն ասում է. «ինձ ընտրել եք...որ ես հրամայեմ—կհրամայեմ ձեր անունով»։ Գաղափարական առումով բանաստեղծի պոեմը աղերսվում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» հետ, սակայն առաջադրված քաղաքական հարցադրումները շատ ավելի բազմազան ու տարաբնույթ են ։ 
Թումանյանի համար բացարձակ անընդունելի էր հեղափոխությունը հատկապես հայ ժողովրդի համար, քանի որ այն ամենամեծ հարվածն  էր ազգի միասնականությանը։ Ըստ բանաստեղծի՝  ազգային ազատագրական պայքարի համար զենք վերցնել կարելի է և պետք է, իսկ դասակարգային պայքարի համար՝ ոչ, քանի որ այն կարող է միայն խոչընդոտել ազգի համախմբմանը։  Թումանյանը գրում է. «Պետք է սնունդ ու ծավալ չառնեն անմիբանության վատ ջանքերը ... մեր սրբազան ձգտումի վայրկենին, պետք է համախմբվենք, մեր բոլոր ուժերը միացնենք»։

Ընտրությունների բացասական ազդեցությունը 

Բանաստեղծի կարծիքով ընտրարշավները նույնպես ազգը պառակտող գործոն են։ Նա «Վերջնական անկում» բնորոշումն է տալիս նախընտրական շրջաններին հատուկ այնպիսի տգեղ երևույթների, ինչպիսիք են հանուն փողի և անձնական կամ խմբակային շահի՝ ժողովրդի անունը շահագործելով՝ դիմել անվերջ կեղծիքների ու խաբեությունների, ոխերիմ թշնամիների հետ «բարեկամանալը», անձնական նպատակներին մամուլը   ծառայեցնելը և այլն։ Ընտրապայքարում սովորական դարձած կեղծիքի, ստի ու զրպարտության բազմաթիվ փաստերը բանաստեղծը բնորոշում է մի բառով՝ «զարհուրելի» ։

Ամբոխ, ժողովուրդ, առաջնորդ

Ազգային միասնությանը մեծ հարված է հասցնում ժողովուրդների ամբոխացումը։ Իշխանափոխությունների մասին խոսելիս Թումանյանը կարևորում էր ամբոխ, ժողովուրդ, առաջնորդ եզրույթների քննությունը։  Նա արձանագրել է ամբոխի մի շարք հատկանիշներ, որոնցից են՝ 
ա) Ի տարբերություն ժողովրդի՝ ամբոխի պաշտամունքը նյութականն է. դրա համար էլ «թալան» բառը հասարակության վրա ձեռք է բերում կախարդական ազդեցություն. «Խավա՛ր ամբոխ, պաշտում ես դու լոկ փայլ ու փող»,- ասում է բանաստեղծը։ Բ) Ամբոխը չի սիրում մտածել  և  գ) երբեք չի ընդունում իր մեղքը. «ամբոխներն ու ամբոխամիտ մարդիկ...ինչ էլ որ անեն, սիրում են մեղքը գցել ուրիշի վրա ու իրենց արդարացնել...»։ Դ) «Ամբոխը «անգիտակից ու կույր» է այնքան, որ «ո՛չ իրեն է հասկանում, ո՛չ շուրջը, ո՛չ լավը, ո՛չ վատը, ո՛չ  չարը, ո՛չ բարին» ։  
Ի վերջո այս ամենի հիման վրա  Թումանյանը դասական սահմանում է տվել ամբոխին ու ժողովրդին՝ գրեթե գիտական ճշգրտությամբ գծելով նրանց միջև սահմանը. «Շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուդը  մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար (Ժողովուդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան), ժողովուդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել»։

Բանաստեղծը մատնանշել է նաև ամբոխահաճո առաջնորդներից սպասվող արհավիրքները ողջ ազգի համար։  Նա զգուշացնում էր, որ. « Ճառերը ընդունակ են միայն հարբեցնելու», մինչդեռ հայ ժողովուրդը «էնքան կարիք ունի զգաստ լինելու»։  Մեկ այլ առիթով հավելում է. « Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են ժողովրդի անունից... միմիայն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար»։ Ժողովրդից ամբոխի վերածվելու գործընթացում Թումանյանը նկատում է ևս մի առանձնահատկություն։ Պատճառը ոչ միայն պոպուլիստ առաջնորդն է, այլև հասարակությունների՝ կրթության  և քաղաքական երևույթների իմացության մակարդակը։  Բանաստեղծը գրում է. «Ժողովուրդը երբեք լավ չի հասկացել, այժմ էլ լավ չի հասկանում և միշտ էլ լավ չի հասկանալու, նա միշտ նայել է իր մեջ զանազան միջոցներով անուն հանած գործիչների երեսին և գնացել է նրանց ետևից, և վա՛յ էն ժողովրդի մեղքը, որի գործիչները էնքան խղճմտանք չեն ունենալ, որ իրենց փոքրիկ անձերն ու կրքերը կդարձնեն հասարակության զբաղմունքի առարկա և իրենց չնչին անձնական հաշիվների շուրջը փոթորիկներ հարուցանելով կտան մեծ խնդիրների կերպարանք։ Վա՛յ էն ժողովրդին»։

Իշխանություն

Երբ ժողովրդի անունը շահագործողները հասնում են իշխանության, ձևավորում կառավարություն, միանգամից իրենց անջրպետում են ժողովրդից։ Բանաստեղծը փաստում է. «Իշխանությունը մարդկանց կուրացնում է, եթե մարդիկ ավելի փոքր են, քան իրենց պաշտոնը, հարբեցնում է, եթե ավելի տկար են, քան իրենց պաշտոնը», «Անհատներ կան, որոնք նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն... Առեք նրանցից այդ պաշտոնը ... կտեսնեք օխտը կորածի մինը»։
  Գրեթե միշտ իշխանափոխությունները կատարվում են հանուն «արդարության»։ Սակայն ինչպես Թումանյանն էր ասում. «Տվեք այդ արդարության անունով բողոքողներից ամենաթունդին թեկուզ մի գզրի պաշտոն և կտեսնեք, թե ինչ պտուղ է կամ ինչ է նշանակում նրա բերանում «արդարությունը»։  «Մի շքանշանի, մի պատվի, մի պաշտոնի համար կմոռանան և՛ ժողովուրդ, և՛ եկեղեցի, և՛ Քրիստոս և՛ Աստված»։ Նրանց համար բարձր գաղափարների մասին խոսելը միայն սանդուղք է իրենց «փառքի» բարձրությանը հասնելու համար...»։

Պատերազմներ    

Վերջերս քաղաքական շրջանակներում հանդիպում ենք  «Մի կաթիլ մեղրի» փիլիսոփայության մակերեսային վերլուծությունների ։ Եվ զարմանալիորեն հենց այս բալլադի համատեքստում  Թումանյանին անվանեցին «քաղաքական երեխա», որի համար հայ-թուրք թշնամանքը զուտ «մի կաթիլ մեղր» է, իբր Թումանյանը չի հասկացել այդ թշնամանքի էությունն ու խորքը։ Բալլադում  դրսևորվել է պատերազմի՝ որպես քաղաքական գործընթացի հայեցակարգային մոտեցում։ Առաջին հայացքից նկատում ենք միայն  «ձնագնդիի էֆեկտը», երբ յուրաքանչյուր նոր գործողություն ենթադրում է պատասխան մեկ այլ գործողության ալիք։ Սակայն  մի կաթիլ մեղրը պատճառ չէր, այլ միայն առիթ՝ թագավորների համար պատերազմելու  հանուն ունեցվածքի. (Էս գյուղերը հարկ են տալի// Ամեն մինը մի արքայի)։  Երկու թագավորներն էլ պատերազմելու իրենց որոշումները ներկայացնում է գեղեցիկ փաթեթավորմամբ . «Ու Աստուծով Մեծակարող», «//Հանուն պատվի, արդարության,//Հանուն թափված անմեղ արյան,//Հանուն ազատ մեր աշխարհքի,//...— Հանուն արդար ու սուրբ ոխի ) ։ 

Բանաստեղծի խաղաղության դավանանքն  է՝ չլինել նախահարձակ, բայց ցանկացած հարձակում ընդունել արժանապատիվ ու անզիջում պայքարով։ Լոռեցիների անունից  Ղազախի թուրքերին ուղղված  կոչում Թումայնանը հայտարարում էր, որ չեն ցանկանում կռվել, որովհետև «Եթե ուժեղ ենք ¬ անիրավություն է, եթե թույլ ենք, հիմարություն է... իսկ եթե նրանք մեզ չեն լսիլ և կհարձակվեն մեր գյուղերի վրա ... մենք ինքներս կգնանք նրանց դեմ և անխնա»։ Բազաթիվ են  թուրքերի դեմ «պացիֆիստ» Թումանյանի զինված պայքարի մասին վկայությունները։ Բերենք միայն մի քանիսը. 
1.1989թ. գարնանը 20-ամյա Թումանյանը վաճառում է իր ամառային վերարկուն, զենք գնում, որպեսզի  ազատագրի Արևմտյան Հայաստանը։
2.1905-06թթ. բանաստեղծը Լոռու գյուղերում կազմում է զինված հեծյալների  խմբեր թուրքերի դեմ գնալու համար։ 
3 . Հայ-թուրքական ընդհարումների ամենաթեժ օրերին (1905-06թթ.) կազմակերպում է զենքին լավ տիրապետելու մրցույթներ, «զորավարժություններ», անձամբ մասնակցում և  շահում առաջին մրցանակը՝ որպես հրացանաձիգ։ 
4. «159¬ի գործի» քննչական նյութերում Թումանյանի անունը հիշատակվում է զենքի ընդունման և տարածման մատյանում։  
5.   1905թ. դեկտեմբերի 5-6-ին  բանաստեղծը Քոլագերան կայարանում անձամբ է դիմավորում ռուսական Սևերսկի գունդը և այդ գնդի ու զենքի միջոցով կազմակերպում հայերի ինքնապաշտպանությունը։
6. 1914 և 1915թթ. Թումանյանը զենքով է գնացել Արևմտյան Հայաստան։
7. 1918թ.մայիսի 25-30-ին բանաստեղծը  Ղարաքիլիսայում էր և տնօրինում էր զենքի բաշխման աշխատանքները։
8. 1920թ.Քեմալական Թուրքիան սեպտեմբերի 28-ից ծավալեց վճռական ռազմական գործողությունները։ 2 օր անց 51-ամյա Թումանյանը գրում է. «Էսօր քիչ էր մնում, թե ճանապարհ ընկնեի դեպի ֆրոնտը», սակայն չի հասցնում, քանի որ նույն օրը հանձնվում է Կարսը, և սկսվում է հայկական զորքերի նահանջը։  

Հայ դարավոր թշնամին Թումանյանի ընկալումներում

Դեմ առ դեմ թուրքի գազանություններին նա  առերեսվեց հենց 1905-1906 թթ. իր խաղաղարար առաքելության օրերին . 1905թ. երկու ամսում  (նոյեմբեր-դեկտեմբեր) բանաստեղծն ապրեց «Չինգիզ խանի ու Լենկ Թեմուրի դարերը»։ «Հիրավի, -ասում է Թումանյանը,- այսքան տգեղ, այսքան լիրբ, այսքան անիրավ, հրեշական կռիվ, ինչ-որ թուրք-հայկականն է - դժվար թե եղած լինի։ Գուցե նախապատմական ժամանակներում, երբ մարդիկ իրար ուտում էին»։ 

Մարդ-գազան

Թումանյանի ստեղծագործություններում բազմիցս արծարծվում է մարդ-գազան թեման։ Նախատիպը թուրքն էր։ Դ. Դեմիրճյանի հավաստիացմամբ, ամեն անգամ, երբ  բանաստեղծը պատմում էր թուրքերի գազանությունների մասին. «Ձայնի մեջ դողում էր նույն ատելությունը»։      Թումանյանը  երբեք չի վստահել թուրքի ո՛չ  խոսքին, ո՛չ խոստումներին. « Ես չեմ հավատացել ու չեմ հավատում թուրքի բարի հայտարարություններին», «Թուրքիան մնում է նույն հին Թուրքիան»։ 
1914թ. դեկտեմբերին և 1915թ. գարնանը Թումանյանը  Արևմտյան Հայաստանում էր, և իր աչքերով է տեսել «ավերակների ու դիակների աշխարհը»։ Բերանն արնոտ անբան մարդակերը նույնպես  թուրքն է։ Եվ 1000 դարում  Մարդակերից հազիվ Մարդասպան դարձած թուրքը դեռ հեռու է Մարդ դառնալուց։ Նույն միտքը տեսնում ենք և «Հոգեհանգստում» (Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա…)։  Թումանյանը վստահ էր, որ դեռ հեռու է մինչև Մարդը թուրքի ճամփան, և ընդհանրապես հույս չուներ, որ թուրքը կթողնի իր թրքությունը։  Թուրքի հանդեպ այլ մոտեցում չէր կարող ունենալ մի բանաստեղծ, որին առաջնորդողը ազգային գաղափարախոսությունն էր։  Նժդեհը հայոց սրբազան լեռը՝ Մասիսն էր համարում հայ հոգու դայակը։ Պատահական չէ, որ մենք տեսնում ենք բիբլիական Արարատի խորհրդանիշը 1915թ. գրված «Հայրենիքիս հետ»-ի տողերում. «Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,// Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին»։  Արարատի լանջին է հայ ժողովրդի ապագան, «նոր ու հզոր» հայրենիքի տեսլականը, Մասիսի շուրջը պիտի ազգը կերտի իր ապագան մեծ համախմբումի միջոցով։ Հայրենիքի աշխարհագրությունը չպետք է փոխվի։ Այսպիսով աշխարհասփյուռ  հայության հայացքը բանաստեղծը սևեռում է դեպի բիբլիական  սարը։ 

***
1923թ. մարտի 23-ին Մոսկվայի հիվանդանոցում հոգեվարքից մեկ-երկու ժամ առաջ  վաղ առավոտյան Ամենայն հայոց բանաստեղծը արտաբերեց իր վերջին նախադասությունը՝ ուղղված ինչպես զավակներին, այնպես էլ իր ժողովրդին ու առհասարակ մարդկանց՝ «Ղոչա՛ղ կացեք»։ Բազում փոթորիկների ու աղետների, ազգային ու անձնական ողբերգությունների միջով անցած բանաստեղծը, ով առաջիններից էր , որ  ի պաշտպանություն Արցախի իր կազմակերպած հանրահավաքում ի լուր աշխարհի հայտարարեց, որ  «Ղարաբաղը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում», կյանքից հեռանալիս պատգամեց քաջ ու խիզախ լինել։

Սուսաննա Հովհաննիսյան