Եթե չկա քննադատություն, ուրեմն դուք արթնացել եք Հյուսիսային Կորեայում

Եթե չկա քննադատություն, ուրեմն դուք արթնացել եք Հյուսիսային Կորեայում

Վարչապետը երեկ կառավարության նիստին ակնարկեց, թե տնտեսական աճի բարձր ցուցանիշ ենք ունենալու։ Բայց չցանկացավ ժամանակից շուտ այդ մասին հայտարարել։
 

«Թե մեր երկրում տնտեսությունը ոնց ա զարգացել, 15 րոպեից կիմանաք, որովհետեւ տնտեսական աճի ցուցանիշը, համախառն ներքին արդյունքի ցուցանիշը պետք է հրապարակվի ժամը 12-ին, եւ պետք է խոստովանել, որ ոչ մեկը մինչեւ էս պահը չգիտի, կամ էլ պարոն Մնացականյանը գիտի, բայց մեզ չի ասում, որ տրամադրություններս շատ չբարձրանա»,- ասաց վարչապետը։ 15 րոպե անց հրապարակվեց թիվը՝ 2019 թ․ ունեցել ենք 7.6 տոկոս ՀՆԱ աճ՝ ըստ Մնացականյանի ղեկավարած ԱՎԾ տվյալների։ Հիշեցնենք, որ խոսքը վիճակագրական կոմիտեի երկարամյա ղեկավար Ստեփան Մնացականյանի մասին է, որը հեղափոխական կառավարությունում նախկիններից մնացած «էքսպոնատ» է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հումորներ էր անում, քննադատում՝ կասկածի տակ դնելով նրա «նկարած» վիճակագրական ցուցանիշների իսկությունը։ Հիմա մենք ազգովի պարտավոր ենք հավատալ մի մարդու հրապարակած թվերին, որոնք նախկինում հենց ինքը՝ Փաշինյանն էր կասկածի տակ դնում։

Հիմա ինչո՞ւ պետք է հավատանք Ձեր հրապարակած ցուցանիշներին՝ նիստից հետո հարցրինք պարոն Մնացականյանին, որը 1998 թ․-ից այս պաշտոնին է, իսկ հեղափոխությունից հետո եւս 6 տարի ժամկետով վերանշանակվեց։ «Որովհետեւ ցուցանիշները հաշվարկվում են միջազգային ստանդարտին համապատասխան, իսկ Հայաստանի վիճակագրական կոմիտեն դեռ 2003 թ․-ից հանդիսանում է աշխարհում վիճակագրության ամենախիստ՝ տվյալների տարածման հատուկ ստանդարտի ներքո եւ ամենամսյա մշտադիտարկման տակ է գտնվում, եւ տարեկան հաշվետվություն է հրապարակվում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից»,-ասաց նա՝ բոլոր հարցերին փորձելով գիտական բացատրություն տալ։

- Այդ դեպքում ինչո՞ւ նախկինում չէին վստահում Ձեր ներկայացրած ցուցանիշներին, հիմա պետք է վստահենք։

- Հիմա էլ կան, որ վստահում են կամ չեն վստահում, էդ մասին պարզաբանում ներկայացված է։ Երբ որ ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված ազատական տնտեսակարգով երկրներում որեւիցե վիճակագրական պաշտոնական ցուցանիշ է հրապարակվում, դա մեկ օգտատիրոջ կամ սպառողի համար լավ լուր է, մյուսի համար՝ վատ լուր, երրորդի համար արժեք չունի։ Խոսքի ազատություն է։ Եթե չկա քննադատություն, ուրեմն դուք արթնացել եք Հյուսիսային Կորեայում։

- Բարեբախտաբար, Հայաստանում ենք արթնանում, բայց ես այլ բան էի հարցնում, որ միշտ ԱՎԾ-ին մեղադրում են թվեր նկարելու մեջ։ Դուք երբեք թիվ նկարած կա՞ք։

- Դա ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ տեղեկատվությունը հավաքագրվում է ռեսպոնդենտներից, այսինքն՝ տեղեկատվական աղբյուրներն են, որոնք ներկայացվում են։ Այլ հարց է, որ տեղեկատվական աղբյուրներում երբեմն լինում են ոչ որակյալ տեղեկություններ, այս իսկ պատճառով էլ միջազգային վիճակագրական պրակտիկայում ընդունված է, որ սկզբից հավաքագրվում են շտապ հավաքագրված օպերատիվ տվյալները, այնուհետեւ՝ վերանայված տվյալները, եւ 2-3 տարի հետո՝ ՀՆԱ-ի վերջնական ցուցանիշները, երբ որ տեղեկատվության այլ աղբյուրներ ավելի հասու են։

- Դուք մեթոդիկան եք բացատրում, ես լրիվ այլ հարց նկատի ունեմ․ ես՝ որպես քաղաքացի, ինչո՞ւ պետք է վստահեմ այն Ստեփան Մնացականյանի ներկայացրած թվերին, որին նախկինում քննադատում էր ներկայիս վարչապետը։

- Դա Ձեր իրավունքն է՝ ինքնուրույն որոշում ընդունելու։ Ազատությունն այն է, երբ որեւիցե մեկն իրավունք չունի որեւիցե մեկին ստիպելու՝ հավատալ կամ չհավատալու ինչ-որ բանի։

- Իսկ վարչապետին պե՞տք է հավատամ, ով նախկինում մի բան էր ասում, այսօր՝ այլ բան։

- Էդ հարցին ես չպետք է պատասխանեմ։ Նոր ես ասացի՝ Դուք ինքնուրույն պետք է եզրակացություն անեք, ոչ մեկն իրավունք չունի Ձեր կարծիքի վրա ճնշում գործադրել։

- Ես հիշում եմ, երբ Դուք նոր կառավարության օրոք վերանշանակվում էիք այս պաշտոնում, Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց վիճակագրության մասին, որ կա սուտ, կա լկտի սուտ եւ կա վիճակագրություն։ Հիմա Ձեր ներկայացրած վերջին վիճակագրությանն ինչպե՞ս վերաբերվենք։

- Նման արտահայտություններ շատ կան, հատկապես ժողովրդավարական սկզբունքների վրա խարսխված երկրներում, ժամանակին Ուինսթոն Չերչիլն ասում էր՝ կառավարման ամենավատ ձեւը դեմոկրատական կառավարման ձեւն է՝ չհաշված կառավարման մնացած բոլոր ձեւերը։ Այսինքն՝ խոսքն ինչին էր վերաբերում, որ, վերջին հաշվով, մարդիկ պետք է ազատ կարծիք ունենան։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է պետությունը ստեղծի մի այնպիսի մեխանիզմ, որը միջազգային մեթոդաբանության հիման վրա կարողանա իրականությունը ներկայացնել։ Որովհետեւ իրականությունն այն է, ինչին բոլորն են նայում, ոչ թե այն, ինչ յուրաքանչյուրն է տեսնում։

- Դուք 1998-ից այս պաշտոնին եք։ Դիսկոմֆո՞րտ չէ Ձեզ համար, երբ ներկայիս կառավարության ղեկավարը քննադատում, փնովում է նախկիններին։

- Դե, դա անձնական, սուբյեկտիվ ընկալման հարց եք տալիս՝ կոմֆորտ է, թե դիսկոմֆորտ։ Տարբեր են։ Շատ հետաքրքիր գիտական գործունեություն է, այդ թվում՝ միջազգային մակարդակով, որովհետեւ ես միաժամանակ հանդիսանում եմ Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի փոխնախագահը․․․

- Դուք իմ բոլոր հարցերին «գիտականորեն» պատասխանեցիք, ուզում եմ հասկանալ՝ Ձեզ մոտ երբեւէ հարց առաջացե՞լ է, թե ինչու պետք է այս իշխանությունը Հրայր Թովմասյանից ազատվի, իսկ Ձեզանից՝ ոչ։

- Դա արդեն քաղաքական հարց է, կներեք, դա ինձ չի վերաբերում, ես չեմ պատասխանի։ Դա անձնավորված, կոնկրետ հարց եք տալիս, ես ներողություն եմ խնդրում, Ձեր հարցին չեմ պատասխանի։