Երևանի բյուջեի ծախսային մասը խայտառակ թերակատարվել է

Երևանի բյուջեի ծախսային մասը խայտառակ թերակատարվել է

Հանրային քննարկման է ներկայացվել Երեւան քաղաքի 2019 թ. բյուջեի կատարողականը, որը ենթադրում է՝ որքան եկամուտ է հավաքագրվել եւ նախատեսված ծախսերից որքանը կատարվել։ Եթե եկամուտների մասով քաղաքային իշխանությունը կատարել է իր առջեւ դրված պլանը, ապա  ծախսային մասը, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի բնորոշմամբ, խայտառակ թերակատարվել է։

Ըստ նրա՝ Երեւանի պատմության մեջ ամենամեծ ծախսային թերակատարումն է գրանցվել, այն գերազանցում է անգամ 2018-ի հետհեղափոխական անցումային շրջանին, երբ որոշ ժամանակ մայրաքաղաքը քաղաքապետ չուներ, եւ որոշ ծախսեր օբյեկտիվորեն չէին կատարվում, մրցույթներ չէին հայտարարվում։ 2019-ի կատարողականի ծախսերը կատարվել են 70 տոկոսով, թերակատարվել՝ 30․ «Երբ իշխանություններն ասում էին, որ մենք զբաղվում ենք ոռոգման ցանցով եւ այլնով, հիմա մենք տեսնում ենք, որ ոռոգման ցանցի կառուցման եւ վերանորոգման նախատեսած ծախսերից շուրջ 70 տոկոսը չի իրականացվել, նախատեսվել է շուրջ 154 միլիոն դրամ, բայց ծախսվել է 50-ը։ Տոնական ձեւավորման հետ կապված՝ միշտ խոսվել է, որ քաղաքը պետք է համաչափ տոնի Ամանորը, բայց մենք հիշում ենք, որ հիմնականում Հանրապետության հրապարակում կենտրոնացվեց ձեւավորումը, այն պարագայում, երբ ավագանին նախատեսել էր 50 միլիոն դրամի չափով բոլոր վարչական շրջաններում տոնական ձեւավորում ապահովել։ Այս մասով ծախսերը նույնպես զրո են, մրցույթ չի հայտարարվել։

Բակային տարածքների, սիզամարգերի ստեղծման, կանաչապատման մասով էլ ծախսերը թերակատարվել են 50-60 տոկոսի չափով։ Պատճատը հետեւյալն է․ նախատեսված մրցույթները չեն կատարվել, իսկ քաղաքապետարանի հիմնական գործառույթը մրցույթների հայտարարումն ու դրանց հետեւելն է։ Որեւէ մեկը չի կարող սա արդարացնել՝ ասելով, որ խնայողություն է եղել, մրցույթ են հայտարարել, եւ կապալառուներն ավելի էժանով են շահել, որովհետեւ այդ տարբերությունը կարող է կազմել 20-30 տոկոս, ոչ ավելի։ «Հանգստի գոտիների պահպանում եւ կառուցում» հոդվածի տակ ավագանին նախատեսել էր ծախսել 421 միլիոն դրամ։ Քաղաքապետարանը ծախսել է ընդամենը 183 միլիոնը, այսինքն՝ բազմաթիվ հանգստի գոտիներ, զբոսայգիներ, որոնք պիտի ստեղծվեին կամ բարեկարգվեին, պարզապես չեն ստեղծվել։

Ինչո՞ւ, որովհետեւ քաղաքապետարանն այս մրցույթները չի հայտարարել եւ հետեւողականություն չի ապահովել։ Նույնը վերաբերում է հուշարձանների վերանորոգմանը, նախատեսվել է գումար, բայց այստեղ ունեն կրկին միլիոնների թերակատարում։ Մենք ունենք ծախսային հոդված, որ մանկապարտեզների համար 150 միլիոն դրամի չափով գույք պետք է ձեռք բերենք, դա կիսով չափ է իրականացվել՝ 72 միլիոն։ Սրանք անհրաժեշտ ծախսեր են, եւ չեն կարող ասել, թե պետք չէր դրանք անել։ Ունենք բազմաթիվ մանկապարտեզներ, որոնք հիմնանորոգելու անհրաժեշտություն ունեն, ավագանին նախատեսել էր 1 միլիարդ 397 միլիոն դրամ, ծախսվել է ընդամենը 125 միլիոնը, եւ այս հոդվածներն ընթացքում  վերաբաշխվել են այլ ծախսային հոդվածների կամ մնացել են հաջորդ տարվա վրա։ Հիմա էլ իրենք այս կուտակված գումարները վերցրել են ու ասում են՝ վերելակներ ենք վերանորոգելու, իսկ մանկապարտեզները, խաղահրապարակներն ո՞վ պետք է կառուցի»։ Հանրային քննարկումը կավարտվի փետրվարի 26-ին, մարտի 19-ին էլ կքննարկվի ավագանու նիստում։