Երբ մամուլը դառնում է իշխանությունների թիվ մեկ թշնամին

Երբ մամուլը դառնում է իշխանությունների թիվ մեկ թշնամին

Այս տարին անցնելու է ազատ ԶԼՄ-ների եւ հայտնի «մեդիափեսայի» դեմ պայքարի, նոր իշխանության մեդիամոնստրեր ստեղծելու դրոշի տակ։ Սա ծայրահեղ իրավիճակ է, որպիսին Հայաստանում դեռ չի եղել։ 

ԶԼՄ-ների դեմ պատերազմը հայտարարվեց դեռ անցյալ տարի, «Հինգերորդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությամբ, ապա շարունակվեց Փաշինյանի կնոջ թերթի հայտնի հրապարակումով, որի համար ցանկացած այլ թերթի պարզապես դատի կտային ու կշահեին դատը։ «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ»,- հարցնում է հեղինակը վերնագրում, ապա «բացահայտում» է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնի կապերը կայքերի հետ։ Կարծես, կայքերի հետ կապ ունենալն անպատվաբեր գործ լինի։ Վարչապետի կնոջ թերթը մերկապարանոց պնդում է անում, թե վարչապետի ընտանիքի դեմ հակաքարոզչություն է պատվիրված։ Ո՞րն է հակաքարոզչության ու օբյեկտիվ քննադատության սահմանը, չի ասվում, եւ այս պարագայում ամեն մի նյութ, որտեղ մամուլն իր բնական առաքելությունն է կատարում, այսինքն, քննադատում է կառավարությանը, ընկալվում է որպես հակաքարոզ, հետեւապես, ինչ-որ կեղտոտ բան։ Մի քանի լրատվամիջոց այս հրապարակումից հետո ուղղակի թիրախավորվեցին եւ այժմ ստիպված են աջ ու ձախ բացատրել, որ իրենք ԶԼՄ են, ոչ թե ուղտ կամ ծառայություն մատուցող արջ։ 

Հաջորդ հարձակումը աուդիտի նշանակումն էր հեռուստաընկերությունների ռեյտինգներ չափող ընկերությունում՝ «Ադմոսֆերում»։ Ընկերությունն այս, իրոք, մենաշնորհային կարգով է չափումներ կատարում, միաժամանակ հանդիսանալով նաեւ գովազդի բաշխող, ունենալով նաեւ փոխկապակցված հեռուստաընկերություններ, որոնք, որպես կանոն, ռեյտինգների առաջին տողերում են։ Չափագրողի աուդիտ նշանակելը չէր ընկալվի որպես «նախկինների» մեդիակայսրության դեմ հերթական քայլ, եթե հակառակ կողմում յուրայիններին ահռելի արտոնություններ չտրվեին։ Հանրային հեռուստաընկերությանը, որն առանց այդ էլ բյուջեից մեծ գումարներ է ստանում, ուզում են վերադարձնել նաեւ գովազդ տեղադրելու իրավունքը։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այն խլել էին վերջինիցս, «Արմենիայի» համար մրցակցային առավելություն ստեղծելով, եւ Հանրայինի աշխատանքային պայմանները վատացել էին, չնայած պետբյուջեից գովազդը գերազանցող գումար էին տրամադրում։

Այսօր, ահա, Հ1-ը կրկին վերադառնում է նախկին դիրքերին՝ այն իշխանավորների սիրելին է եւ այս առումով մրցակցությունից դուրս։ «Խնդիր է, երբ հեռուստաընկերությունն է իր համար ընտրում քաղաքական ուժ ու սկսում գովազդել այն: Կարծում եմ՝ նման հեռուստաընկերությունների անուններ բոլորս գիտենք, հիմա անուններ չեմ տա»,- հունվարի 16-ին նշեց Հովհաննես Մովսիսյանը՝ ԱԺ-ում հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված լսումների ժամանակ, մոռանալով, որ իշխանությունը եւս քաղաքական ուժ է, որն ունի իր «քաղաքական» ԶԼՄ-ները, եւ այս կոնտեքստում ով ում է ընտրել հարցը զուտ բարոյական է։ Այս իմաստով իրավիճակը հեղափոխությունից առաջ ու հետո նույնն է։ Մեկ տարբերություն, թերեւս․ նախկինում մամուլը ճնշում էին խորամանկ ձեւերով, վերահսկողությունը տոտալ էր, բայց ոչ բացահայտ։ Արտաքուստ ամեն ինչ բարեհաջող էր, եւ թեթեւ ալեկոծումները, «Ա1+»-ը փակելը կամ առանձին լրագրողների ծեծել, ճնշելը, գործից հանելը ընկալվում էին որպես ծայրահեղություն, ոչ նորմա։ Այսօր նորման հասարակական պարսավանքն է նրանց դեմ, ովքեր համարձակվում են իշխանություններին ոչ հաճո նյութեր տպել։ Այլ կերպ ասած, լրագրողներն առաջվա համեմատ ազատ են, բայց այդ ազատությունը պետք է տեղավորվի միայն մեկ քաղաքական ուժի նախանշած հունի մեջ։ Հակառակ դեպքում հայտարարվում ես «բոբո» ու սեւերի լրատվամիջոց, որի նպատակը միայն կարող է հակաքարոզչությունը լինել։  

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Հրայր Թամրազյանը երեկոյան վերլուծական ծրագրի մեկուկես ժամանոց եթերի մեկ ժամը նվիրել էր «բոբո» ԶԼՄ-ների դեմ պայքարին։ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը խոսում էր կասկածելի «բլոգային հարթակների» ու կայքերի մասին, ապա ասաց․ «Հանրային խորհրդում կա տեղեկատվական անվտանգության հանձնաժողով, այդ հանձնաժողովում լրատվական հոսքերի խնդիրները պետք է դնենք, որովհետեւ մենք պատասխանատու ենք մեր հանրության ինֆորմացիոն անվտանգության հանդեպ, հանրությունը պետք է պաշտպանված լինի ինֆորմացիոն մանիպուլյացիաներից»։ Հետո Թամրազյանը երկար-բարակ վերլուծեց վարչապետի կնոջ թերթի հոդվածը պատվի մասին, ապա փորձեց հարցակոխ անել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին՝ լրագրողներին պատասխանատվության կանչելու թեմայով, ու թվաց, թե այսօր Հայաստանում չկա ավելի կարեւոր ու մեծ հարց, քան լուրեր տարածողներին պատժելը։ Հետաքրքիր զրույց ընթացավ Թամրազյանի ու Հակոբյանի միջեւ։ 

«Ի՞նչ եք պատրաստվում անել, ի՞նչ եք անելու, այս լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկություններ են հրապարակում, որեւէ պատասխանատվության ենթարկվո՞ւմ են, դուք ունե՞ք լծակներ, որ այդ քարոզամիջոցներին կարգի հրավիրեք, եթե ոչ պատժեք, այլ ինչ-որ մի, ձեր ղեկավարած կառույցի լիազորությունների շրջանակում, ինչ-որ մի տուգ․․․, ինչ-որ մի գործողություն իրականացնեք»։ «Ոչ, չունենք»,- պատասխանում էր Տիգրան Հակոբյանը, ցավով նշելով, որ եթե ունենար, ոչ թե մտահոգություն կհայտներ, տեքստեր կգրեր, այլ կօգտագործեր իր լիազորությունները։ Նա հիշեցնում էր, որ այլ երկրներում այդ հոսքերից պաշտպանող օրենսդրական կարգավորումներ կան, իսկ մեզ մոտ որեւէ նորմ չկա։ Հանրային հանձնաժողովի ղեկավարն ասում է․ «Երբ իշխանությանը հարվածում են գոտկատեղից ներքեւ, նա պետք է դիմանա ու կարողանա պատասխանել, խնդիրը հասարակության աշխարհընկալումն է»։ Բայց Թամրազյանը չէր հանգստանում։ Նա հիշեցրեց Աննայի թերթի հայտնի հոդվածը պատվի մասին։ «Արդյոք նման հրապարակումները հանձնաժողովի մշտադիտարկման տա՞կ են։ Այնտեղ նշված է, որ ԱԱԾ պետը կապված է ինտերնետ հարթակի հետ, ձեզ ծանո՞թ են այդ աղբյուրները»,- հարցաքննում էր Թամրազյանը Հակոբյանին, կարծես, Հակոբյանն ԱԱԾ աշխատակից է։ «Ոչ, Ձեր հարցադրումների հասցեատերը ես չեմ, մենք չենք մշտադիտարկում քաղաքական բովանդակությունը, մենք մշտադիտարկում ենք միայն հեռուստառադիոհաղորդումների բովանդակությունը»,- պատասխանում էր Տիգրան Հակոբյանը, զրույցը տանելով պետության ինստիտուտի հակաթույն ունենալու անհրաժեշտության կողմը։

Զավեշտ էր զրույցի ավարտը։ Հռոմի պապից կաթոլիկ Հրայր Թամրազյանը, հրաժեշտ տալով ՀՌԱՀ նախագահին, ասաց․ «Թող ձեր կառույցը զորանա, եւ ընդարձակվեն լիազորությունները, որ դուք կարողանաք բարեփոխել մեդիադաշտը», ինչին Հակոբյանը պատասխանեց․ «Հեռարձակող ընկերության ղեկավարը չպետք է այդպիսի բան ցանկանա, որովհետեւ մեր լիազորությունների մեծացումը դժվարացնում է ձեր աշխատանքը»։