Ադրբեջանական մարդասպան Սաֆարովը պետք է վերադառնա պատժախուց․ ՄԻԵԴ-ը վերահաստատել է

Ադրբեջանական մարդասպան Սաֆարովը պետք է վերադառնա պատժախուց․ ՄԻԵԴ-ը վերահաստատել է

Հոկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննարկելով Մեծ Պալատի կողմից  «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճռի վերանայման հնարավորությունը, բացառել էր այն՝ կարևորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Սա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։

Դատավճիռը վերաբերում է 2004թ. փետրվարին 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների ժամանակ Ադրբեջանը ներկայացնող հատուկ պատրաստություն անցած ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնով հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությանը և մեկ այլ հայ սպա Հայկ Մակուչյանին սպանելու փորձին: Մակուչյանն այս գործով նույնպես տուժող էր ճանաչվել։

ՄԻԵԴ-ը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածի ((Ազգային) Խտրականության արգելում) խախտում էր արձանագրել։ Այս վճիռը հերթական հարվածն է Ադրբեջանի դեմքին։


ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս գործի պատմական արժեքը և բարձր իրավական նշանակությունն այն է, որ առաջին անգամ արձանագրվում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը, և սա կատարվում է դատական ակտի միջոցով։ 

«Մենք, իհարկե, ունենք բազում փաստեր, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության հովանավորության ներքո խախտվում են հայերի իրավունքները, և դա բացառապես տեղի է ունենում էթնիկ հիմքով, սակայն այս փաստերն ամրագրող և դրանց հետագա վիճելիությունը բացառող միջազգային դատական ակտեր մենք չենք ունեցել։ Եվ այս գործը իրավական առումով արձանագրում է այս իրողությունը և նաև դրանով իսկ կաշկանդում է քաղաքական դերակատարներին։ Այսուհետ հայ-ադրբեջանական հարաբերություններում ելակետը նա է լինելու, որ հայերը քաղաքական հովանավորությամբ ենթարկվում են խտրականության, ևս արմենաֆոբիան իրականություն է։ Սա ունի երկու կոմպոնենտ։ Նախ, որ կոնկրետ տուժողի իրավունքների խախտման վերացման հարց է առաջ գալու, իսկ դրա միակ ճանապարհը մարդասպանին հետ՝ պատժախուց ուղարկելն է, և իր կատարած արարքի համար պատասխանատվությունն ապահովելն է։ Բայց երկրորդ առավել ընդհանուր նշանակությունն այն է, որ Եվրոպական կառույցների հսկողության ներքո Ադրբեջանը պետք է վերացնի իր հակահայկական քաղաքականությունը։ Պետք է հատուկ դրական միջոցառումներ ձեռնարկի սեփական երկրում հայերի նկատմամբ վերաբերմունքը փոփոխելու համար։ Եվ այս գործընթացները մշտապես պետք է դիտարկվեն և վերահսկվեն եվրոպական կառույցների կողմից, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից, որը վճիռների կայացման առաջին պատասխանատու օղակներից մեկն է»,- ընդգծեց իրավաբանը։

Հարցին, թե ադրբեջանցի մարդասպանը պետք է պատիժը կրի Ադրբեջանո՞ւմ, թե՞ այդ երկրից դուրս, պատասխանեց, որ այս հարցերն իրենց հանգամանալի քննարկմանն են արժանանալու Նախարարների կոմիետում, որովհետև սկզբնական փուլում նախ պետութունն է ներկայացնում իր պատկերացումները վճիռների դրույթների կատարման առընչությամբ, և այստեղ միջամտելու հնարավորություն ունեն դիմումատուները, Եվրախորհրդի այլ երկրները։ «Եվ քննարկումների արդյունքում ի հայտ է բերվելու այն լավագույն միջոցը, որը կյանքի կկոչի լիարժեքորեն վճռի դրույթները։ Մենք ունենք համոզմունք, որ իրատեսական չէ պատժի իրական կրումն Ադրբեջանում, և թեև հսկողական մեխանիզմենի ուժեղացման միջոցով կարելի է մոնիտորինգ անել, բայց դա շատ ծախսատար և գործնականում նաև ոչ արդյունավետ կարող է լինել՝ մշտապես դիտորդական խմբերը այցելություն կատարեն, որպեսզի վստահ լինեն, որ պատժախցում է, նույն հիմունքներով է կրում։ Այս մեծ քաղաքականության գոյության պայմաններում դժվարություններ  կառաջանան՝ նախ մեխանիզմը ստեղծելու, այնուհետև՝ իրացնելու հետ կապված, ուստի իրատեսական լուծում ենք համարում Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ երկիր ուղարկելը, որտեղ պատժի կրումն իրատեսական կլինի»,- շարունակեց Սահակյանը։ 

Հարց. իսկ այս որոշումը կարո՞ղ է խնդիրներ ստեղծել Հունգարիայի համար, քանի որ տեսանք նաև, որ Հունգարիան այս պատերազմի ընթացքում պրոադրբեջանական դիրքորոշում էր հայտնել։

Սիրանուշ Սահակյանի խոսքերով՝ Հունգարիայի հետ կապված Եվրադատարանն ավելի պահպանողական է եղել, քանի որ համագործակցությունը հիմնվել է միջազգային իրավական փաստաթղթի վրա, պատիժ կրող անձնանց փոխանակման եվրոպական կոնվենցիա գոյություն ունի, որը որոշակի հիմքեր է նախատեսում, որոնց առկայության պարագայում  քրեա-իրավական ոլորտում համագործակցություն է լինում։ «Եվրոպական դատարանի համոզմունքն այն էր, որ Հունգարիան չէր կարող ելնել Ադրբեջանի անբարեխիղճ գործելու կանխավարկածից և կարող էր վստահել, որ քաղաքական նպատակներով չի չարաշահվի գործիքը։ Թեև այս հարցում Հունգարիան սխալվել է, բայց Հունգարիայի պատասխանատվությունը դատարանը չի ճանաչել։ Ուստի այս հարցերի հետ կապված Հունգարիայի պատասխանատվության խնդիր դրվել է, բայց չի հաստատվել։ Մեր շեշտադրումը բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Կատարման հետ կապված․ քանի որ Հունգարիան պարբերաբար աջակցություն է հայտնում ադրբեջանական իշխանությունների գործողություններին, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի վարմանը, միգուցե քննարկվի Սաֆարովի հետ վերադարձը, ոչ թե Հունգարիա, այլ ուղարկումը մեկ այլ երկիր, որը չեզոք դիրքերից հանդես կգա, և կկարողանա երաշխավորել, որ պատժի կրումը հետագայում էլ չի ձևախեղվելու այլ միջոցներով։ Կարծում եմ՝ այս գործողությունով Հունգարիան իրեն բացառեց այն երկրների ցանկից, որոնք չեզոք կարող էին լինել»,- պարզաբանեց իրավապաշտպանը։

Հարց. իսկ, թե մոտավորապես ե՞րբ քննվի Սաֆարովին տեղափոխելու, պատիժը կրելու հարցը, և արդյո՞ք այս վճիռը կարող է գործոն լինել այս պատերազմի ընթացքում ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների գնահատման արդյունավետության հարցում։

Ըստ փաստաբանի՝ կոնֆլիկտի ընթացքում չի կարող տարբեր արտաքին դերակատարների կողմից առաջարկվել այնպիսի լուծում, որը ենթադրելու է Արցախի բնակչության համագոյակցումը ադրբեջանական իշխանությունների հովանու ներքո, և այս հարցերի պատասխանը վճիռը տալիս է՝ արձանագրելով պետության հակահայկական քաղաքականությունը. «Բացառվում է խմբին մեկ այլ պետության ղեկավարության ներքո թողնելը, որովհետև իրավական առումով կա «անջատում հանուն փրկության» դոկտրինը, որը հիմնավորում է ինքնորոշվող ժողովրդի բացարձակ իրավունքի լուծումը առաձնանալու մասով, երբ ենթարկվում է ճնշումների, իսկ  ճնշումների ենթարկման ամենավտանգավոր ձևն էթնիկ հիմքով տարաբնույթ խտրականությունների ենթարկվելն է։ Ուստի այս վճիռը բացառելու է Արցախի բնակչության գոյությունն ադրբեջանական իշխանությունների ներքո, քանի որ անվտանգության խնդիրներն արդեն իսկ հաստատված են վճռով»։

Այս վճիռը, ըստ Սահակյանի, նաև նշանակություն կունենա հայերի և ադրբեջանական պետության վեճերի կապակցությամբ, հետագա գործերով ավելի հեշտ կհիմնավորվի խտրականության հոդվածը, քանի որ դատարանը, հենվելով նախկինում հաստատված փաստերի վրա, դրանց կտա նախադեպելիություն, և ապացուցման բեռը և շեմերն ավելի մեղմ կլինեն, քան այս սկզբնական գործով, ուստի ավելի հաջողակ ձևով Եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ գործեր վարելու հնարավորություններն են ընդլայնվում, և այս երկու պրիզմայով պետք է տեսնել գործի ազդեցությունը։

Ժամկետների մասով փաստաբանն ասաց, որ որպես կանոն վճռի կայացման քննարկումները տեղի են ունենում վճիռը ուժի մեջ մտնելուց 3-6 ամիս անց, և Նախարարների կոմիտեում քննարկումների արդյունքներով կհասկացվի, թե ինչ չափով է դա անհապաղ կատարվել, բայց ներկայումս ուժեղացված է վճիռների կայացման ընթացակարգը, և եթե պետությունը միտումնավոր հրաժարվում է կատարելուց, ընդորում՝ դրա դրսևորման ձև կարող են լինել պարբերական ձգձգումները, ապա Նախարարների կոմիտեն կարող է այս հարցով դիմել Եվրոպական դատարանն, և եթե դատարանը հարցը քննարկի և արձանագրի «միտումնավոր կատարումից հրաժարվել», սա հանգեցնելու է պարտադիր սանկցիաների։  «Ասեմ, որ Ադրբեջանում ընդդիմադիր գործչի գործի մասով նախաձեռնվել էր նման ընթացակարգ, բայց դիմումը դատարան ներկայացնելուն պես Ադրբեջանը կատարեց վճիռը։ Եվ հիմնական մտավախությունները քաղաքական և տնտեսական ճնշումներն են, որոնց պայմաններում երկիրը և ամբողջ բնակչությունն են հայտնվում վատ դրության մեջ և կրում են բացասական հետևանքները։ Կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդն ունի անհրաժեշտ լծակներ ազդելու Ադրբեջանի վրա։ Եվ իրավիճակից կախված փափուկ միջոցներից մինչեւ ամենակոշտ գործիքները պետք է գործի դրվեն, որպեսզի այս վճիռը կյանքի կոչվի։ Եվ այստեղ այլևս միայն «Հայաստանի քաղաքացի-Ադրբեջան» հարթությունը չէ, «դատարան-Ադրբեջան» հարթությունն է։ Եթե Ադրբեջանը չկատարի դատական ակտը և դատարանը և կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, չկարողանան հակազդել այս ոչ բարեխիղճ գործընկերներին, դա հեղինակության մեծ վնաս կպատճառի դատարանին և իր հետագա գործունեության արդյունավետությունը կասկածի տակ կդնի։ Նման պայմաններում դատարանը և Եվրոպայի խորհուրդը խիստ հետևողական են լինում, որ նման պրակտիկա չձևավորվի, և դատարանի հեղինակությունն անսասան պահեն»,- եզրափակեց փաստաբանը։

2004 թվականից ի վեր այս գործով զբաղվող փաստաբան, Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանում և ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի և Հայկ Մակուչյանի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Բարձր պալատն այս որոշումն ընդունել է այն հիմնավորմամբ, որ հաշվի է առել պատժի կրման կարևորությունը, և որ 2020 թվականին մայիսի 26-ին որոշումն ուժի մեջ մտնի և անհապաղ պետք է կատարվի։ «Այսինքն՝ Սաֆարովը պետք է իր պատիժը կրի, և համաձայն իմ պահանջի՝ այս պատիժը պետք է կրի Հունգարիայում կամ այլ երրորդ երկրում և ոչ թե Ադրբեջանում»,- նշեց փաստաբանը։

Վարդանյանն ասաց, որ ինքը տրամադրված է եղել մայիսի 26-ի վճռի անհապաղ կատարմանը, և եթե նույնիսկ հայկական կողմն իր հերթին դիմած չլիներ Բարձր պալատ,  պալատը չէր ընդունելու դիմումը, քանի որ Ադրբեջանն ի սկզբանե դեմ է եղել Բարձր պալատ դիմելուն. «Բայց շնորհակալություն ՄԻԵԴ-ին, որ գնահատել են այս գործի կարևորությունը, մանավանդ այս պայմաններում, այս պատերազմական պայմաններում։ Որ հենց Սաֆարովի անպատժելիությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել կատարել այս հանցագործություները և ոգևորում է Ադրբեջանի երիտասարդությանը Սաֆարովի նման «սխրանքներ» կատարելու։ Էլի գիշերը քնած, էլի հաշմանդամ մարդկանց բռնություններ կիրառելը, դա հենց այդ ամեն ինչի շարունակությունն է։ Դրանք Սաֆարովի անպատժելիության հետևանքներն են»։

Հարցին՝ հաշվի առնելով Հունգարիայի պրոադրբեջանական դիրքորոշումը, հնարավո՞ր է դիմեք, որ Հունգարիան չլինի այդ երրորդ երկիրը, պատասխանեց. «Ես իմ 2013 թվականի բողոքում գրել էի Հունգարիա կամ երրորդ երկիր։ Հիմա Նախարարների կոմիտեն ինքը կորոշի՝ դա որտեղ կլինի։ Հունգարիան ինչքան էլ պրոթուրքական, պրոադրբեջանական լինի, իր օրենսդրության համաձայն՝ չի կարող ազատ արձակել։ Այսինքն՝ նվազագույնը 30 տարի պետք է մնա բանտում, որից հետո նոր հնարավորություն ունենա դիմելու ներման համար, բայց իր պատիժը ցմահ բանտարկությունն է։ Դրա համար Հունգարիան չունի իրավական հնարավորություն ներում շնորհելու։ Նույնիսկ Ադրբեջանը չուներ 2012 թվականին դա անելու, և Ալիևը խախտեց իր իսկ ստորագրած հրամանագիրը, որով ներում են շնորհում ցմահ բանտարկյալներին։ Եվ այդ հրամանագրի համաձայն՝ եթե ցմահ բանտարկյալին ներում են շնորհում, ապա այն կարող է փոխվել 25 տարով, ոչ թե լրիվ արդարացմամբ։ Այն էլ ինքը պետք է 10 տարի ազատազրկման մեջ լիներ, Սաֆարովը 8 տարի է եղել ազատազրկման մեջ։ Ադրբեջանը բացի եվրոպական կոնվենցիան խախտելը, նաև իր օրենսդրությունն էր խախտել»։

Արցախի և Հայաստանի ՄԻՊ գրասենյակները զեկույցներ էին կազմել այս պատերազմի ընթացքում Ադրբեջանի  կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ և ներկայացրել Եվրոպական կառույցներին։ Հարցին, թե այս վճիռն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս հարցերում, իրավաբանը պատասխանեց, որ չի ուզում Գուրգեն Մարգարյանի գործը խառնել ռազմական հանցագործությունների հետ։ «Ինչո՞ւ, որովհետև Գուրգենին սպանել են խաղաղ ժամանակ, քնած ժամանակ։ Գուրգենը ո՛չ պատերազմին է մասնակցել, ո՛չ Սաֆարովն է պատերազմին մասնակցել, նրանք այդ ժամանակ 14 տարեկան են եղել։ Ճիշտ է, Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որ դա (սպանության դրդապատճառը - հեղ.) կապեր Ղարաբաղի հետ, որ «Հայաստանի ագրեսիայի արդյունք է եղել», որ «Սաֆարովը տեսել է, թե ինչպես են սպանում իր հարազատներին»։ Ոչ մի բան Ադրբեջանը չկարողացավ ապացուցել, հակառակը ես կարողացա ապացուցել, որ Ջաբրայիլում աֆղան մոջահեդներ են եղել, և այնտեղ այն ժամանակ խաղաղ բնակչություն չի եղել, երբ որ Հայաստանը գրավել է Ջաբրայիլը և ամբողջ զառանցանքը, որ ինքն ասում էր՝ «ես այնտեղ տեսել եմ, թե ինչպես են սպանում խաղաղ բնակչությանը», դա չհիմնավորվեց դատարանում, և նա դատապարտվեց խաղաղ ժամանակ սպանություն կատարելու համար։ Ղարաբաղի հետ որևէ կապ չհիմնավորվեց, և այս դեպքում էլ ադրբեջանական քաղաքականությունը տապալվեց, որովհետև հանցագործության կատարման այդ ամբողջ միտումը կապված էր Ղարաբաղի հարցը կրկին անգամ Եվրոպայում բարձրացնելու հետ։ Եվ պատահական չէ, որ Հունգարիայում դա արվեց։ Որովհետև 10 տարի առաջ Հունգարիայում, Բուդապեշտում զինադադարի վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել։ Եվ նաև, որ իբր այդ սպանությունը Խոջալուի հետ է կապված»,- շարունակեց Նազելի Վարդանյանը։

Փաստաբանը նշեց, որ դատական նիստերի ժամանակ իրեն հաջողվեց մի կողմ դնել Ղարաբաղի հարցի հետ կապելու Ադրբեջանական փորձերը։ «Եվ պատահական չէր, որ դիմել էի ինձ տրամադրել պատմաբան-մասնագետի։ Հայկ Դեմոյանի հետ մի քանի անգամ գնացել եմ, լրագրողների հարցերին Ղարաբաղի մասով պատասխանել է պատմաբանը, և ես էլ խոսել եմ միայն այդ դաժան սպանությունից։ Եվ այս մարտավարությունն իրեն արդարացրեց։ Ես անջատեցի այս խնդիրները և դրանով տապալեցի Ադրբեջանի այդ պլանները՝ նորից Եվրոպայում այդ հարցը բարձրացնելու հետ կապված։ Դրա համար Գուրգեն Մարգարյանի սպանությունը կապել ռազմական դաշտում մեր զոհված զինվորների սպանության, կամ թեկուզ խաղաղ բնակչության նկատմամբ այդ դաժանությունների հետ (թե՛ 2016 թվականին, թե՛ այժմ Հադրութում կատարածի հետ) պետք չէ։ Ես կարծում եմ, որ դրանք առանձին գործեր են, բայց այդ գործը շատ կարևոր նշանակություն ունի այն բանակցությունների համար, որտեղ ասում են՝ «Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում», «Ղարաբաղի հայերն ապահով են, նրանց իրավունքները պաշտպանված են»։ Մի երկրում, որտեղ քնած մարդուն սպանող հանցագործը հերոս է, մարդու իրավունքների որևէ երաշխիքի և հայատյաց քաղաքականություն չվարելու մասին չի կարող խոսվել։ Այսինքն՝ իրենք հայատյաց քաղաքականություն են վարում, և Եվրադատարանի վերջին որոշումը հենց հիմնավորում է։ Սա երևի շատ հազվագյուտ վճիռներից է, որտեղ հենց հիմնավորվում է, որ 14-րդ հոդվածը խախտվել է, այսինքն՝ Ադրբեջանն իրականացնում է հայատյաց քաղաքականություն, այսինքն՝ խախտում է ազգային խտրականության անթույլատրելիության սկզբունքը»,- եզրափակեց փաստաբանը։

Նշենք, որ Մարգարյանի իրավահաջորդները փոխհատուցում չէին պահանջել։