Ինչո՞վ է տարբերվելու Ընտրություններ-2021-ը մյուս բոլորից

Ինչո՞վ է տարբերվելու Ընտրություններ-2021-ը մյուս բոլորից

Երկիրը հաստատուն քայլերով մտնում է նախընտրական փուլ՝ իր բոլոր կանոններով հանդերձ։ Կուլիսային բանակցություններ, հնարավոր գործընկերների ձեռքբերում, ցուցակներ կազմելու գործընթաց, թեկնածուների առաջադրում, վստահված անձերի ու հանձնաժողովների անդամների փնտրտուք։ Եվ, իհարկե, քարոզչական հնարքներ ու հասարակությանն ուղղված մեսիջներ։
Կարող ենք ի սկզբանե վստահ լինել, որ այս անգամ ոչ ոք Ամերիկա չի հայտնագործելու, եւ կրեատիվ ու ոչ ստանդարտ քարոզչությունը գրեթե բացառված է։ Դրա համար առողջ հասարակություն եւ խաղաղ մթնոլորտ է հարկավոր, որ ստեղծագործական միջավայր լինի, եւ ծրագրերի ու թեկնածուների միջեւ հավասար մրցակցության պայմաններում հաղթեն ամենապատրաստվածներն ու խելացիները, ամենահայրենասերներն ու գաղափարականները։ Բայց այսօր մեր երկիրն այն վիճակում չէ, եւ հասարակությունն էլ նման պահանջներ չի ներկայացնում, որ քաղաքակիրթ պայքար գնա քաղաքական ուժերի միջեւ։ Ուստի կարող ենք ասել, որ պայքարն ընթանալու է հին հայկական եղանակներով՝ ով ավելի շատ սուտ կասի, ով ավելի մեծ խոստումներ կտա, ով ավելի շատ կմոլորեցնի ընտրողին, ով ավելի շատ կհայհոյի հակառակորդներին։ Իսկ ավելի գիտակից զանգվածի դեպքում ձայները կգնան նրան, ում մեջ մարդիկ կտեսնեն ուժ եւ ապագայի հույսեր, երկրի եւ իրենց գոյության համար ապահովության երաշխիքներ։ 

Առաջիկայում մտնում ենք մի փուլ, երբ մարզերում ապրող հասարակ մարդիկ դառնալու են բոլորի աչքի լույսը։ Բոլոր քաղաքական ուժերը հանկարծ դեմքով շրջվելու են դեպի գյուղերը, եւ քաղաքական գործիչները, որոնք գյուղ գնում են տարին մեկ անգամ, շարվեշարան սկսելու են մեկնել մարզեր՝ ժողովրդի հետ հանդիպելու։ Գյուղամիջում տատիկ-պապիկների ձեռքը կբռնեն, երեխաների գլուխները կշոյեն, կձեւացնեն, թե շատ ուշադիր լսում են նրանց հոգս ու ցավի մասին պատմությունները, անգամ քննադատություններին վատ չեն վերաբերվի, միայն թե ամեն գյուղից մի քանի քվե պոկեն ու խորհրդարան անցնեն։ 

Այդ փուլի բնորոշ գծերից մեկն էլ ակտիվ քարոզչությունն է լրատվամիջոցներով։ Բոլոր հեռուստաընկերությունների եւ կայքերի եթերներում առաջիկայում կոնվեյերով կտեսնենք քաղաքական ուժերի ղեկավարներին եւ ակտիվիստներին։ Կսկսվի մի մեծ մրցակցություն՝ ով ավելի խելոք մտքեր կհայտնի, ով ավելի սուր խոսք կասի, ով ավելի մեծ սուտ կփչի՝ նոմինացիաներով։ Եվ այդ մրցակցությունում կհաղթեն նրանք, ովքեր ամենից ճարտարն են լեզվից։ Բոլորը կհիշեն մարդու իրավունքների, շարքային մարդկանց սոցիալական խնդիրների, գործազրկության եւ արտագաղթի մասին։ Ընդդիմությունը վեր կհանի իշխանությունների սխալները, իշխանությունը մեղքը կբարդի նախկինների վրա։ Եվ մենք կրկին կհայտնվենք այն պտտահողմի մեջ, որի մեջ ենք արդեն մոտ 3 տարի։ 

Հաստատապես ոչ մի գաղափարական պայքար չի ընթանա, ոչ մի խելոք ծրագիր ու երկրի զարգացման տեսլական չենք լսի։ Եվ հասարակությունն էլ նման պահանջ չի դնի քաղաքական ուժերի առաջ։ Քաղաքական պայքարի պլանկան այս տարիներին այնքան է իջեցվել, որ մեզ գոհացնում են ցածրակարգ կուլիսային գզվռտոցն ու իրար վրա ցեխ շպրտելը։ Թվում էր՝ 3 տարվա ընթացքում մեր ժողովուրդը հիմնովին պետք է հոգնած լինի ներկա-նախկին «բազառից», ու «նախկին» բառն արտաբերողները պետք է ուղղակի վռնդվեին քաղաքական դաշտից, բայց դեռ կան մարդիկ, ում բավարարում է այդ ճղճիմ թեման, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրենց զգում են՝ ինչպես ձուկը ջրում։ 3 տարվա ընթացքում այս թիմից մենք գեթ մեկ քաղաքական ելույթ չենք լսել, որտեղ գրագետ ու խելացի վերլուծություն արվեր, կամ խնդիրների մասնագիտական քննարկում ընթանար։ Շուկայի կանաչի վաճառողների մակարդակի բանավեճերը դարձել են գործող իշխանությունների եւ նրանց սպասարկող քաղաքագետների, իշխանությանը կից ՀԿ-ների միակ զբաղմունքը։ 

Բայց այնպես չէ, որ ընդդիմությունն էլ որակապես շատ տարբերվող այլընտրանք է առաջարկում։ Այս թեւում էլ արագ ընդունեցին փաշինյանական խաղի կանոնները եւ գրեթե նույն լեքսիկոնով ու գրագիտությամբ են տանում բանավեճը։ Նույն հայհոյանքն ու վարկաբեկումները, նույն չապացուցված մեղադրանքները եւ սնամեջ խոստումները։ Ծրագրերի ու հստակ պատկերացումների բացակայությունը։ Նույն մեջբերումներն անցյալից, նախկինի իդեալականացումը՝ ներկայի սեւացումը։ Անգամ ընդդիմադիր մյուս բեւեռը ղեկավարելու հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանը պատրաստ չէ նոր, ոչ ստանդարտ քաղաքական պայքար ծավալել եւ բարձր նշաձող սահմանել։ Նախօրեին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցը այդ առումով կարելի է հատկանշական համարել։ Սա մի յուրօրինակ ֆալստարտ էր։ Մի կողմից՝ հայտնի հաղորդավարն էր անհասկանալիորեն կաշկանդված, մյուս կողմից՝ հարցազրույց տվողն էլ անկաշկանդ չէր։ Հասկանալի է մարտավարությունը․ թեկնածուի ինքնավստահություն, հասարակությանը կայունություն, ապագայի հանդեպ վստահություն ներշնչող խոսք։

Ի տարբերություն հիմնական մրցակցի՝ զսպվածություն, խոսքի մեջ ժլատություն, իր անելիքի իմացություն, ուժի ցուցադրություն եւ հաղթանակի հանդեպ հավատ։ Բայց այդ ամենը բավարար չէ հաղթելու համար։ Անգամ իր պաշտոնավարման տարիների մասին հիշեցումները եւ վիճակագրական տվյալների հրապարակումը համոզիչ չէին, մանավանդ եթե դու չես վստահում այսօր կատարվող սոցիոլոգիական հարցումներին, ապա 2000-ի տնտեսական ցուցանիշներին ունկնդիրներն ինչո՞ւ պետք է վստահեն։ 

Այս ամենով հանդերձ, նկատենք, որ դեռ պարզ չէ, թե Ընտրություններ-2021-ն ինչով է տարբերվելու նախորդ ընտրություններից եւ ինչով է աչքի ընկնելու։ Շատ հնարավոր է, որ դրանք նման չլինեն բոլոր նախորդներին, եւ ընտրողը՝ պատերազմից ու կորուստներից հետո, բոլորովին այլ չափանիշներով առաջնորդվի։

Սվետա Մարտիրոսյան