Արմեն Սարգսյանը թերեւս ՄԹ քաղաքացի էր 2019-ին, նաեւ՝ այսօր

Արմեն Սարգսյանը թերեւս ՄԹ քաղաքացի էր 2019-ին, նաեւ՝ այսօր

Սկիզբը՝ ապրիլի 1-ի համարում

Ամենքը հիշում են, որ 2018-ի մարտի 2-ին ՀՀԿ-ական խառնակույտը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ միաձայն երկքաղաքացի Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ նախագահ: Քվեարկությանը նախորդած հարցուպատասխանի ժամանակ մեջբերելով մամուլում եղած հրապարակումները (այդ թվում՝ մեր հոդվածաշարը)՝ Արմեն Սարգսյանին ԱԺ-ում հարցրին իր բրիտանական քաղաքացիության մասին: Սարգսյանն ընդունեց, որ 2000-ականների սկզբին ՀՀ դիվանագիտական ծառայությունը թողնելուց հետո, ինքը հաստատված լինելով Մեծ Բրիտանիայում, իբրեւ մասնավոր անձ՝ դիմել եւ ձեռք է բերել ՄԹ քաղաքացիություն:

Խորհրդարանում իր ՄԹ քաղաքացիությունն Արմեն Սարգսյանը պաշտոնապես ընդունեց նախ որովհետեւ այդքանն արդեն հայտարարել էր մամուլին: Երկրորդ․ Սարգսյանը, կարծում եմ, հաշվարկել էր, որ իր ՄԹ քաղաքացիության մասին հրապարակավ հայտարարելով՝ կանխում է ապագայում իրեն երկքաղաքացիություն թաքցնելու մեղադրանք առաջադրելու հնարավորությունը: Եթե երբեւէ իրեն երկքաղաքացիություն թաքցնելու մեղադրանք առաջադրվի, կկարողանա ինքնապաշտպանվել՝ հայտարարելով, որ ինքը ոչինչ էլ չի թաքցրել, անգամ խորհրդարանում է իր ՄԹ քաղաքացի լինելու մասին հայտարարել: 

Այդ ամենը՝ արտաքուստ: Մինչդեռ իրականում ՀՀ Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածը պարտավորեցնում է երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիներին, ովքեր հավակնում են պաշտոնների, որոնց միայն ՀՀ քաղաքացիություն ունեցողները կարող են զբաղեցնել, լիազոր մարմնին տեղյակ պահել իրենց երկքաղաքացիության մասին: Իսկ լիազոր մարմինը ՀՀ խորհրդարանը կամ մամուլը չեն, որոնց Արմեն Սարգսյանը հայտարարում էր իր ՄԹ քաղաքացի լինելու մասին: 

Խնդիրն այն է, որ եթե Արմեն Սարգսյանը լիազոր մարմնին, այն է` ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հայտներ իր ՄԹ քաղաքացիություն ընդունելու մասին, ապա, բնականաբար, ստիպված էր լինելու նաեւ ՄԹ քաղաքացիության դադարման փաստաթուղթ ներկայացնել, մի փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը չի ունեցել, չունի եւ չի էլ կարող ունենալ, քանի որ ՄԹ քաղաքացիությունը դադարում է միայն Declaration of Renunciation փաստաթղթի առկայությամբ, որ տրվում է ՄԹ Home Office Secretary կողմից (ներքին գործերի նախարարին համարժեք պաշտոն է), եւ միայն այդ փաստաթղթի վրա նշված ամսաթիվն է ցույց տալիս ՄԹ քաղաքացիության դադարման օրը: 

Արմեն Սարգսյանի ինքնախոստովանական հայտարարությունները

Այժմ՝ որտեղի՞ց վստահություն, որ Արմեն Սարգսյանի ՄԹ քաղաքացիությունը երբեւէ չի դադարել, նա Declaration of Renunciation փաստաթուղթ երբեւէ չի ստացել, հետեւաբար շարունակում է լինել ՄԹ քաղաքացի եւ երկքաղաքացի:  Առաջինը՝ հենց Արմեն Սարգսյանի հայտարարություններից: Արմեն Սարգսյանը խորհրդարանում իր ընտրություն ժամանակ հայտարարել է, որ 2011-ին ինքը դիմել է ՄԹ քաղաքացիությունից հրաժարվելու հարցով, բայց այնքան շրջահայաց է եւ ՄԹ-ում օրինական հետապնդման հեռանկարից զգուշացած, որ երբեք չի հայտարարել, թե իրեն Declaration of Renunciation փաստաթուղթ է շնորհվել, առավել եւս` այսինչ Home Office Secretary-ի ստորագրությամբ, այսինչ ամսաթվին: 

Միայն Նիկոլ Փաշինյանն է դատարկախոսել, թե ինքը նման փաստաթուղթ է տեսել, ինչը կարելի է անտեսել, նախ որովհետեւ Նիկոլ Փաշինյանի պաթոլոգիկ ստախոսությանը անցնող երեք տարում բոլորն են ականատես եղել, երկրորդ` Փաշինյանի անգլերենի իմացությունը՝ դատելով հրապարակային խոսքի իր փորձերից, այն մակարդակում է, որ հնարավոր չէ մի քիչ լուրջ անգլերեն փաստաթուղթ նա կարդա եւ ըմբռնի, էլ ուր մնաց մի փաստաթուղթ մյուսից տարբերի կամ ճանաչի: Այնպես որ, Փաշինյանի դատարկախոսությունը թողնենք մի կողմ: 

Իսկ առանց Declaration of Renunciation փաստաթուղթը հրապարակելու Արմեն Սարգսյանի հայտարարելը, թե երբ ինքը դիմել է ՄԹ քաղաքացիության դադարեցման հարցով, իր քաղաքացիությունն ինքնաբերաբար դադարել է (մի բան, որ Արմեն Սարգսյանի օրինազանցությունն ու ցինիզմը բավարարել է հայտարարելու նույնիսկ ՀՀ ԱԺ ամբիոնից), նույն կարգի անհեթեթություն է, ինչ եթե, դիցուք, բժշկական գործունեություն ծավալել պատրաստվող մեկից պահանջեն բժշկի որակավորման փաստաթուղթ, պատասխանը լինի. «Գիտեք, ես դիմել եմ ընդունվելու Բժշկական համալսարան: Իսկ քանի որ դիմել եմ ընդունվելու, ինքնաբերաբար, արդեն բժիշկ եմ»: 

Կա՞ այնպիսի մեկը, ով չի գիտակցում, թե Բժշկական համալսարան դիմելը որքան է հեռու բժշկի որակավորում ստանալուց: Բժշկական համալսարան դիմել կարող է ով ասես, բայց դիմելուց հետո հարկավոր է, որ դիմորդը քննություն հանձնի եւ համալսարան ընդունվի, սովորի եւ ավարտի, որպեսզի բժշկի որակավորում ստանա: Նույնկերպ էլ, եթե նույնիսկ համարենք, թե Արմեն Սարգսյանը չի ստում եւ իրոք դիմել է իր ՄԹ քաղաքացիության դադարեցման հարցով, ապա ո՞ւր է հավաստումը, որ նրա դիմումն ընդունվել է, քննարկվել եւ բավարարվել: 

Ընդ որում՝ Միացյալ Թագավորությունում դիմելուց հետո կես տարի է տեւում քաղաքացիության դադարեցման դիմումի քննությունը, եւ եթե Արմեն Սարգսյանը չի ստում եւ իրոք դիմել է ՄԹ Home Office իր քաղաքացիության դադարեցման հարցով, ապա ինչպե՞ս է մինչեւ 2015թ. ՄԹ իշխանություններին ներկայացվող պաշտոնական փաստաթղթերում (որոնց մեջ որեւէ անճշտություն թույլ տալը քրեական հետապնդման հիմք է, եւ որոնց լուսապատճենները հրապարակել ենք մեր այս հոդվածաշարի նախորդ հոդվածում) Արմեն Սարգսյանը պարտաճանաչորեն, սեւով սպիտակին իր քաղաքացիությունը նշել՝ ՄԹ քաղաքացի (British).
Դա հնարավոր է երկու տարբերակում․ կա՛մ Արմեն Սարգսյանը ստում է, ինչպես սովորաբար, եւ առհասարակ չի դիմել իր ՄԹ քաղաքացիությունը դադարեցնելու խնդրով, կա՛մ դիմել է, սակայն դիմումը չի բավարարվել, եւ նա մնացել է ՄԹ քաղաքացի ինչպես 2011-ից առաջ, այնպես էլ հետո, առայսօր:

Եթե Արմեն Սարգսյանը քրեական հանցագործություն չկատարեր եւ ՀՀ լիազոր մարմնին պաշտոնապես հայտներ իր ՄԹ քաղաքացիություն ունենալու մասին, ինչպես դա անում էր մամուլի կամ խորհրդարանի համար, ապա, ի տարբերություն մամուլի, որի անհաճո հարցերին չէր պատասխանում, կամ խորհրդարանի, որտեղ ՀՀԿ-ական խառնակույտը՝ Դավիթ Հարությունյանի, Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի խմբավարությամբ եւ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ձայնակցությամբ, օրուելյան ոչխարներ ձեւանալով (կամ այդպիսին լինելով) մկկում էին, թե Բժշկական համալսարան դիմելը համազոր է բժշկի որակավորում ստանալուն, եւ Արմեն Սարգսյանը քանի որ ասում է, թե դիմել է իր ՄԹ քաղաքացիությունը դադարեցնելու խնդրով, ուրեմն քաղաքացիությունը դադարել է, այլ ընթացք կլիներ։ 

Լիազոր մարմնում, եթե նույնիսկ ՀՀԿ-ական բթամիտներ էլ նստած լինեին, եթե նրանք արձանագրեին Արմեն Սարգսյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ընդունած լինելու հանգամանքը, ապա կամա-ակամա հաջորդիվ պահանջելու էին այդ քաղաքացիության դադարման հիմքը: ՄԹ-ի դեպքում դա Declaration of Renunciation-ը փաստաթուղթն է, ինչը, դատելով Արմեն Սարգսյանի հրապարակային ձեւակերպումներից եւ ձեռնածություններից, ՀՀ նախագահ ընտրվելիս ինքը չի ունեցել, իսկ դրանից հետո չէր կարող ունենալ: Հենց դրա համար էլ Արմեն Սարգսյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածով նախատեսված եւ 3-5 տարի ազատազրկմամբ պատժվող հանցանք կատարելով՝ ՀՀ լիազոր մարմնին ո՛չ պատշաճ, ո՛չ անպատշաճ կերպով չի տեղեկացրել իր ՄԹ քաղաքացիություն ունենալու մասին: 

ՄԹ Home Office-ի պատասխանները

2018-ին, երբ «Հրապարակում» տպագրված հոդվածաշարով եւ հրապարակված պաշտոնական փաստաթղթերով բացահայտվեց Արմեն Սարգսյանի 2012-14թթ. ՄԹ քաղաքացի լինելու հանգամանքը եւ, հետեւաբար, ՀՀԿ գիտությամբ եւ կամքով նախապատրաստվող երկքաղաքացուն ՀՀ նախագահ ընտրելու քրեական արարքը, ապա որքան կարելի էր սպասել, որ ՀՀԿ-ն ետ կանգներ հանցանք գործելուց, նույնքան էլ հավանական էր, որ հանցանքը կատարեին, Արմեն Սարգսյանին ընտրեին ՀՀ նախագահ` առանց նրա ՄԹ քաղաքացիության ընդունման եւ դադարման հանգամանքները պարզելու: 

Հետեւաբար, դեռ 2018-ի փետրվար-մարտին իմ նշյալ հոդվածաշարը տպագրելիս ես FOI Request ընթացակարգով դիմել էի ՄԹ Home office, խնդրելով իմ լրագրողական հետաքննության համար տրամադրել ընդամենը մեկ տվյալ` արդյոք ՀՀ նախագահի հավակնորդ եւ ՄԹ քաղաքացի Արմեն Սարգսյանի ՄԹ քաղաքացիությունը երբեւէ դադարեցվե՞լ է եւ եթե այո, ապա` ե՞րբ: Իմ այդ դիմումի պաշտոնական պատասխանը (2018-ի այդ պաշտոնական գրագրության` ե՛ւ իմ դիմումի, ե՛ւ պատասխանի լուսապատճեններն այժմ հրապարակում եմ այս հոդվածին կից) ստացվեց, որքան հիշում եմ, 2018-ի մարտին կամ ապրիլի սկզբին, եւ առաջին այդ պատասխանն այն էր, որ քաղաքացիությունն անձնական տվյալ է, եւ այն տրամադրել չեն կարող: 

Դրանից հետո չնայած նրան, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի գործուն հանցակցությամբ եւ Սահմանադրության ոտնահարմամբ ընտրվել էր ՀՀ նախագահ, գոհ չլինելով Home Office-ից ստացված պատասխանից, ես հանրային հարցումների համար ՄԹ կառավարությունում գործող Internal Review ընթացակարգով դիմեցի եւ ՄԹ օրենսդրությունից մեջբերումներով հիմնավորեցի, թե ինչու եմ դժգոհ ստացված պատասխանից եւ խնդրում, որ այն վերանայվի:  Իմ այդ երկրորդ դիմումին, որ ՄԹ Home Office ուղարկեցի 2018-ի ապրիլին, հետաքրքիր զարգացում հետեւեց:

Սովորաբար գործող կարգավորմամբ Home office գնացող FOI Request դիմումներին պատասխան տրվում է 20 աշխատանքային օրվա, բացառիկ դեպքերում` 40 աշխատանքային օրվա ընթացքում: 
Ինձ 20 օր հետո էլ, 40 օր էլ տեղյակ պահեցին, որ իմ դիմումի քննությունն ընթացքի մեջ է, բայց բուն պատասխանը ստացվեց 8-9 ամիս հետո, 2019-ի հունվարին միայն: Երբ 2018-ի ամռանը պատասխան դեռ չկար UK Home Office-ից, ենթադրում էի, որ կարող է եւ պատասխան չլինել, քանի որ իմ այդ երկրորդ դիմումը ծավալուն էր, ՄԹ օրենսդրության համապատասխան հոդվածների մեջբերմամբ, որ պաշտպանում էին Արմեն Սարգսյանի ՄԹ քաղաքացիության տվյալին հասանելիության իմ լրագրողական իրավունքը, այդ փաստարկներին դյուրին չէր լինելու առարկել:

Բարեբախտաբար, սակայն, քննությունը չէր դադարել, տեւել էր ամիսներ, եւ 2019-ի հունվարին Home Office: Internal Review պաշտոնական պատասխանը ստացվեց: Ե՛վ պատասխանը, ե՛ւ դրա հիմք եղած իմ դիմումը՝ այս հոդվածին կից, «Հրապարակի» կայքում հրապարակում եմ: Բայց մեջբերեմ կուլմինացիոն նախադասությունը.  I consider that section 27(4) (international relations) of the FOIA should also have been applied. The duty to confirm or deny whether information is held does not arise if to do so would, or would be likely to, prejudice relations between the United Kingdom and any other State, the United Kingdom and any international organisation or international court, the interests of the United Kingdom abroad, or the promotion or protection by the United Kingdom of its interests abroad.

Շարունակելի