Փաշինյանը կգերադասի հանձնել արյունով, որ իրեն դավաճան չասեն

Փաշինյանը կգերադասի հանձնել արյունով, որ իրեն դավաճան չասեն

Ալիևը Բիշքեկում հայտարարել է, որ Փաշինյանը վեց ժամ թռնում է Գրանադա՝ անհասկանալի հանդիպման մասնակցելու, սակայն ժամանակ չի գտնում 2 ժամում Բիշքեկ մեկնել և Ռուսաստանի առաջարկով հանդիպել իր հետ: Ինչը նրա կարծիքով` Հայաստանի կողմից խաղաղության օրակարգը մերժել է նշանակում։ Բիշքեկում ԱՊՀ երկրների գագաթաժողովի, Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հանդիպման մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։ 

-Ալիևը հայտարարել է, որ Բիշքեկ չգալով, Փաշինյանը մերժում է խաղաղության օրակարգը։ Այս հայտարարությամբ Ալիևը լեգիտիմացնում է Հայաստանի դեմ ապագա ռազմական ագրեսիա՞ն, թե՞ Գրանադա իր չգնալը փորձում է ռուսների վրա «վաճառել» թանկ գնով։ 

-Խաղաղ բանակցային գործընթացն Ադրբեջանին պետք է ընդամենը որպես քարոզչական պատրվակ՝ որպես Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների դրսևորման հիմք։ Ադրբեջանին խաղաղություն պետք չի, Ադրբեջանին պետք է, որպեսզի խաղաղության գործընթացը մերժվի և մերժողը լինի Հայաստանը։ Երբ Ալիևը հայտարարում է, որ բրյուսելյան հարթակներն անիմաստ են և ամենալավ միջնորդը Ռուսաստանն է կամ ռուսական հարթակը՝ դա Ադրբեջանի շահերի տեսանկյունից շատ հստակ բացատրություն ունի, որովհետև և Արդբեջանը Հայաստանից շատ հստակ ակնկալիքներ ունի, և Ռուսաստանը Հայաստանից ակնկալիքներ ունի՝ մասնավորապես Սյունիքի և կոմունիկացիաների վերահսկման առումով։ Դրա համար էլ Ալիևին և Ռուսաստանին ձեռնտու է, որ բանակցային հարթակը լինի ռուսական, որովհետև Հայաստանից, որպես պարտված կողմ, իրենցից ամեն մեկը կարող է ստանալ իր պահանջածը։ Իսկ արևմտյան հարթակները, որքան էլ առաջին հայացքից թվա, թե ձեռնտու են հայկական կողմին, սակայն այնտեղ ընդունված որևէ հայտարարություն կամ ստորագրված որևէ փաստաթուղթ այդպես էլ մնալու է թուղթ, որովհետև հավաքական արևմուտքը մեր տարածաշրջանի վրա ազդելու իրական լծակներ չունի։ Ավելին, Արևմուտքին մեծ հաշվով պետք չի խաղաղություն մեր տարածաշրջանում: Խաղաղություն կլինի, թե պատերազմ՝ նրանց առանձնապես չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է, որ Ռուսաստանը դուրս մղվի մեր տարածաշրջանից: Կլինի դա խաղաղ պայմանագրի միջոցով, թե պատերազմի՝ մեծ հաշվով դա Արևմուտքի համար միևնույն է: 

-Փաշինյանը կատարում է Ալիևի կամ Պուտինի ցանկությո՞ւնը՝ չգնալով Բիշքեկ, թե՞ այստեղ այլ խնդիր էլ կա։ 

-Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը որևէ համաձյանագիր չի ստորագրելու՝ նա գերադասելու է տալ ոչ թե փաստաթղթով, այլ արյունով, որ հանկարծ հետո իրեն դավաճան չասեն, ինչպես ինքն էր ձևակերպում։ Այդ իրավիճակը չի բխում Հայաստանի շահերից, որովհետև շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանին առանձնապես Հայաստանի շահը չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է ամենից առաջ իր քաղաքական շահը և որպեսզի կարողանա մեղքը բարդել ուրիշների վրա։ 

-Մի կողմից Ադրբեջանը կարևորում է Ռուսաստանի դերը բանակցություններում, մյուս կողմից` Փաշինյանը մերժում է Ռուսաստանի միջնորդությունն ու գնում Բրյուսել բանակցությունների՝ Ալիևի ու Շառլ Միշելի հետ, իսկ Եվրամիության պրոադրբեջանական դիրքորոշումը վաղուց գաղտնիք չէ։ 

-Ադրբեջանը Բրյուսելում որևէ էական փաստաթուղթ չի ստորագրելու և հետո Մոսկվայում դա փորձելու է ներկայացնել որպես Հայաստանի փորձ՝ Ռուսաստանի ազդեցության տակից դուրս գալու և այդպիսով փորձելու է Ռուսաստանից հերթական կանաչ լույսը ստանալ՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիաների համար։ Այո, Ալիևը փորձելու է իր այդ չմասնակցելու և Հայաստանի հավատարմությունը արևմտյան հարթակներին՝ թանկ գնով վաճառել Ռուսաստանին և դրանից ստանալ իրեն անհրաժեշտ դիվիդենտները՝ առաջին հերթին քարոզչական։ 

-Ստացվում է, որ Փաշինյանն անում է ամեն ինչ, որ Ադրբեջանն իր քաղաքականությունը վաճառի Ռուսաստանին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հաշվին, այդպե՞ս է։ 

-Այո, փաստացի այդպես է ստացվում և դա առաջին անգամ չի։ Վերջին երեք տարիներին մի քանի դրվագներում մենք դա տեսել ենք և ամեն անգամ Հայաստանը նորանոր կորուստներ է ունեցել դրա արդյունքում։ 

-Շատ փորձագետներ կարծում են, որ հավաքական արևմուտքը Ալիևի ձեռքերը բաց էր թողել որոշակի խոստումների դիմաց և վաղ թե ուշ Ալիևը ստիպված է այդ խոստումները կյանքի կոչել։ Արևմուտքը կների՞ Ադրբեջանի ռուսական կողմին ուղղված սիրախաղերը։ 

-Մեծ հաշվով այդ հարցում պետք չի Ադրբեջանն ընկալել որպես առանձին խաղացող։ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ են խաղում, իսկ այդ առումով Ադրբեջանը և Թուրքիան բավականին կարևոր դերակատարում ունեն և կարող են մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջեւ, ինչը և անում են և Ադրբեջանը դրանից է օգտվում, որովհետև դա այն երկիրը չէ, որ կարողանա խաղեր տալ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ՝ Ադրբեջանն այդ կշիռը չունի։ Ադրբեջանը Թուրքիայի հետ տանդեմով այդ կշիռն ունի և նրանք դա անելու են, օգտագործելու են այդ հնարավորությունը, որպեսզի առավելագույնը պոկեն և Արևմուտքից, և Ռուսաստանից։ Ռուսաստանի դեպքում փորձելու են պոկել Հայաստանի հարավը, իսկ Արևմուտքը աչք է փակելու, որովհետև Ադրբեջանը էներգետիկ որոշակի անվտանգություն պիտի ապահովի Եվրոպայի համար։ Ադրբեջանն ու Թուրքիան շատ լավ խաղում են սրա վրա և դեռևս հաջողությամբ։

 -Երկա՞ր կտևի այդ խաղը, ի՞նչ եք կարծում։ 

-Այդ խաղը երկար կտևի, թե ոչ, կախված է ոչ այնքան հայ-ադրբեջանական հարաբերություններից, որքան Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատումից և նրանից, թե ինչպես կավարտվեն իրադարձությունները իսրայելա-պաղեստինյան պատերազմում, որովհետև Արևմուտքն ուզած-չուզած մեր ներգրավվածություն է ունենալու, իսկ Թուրքիան էլ չի կարողանալու չեզոք մնալ։