Մենակ թե չսկսեք ձեզ կոտորել, թե ռազմական գաղտնիք եք հրապարակում

Մենակ թե չսկսեք ձեզ կոտորել, թե ռազմական գաղտնիք եք հրապարակում

ՀԱՊԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ՝ իրավիճակը գնահատելու համար, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Առաքելության կազմում կլինեն նաև կազմակերպության միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը և մասնակից պետությունների ներկայացուցիչներ։

Ահա ինչպիսի արդյունք ստացավ Հայաստանը սեպտեմբերի 13-ի երեկոյան ՀԱՊԿ առցանց նիստից հետո: Դժվար չէ կռահել, որ այս կազմակերպության անդամակցությունը մեզ ոչ թե բարձրաստիճան «տուրիստներ» ուղարկելու մեխանիզմներ էր խոստանում, այլ ռեալ ռազմական օգնություն: Երբ 44-օրյա պատերազմում չէին արձագանքում՝ պատճառաբանելով, թե Արցախը Հայաստանի սուվերեն տարածքը չի, ինչ որ տեղ գոնե իրավական իմաստով հասկանալի էր, բայց երեկվա խայտառակ պատասխանը հստակ մեսիջ էր՝ «մեր վրա հույս չդնեք, մենք եկողը չենք»: Իսկ հիմա վերհիշենք, թե երբ է ՀԱՊԿ պայմանագիրը աշխատել վերջին անգամ, ու թերևս միակ դեպքը, որ աշխատել է, եղել է ՀԱՊԿ գործողությունը Ղազախստանում, որը իրականացվել է Ռուսաստանի և կազմակերպության անդամ մյուս երկրների կողմից 2022թ. Ալմաթի քաղաքում: Գործողությունը հայտարարվել է որպես խաղաղապահ առաքելություն՝ Ղազախստանի ամենակարևոր պետական ​​և ռազմական օբյեկտները պաշտպանելու և ղազախական կողմին օրինականության և կարգուկանոնի պահպանման գործում աջակցելու համար։

Ստացվում է՝ ՀԱՊԿ-ն աշխատում է, եթե երկրի ներսում կոնֆլիկտ կա և բացարձակ անպիտան է արտաքին թշնամու դեմ:

Լավ, ենթադրենք, ՀԱՊԿ-ն մի քանի երկրներից բաղկացած կազմակերպություն է և բոլորը չէ, որ ուզում են Ադրբեջանի դեմ պատերազմ վարեն, բա մեր ռազամավարական դաշնակիցը ու՞ր է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 20 թվականի պատերազմից հետո Սյունիքում տեղակայված ռուս զինվորականների թիվը չի զիջում Գյումրու ռազմաբազայում տեղակայվածների թվին, բոլորս էլ գիտենք,որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմանի օգնության ու աջակցության մասին մի քանի պայմանագիր կա, հիմա հարց է ծագում՝ բա ու՞ր էին երեկ այն 3 հազար ռուս զինծառայողները, որ տեղակայված են Սիսիանի մոտակայքում: 

Մենակ թե չսկսեք ձեզ կոտորել, թե ռազմական գաղտնիք եք հրապարակում, նախ այդ գաղտնիքը թշնամին մեզնից լավ գիտի և 2-րդ, ոչ մի գաղտնիք էլ չկա, քանի այդ զինվորականները ոչնչով չեն տարբերվում Երևանի կենտրոնում զբոսնող ռուս զբոսաշրջիկներից: Պարզվում է՝ նրանք երեկ նախապես իմանալով հարձակման մասին, շատ արագ հավաքվել են ու ավելի անվտանգ տեղ տեղափոխվել, ոչ միայն չեն մնացել սահմանին մոտ, այլև ոչ մի կերպ չեն օգնել հայկական բանակին ոչ խորհրդով, ոչ զենքով: Հիմա տրամաբանական հարց՝ ու՞մ են պետք այդպիսի դաշնակիցները կամ ինչու են նրանք արտոնություններով ապրում մեր երկրում, եթե ամեն անգամ բարձր սարին նստած դիտորդի դերում են, մի բան էլ պատրանք են ստեղծում, թե էստեղ ենք, ձեր կողքին ենք: Եթե կասկածներ կան, թե ինչ անեին կամ բոլորը Ուկրաինա են գնացել, նայեք Արցախին, որը իրենք իրենցն են համարում, էնտեղ շատ տեսանելի է, թե ինչ կարող են անել. թշնամին չի հարձակվում այն հատվածներին, որոնք պետք են ռուսին ու շատ հեշտությամբ գրավում այն, ինչ ռուսը թույլ է տալիս: Մենակ չսկսեք ողբը, թե այլընտրանք չկա՝ կամ ռուսն ա, կամ թուրքը, կա այլընտրանքը` բալանսն է Իրանի, արևմուտքի և ռուսի: Մենք երբ ենք հասկանալու, որ տարածաշրջանում միայն Իրանի հետ է մեր շահը համընկնում, երբ ենք դադարելու Ամերիկային ջղայնացնելուց վախենալու և Իրանի հնարավորությունները լիարժեք օգտագործելու: Զանգեք Իրան, ասեք չեն կարողանում Սյունիքը պահել, կտրում են, ձեզ զրկում մեր հետ սահմանից, արի օգնի, զենք ու զորք ուղարկի, տեսեք Ադրբեջանը ինչ արագությամբ հետ կքաշվի, ճանապարհն էլ տվեք տրանզիտի կարգավիճակով, նորմալ վճարումներով և բոլորս շահած դուրս կգանք: Ռուսն էլ զգալով, որ այլընտրանք ենք գտել, լրիվ այլ հռետորաբանությամբ կխոսի, ինչպես Լուկաշենկոյի հետ է խոսում: 

Կան ռեալ վտանգներ, օրինակ՝ 2 թշնամի պետություն՝ մեզ կպած ու կան թվացյալ, քիչ կարևոր ԱՄՆ սանկցիաները։ Ձեր հայի հնարամտությունը այդ 2 վտանգները չեզոքացնելու համար օգտագործեք, Ալիևին խաբել չի ստացվի, ժամանակ ձգել չի ստացվի, բայց սանկցիաների դեմ հայ համայնքի ուժերով պայքարելը, հայկական լոբբին օգտագործելով կանխելը ռեալ է: 

Կամ սկսեք երկիրը կառավարել, իշխանության պատասխանատվությունը հասկանալ, կամ ռադներդ քաշեք, էլ ուժ չկա: