Դասապրոցեսն առկա կանցկացվի աշխատակիցների պատվաստման  60-70%-ի դեպքում 

Դասապրոցեսն առկա կանցկացվի աշխատակիցների պատվաստման  60-70%-ի դեպքում 

Նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները կախված են լինելու կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակից։ Այս թեմայի շրջանակներում նախօրեին քննարկում է եղել ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարների միջեւ, ովքեր ընդգծել են, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն կրթական եւ առողջապահական ոլորտների համար:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացների ներկայիս դինամիկան եւ դրանցով պայմանավորված՝ դասապրոցեսի կազմակերպման ձեւերի վերաբերյալ դիրքորոշումը։ «Հասկանալի է, որ սովորողներն ամիսներ շարունակ պետք է չզրկվեն առկա ձեւաչափով կրթությունից, բայցեւ պետք է չկորցնել զգոնությունը: Ուսումնական գործընթացն առկա ձեւաչափով կազմակերպելու համար առաջնահերթ անհրաժեշտ է պատվաստումների բավարար մակարդակ»,- ասել է նա:

Ըստ կողմերի,  դասապրոցեսն առկա ձեւաչափով եւ առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը պետք է լինի առնվազն 60-70%: Ապա անդրադարձ է կատարվել պատվաստման գործընթացն ուսումնական հաստատություններում կազմակերպելու հնարավորություններին, որի համար, աշխատակիցների ցանկության դեպքում, առողջապահության նախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ: