Նիկոլի մեսիական բարդույթը

Նիկոլի մեսիական բարդույթը

Տարիներ առաջ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխանական կոալիցիայի անդամ էր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հաճույք էր ստանում նախարար նշանակելու եւ ազատելու գործընթացից: Միլիոնատեր (դոլարային) գործարարն իրեն զգում էր համարյա թե կառավարության ղեկավարի կարգավիճակում: Եվ եթե վերացարկվենք վերջինիս անձից, ապա ավելի քան 2 տասնյակ ընկերություն եւ 25 հազար աշխատակից (ըստ «Մուլտի գրուպ» կոնցեռնի համացանցային կայքի) ունեցող խոշոր գործարարին նման դերում պատկերացնելը խիստ բնական էր:

Սակայն բացարձակ անբնական է նույն այդ երեւույթը թերթի խմբագրի կամ ընդամենը Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի դեպքում: Եվ չնայած այդ անբնականությանը, արդեն 4-րդ տարին է, ինչ նույն հոգեբանական վիճակում է հայտնվել 2018-ի ապրիլյան օրերի փողոցի առաջնորդ Փաշինյանը. պատգամավորների ցուցակ կազմել, սրան նախարար նշանակել, նրան հանել, մեկին մի տեղից հանել, մեկ այլ պաշտոնի նշանակել եւ այլն, եւ այլն… 

Դա համարյա թե նույն հաճույքն է, որ զգում է թղթամոլը խաղաթղթերի կապուկը ձեռքին խաղացնելով: Երեւույթը, իհարկե, պետական անվտանգության տեսակետից խիստ բացասական ազդեցություն կարող է ունենալ: Իսկ եթե դրան գումարվում է այն, որ երկրի ղեկավարը տառապում է մեսիական (փրկչական) բարդույթով, ապա կասկածելի է դառնում պետության գոյությունն ընդհանրապես: Ի դժբախտություն հայ ազգի՝ հենց այդպիսին է իրավիճակը մեզանում: Եվ որպես դրա հետեւանք՝ անկախության 30-րդ տարում մենք բախվել ենք պետություն կորցնելու մարտահրավերին:

Ընդհանրապես, մեսիականությունը վտանգավոր հիվանդություն է այդ բարդույթով տառապող անձի եւ նրա շրջապատի համար: Որովհետեւ տվյալ անձը կորցնում է իրականության զգացումը եւ դրսեւորում է այնպիսի վարքագիծ, որ դժբախտության է հասցնում իրեն կամ շրջապատին եւ կամ՝ ե՛ւ իրեն, ե՛ւ շրջապատին: Որպես ասվածի վկայություն՝ հիշատակեմ 20-րդ դարի երկրորդ կեսում աշխարհի տարբեր վայրերում կրոնական աղանդների անդամների իրականացրած մի շարք խմբային ինքնասպանություններ: Ամենահայտնին 1978 թ. Գայանայի (պետություն Հարավային Ամերիկայի հյուսիսում) Ջոնսթաուն ավանում տեղի ունեցած ինքնասպանությունն էր. զոհերը «Ժողովուրդների տաճար» կոչվող կրոնական աղանդի 909 անդամներն էին:  

1994-97 թթ. ինքնասպանություն է գործել Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Կանադայում գործող «Արեւային տաճարի ուխտ» թաքնագիտական (օկուլտային) միավորման շուրջ 150 անդամ: 1997 թ. Սան Դիեգոյում (ԱՄՆ) ոստիկանությունը հայտնաբերել է «Դրախտի դարպասներ» կոչված աղանդավորական խմբի 39 անդամների դիերը: 

Իսկ հիմա պատկերացնենք, որ մեսիականության ախտանիշով տառապում է ոչ թե կրոնական ինչ-որ աղանդի ղեկավար, այլ Հայաստանի Հանրապետության ղեկավարը: Եվ այդ դեպքում էական չէ՝ մեսիականությունը կրոնակա՞ն հողի վրա է առաջացել, թե՞ քաղաքական: Եվ այդ առումով շատ մեծ նշանակություն չունի՝ նիկոլական մեսիականությունն ամրապնդվել է ֆինանսական գործարքո՞վ, թե՞ ոչ: Այսինքն՝ Արցախը հանձնելու դիմաց  Փաշինյանն Իլհամից ինչ-որ գումար ստացե՞լ է, արդյոք:

Մի քանի անգամ արձանագրել եմ, որ 2018-ի ապրիլ-մայիսյան իշխանափոխության ընթացքում Նիկոլի քաղաքական իդեալը հնդիկ Մահաթմա Գանդին եւ հարավաֆրիկացի Նելսոն Մանդելան էին՝ հատկապես Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մանդելան: Խաղաղության նոբելյան մրցանակն էր Նիկոլի երազանքը, եւ այն ձեռք էր բերվելու որպես առաջին քայլ, Արցախի հարցում զիջումների գնալու եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու եղանակով (երկրորդ քայլը լինելու էր Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հաշվին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը)։ Սակայն քանի որ առանց պատերազմի եւ պարտության հնարավոր չէր «Արցախի գլխացավանքից ազատվելը», ընտրվեցին Արցախն ու մի քանի հազար կյանք զոհաբերելու տարբերակը: 

Հասկանալի է, որ մեր ազգի եւ պետության անվտանգությունն ապահովելու միակ տարբերակը Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացնելն է: Թե ինչպես անել դա արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո եւ այն էլ հնարավորինս արագ՝ դժվարանում եմ ասել: Սակայն կարող եմ ասել, թե ինչպես է հնարավոր Փաշինյան Նիկոլին ազատել մեսիականության բարդույթից:

Պետք է ձեւավորել «Նիկոլ, դու փրկիչ չես, փրկիչը դու չես» համազգային շարժում Ֆեյսբուքում եւ իրական կյանքում, փողոցում եւ բուհերում, հանգստի եւ աշխատանքի վայրերում: Եթե այն իսկապես վերածվի համազգային շարժման, ապա դա կնպաստի այն բանին, որ Փաշինյանը, ի վերջո, ընկալի «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» տխրահռչակ թեզի սխալականությունը: Իսկ դրանից հետո ընդամենը մեկ քայլը բավական կլինի, որպեսզի ընկալի նաեւ, որ ինքը ոչ թե փրկիչ է, այլ մոլորյալ մահկանացու: Եվ ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, որ զոմբիացված կենսազանգվածը ժամանակին «դուխով» գրությամբ գլխարկ էր կրում, հունիսի 20-ի ընտրության նախօրեին էլ եռագույն ժապավենով մուրճին երկրպագում: Ու Նիկոլին թվում էր, թե հենց ինքն է, որ կա Փրկիչը…

Ինչ մնում է «Նիկոլ, դու փրկիչ չես, փրկիչը դու չես» համազգային շարժմանը, ապա դրա լեյտմոտիվը պետք է լինի փաշինյանական «Հայաստանի եւ Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու եւ տարածաշրջանային կայունության ու տեւական խաղաղության հաստատման» անիրական թեզերի քողազերծումը: Ինչն այնքան էլ բարդ չէ, քանի որ այդ հարցում որպես «դաշնակից» հանդես է գալիս թշնամի երկրի ղեկավարը՝ անընդհատ կրկնվող իր հայտարարություններով՝ «Արեւելյան եւ Արեւմտյան Զանգեզուրները», «Իրեւանն» ու «Գոյչե» լիճը վերադարձնելու մասին: Կարծում եմ, որ եթե առաջարկված շարժումը թափ հավաքի, ապա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կլուծվի երկու բարդագույն խնդիր՝ որոշակիորեն կբացվեն նիկոլապաշտ զոմբիների աչքերը, որի արդյունքում էլ կավարտվի Նիկոլի եւ նիկոլիզմի ժամանակաշրջանը: