Մարդու ամենահավատարիմ ընկերը նրա խոսքն է

Մարդու ամենահավատարիմ ընկերը նրա խոսքն է

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին փոխանցեք․ էն, որ ասում են՝ «Արաաաամ, ամեն ինչ կարամ», հաստատ իր մասին չէ, եւ շատ ավելի լավ կլինի, որ այսուհետ նա իրեն իր երազած տղու տեղը չդնի: Այսքան բան որ ասեք, կարծում եմ, նա անմիջապես գլխի կընկնի, թե ինչ նոր դրսեւորում է ունեցել ՀՀՇ-ի քաղաքական սադիզմը:
Իսկ մեր ընթերցողին հիշեցնեմ, որ Արամ Մանուկյանն օրերս «Առավոտ» թերթի հետ զրույցում մի այսպիսի բան էր ասել․ «Ես հիմա Ռոբին կարամ մի հատ այսպիսի հարց տամ՝ ուղիղ՝ Ռոբիկ ջան, 100 տարվա ընկեր ենք, ու մեր շրջապատում եղել է բացի մեզնից 100 հատ ընկեր: Մեկին ասա, որ կողքիդ է: Մեկի՛ն:

Մարդ, որն ընկեր չունի, կարա՞ մարդ լինի: Դու կարո՞ղ ես առանց ծանոթ, առանց ընկերուհի, առանց սուրճի, առանց չաթ անելու, շփվելու՝ մարդ լինես: Ո՞ւմ է պետք այդ մարդը, որ չունի մեկին, որին զանգում է, որին ասում է՝ գնանք պիվա խմենք կամ սուրճ խմենք: Ռոբն էդ մարդն է՝ չունի»: Ոմանք, իհարկե, սա կարող են համարել վրեժխնդրությամբ տառապող մարդու մտագարություն, բայց ես, որքան էլ փնտրեցի, փնտրտեցի, Արամ Մանուկյանի խոսքերի հետեւում մարդ ընդհանրապես չտեսա: Եվ դա ամենեւին էլ տեսողական խաբկանք չէր:

«Ես հիմա կարամ մի հատ այսպիսի հարց տամ․ Արամ ջան, կասե՞ս՝ ուր էին քո 100-ավոր ընկերները, երբ տանդ դռան առաջ քեզ ծեծի ենթարկեցին՝ Սերժին քրֆելու համար: Հիմա, եթե մարդ ես, հավանաբար ողորմի ես տալիս Սեյրան Սարոյանի անցյալներին, չէ՞, որ իր մի համով ելույթով հարցերդ դրստեց, այլապես հայտնի չէր վերջաբանդ: Բա ո՞ւր էին էն գեղի կլուբ ՀԱԿ-ի ընկերներդ, ու չէիր կարողանում ասել՝ տղերք, գնանք պիվա խմենք: Իսկ չլինի՞, «վդռուգ», Սերժն է վերջերս ընկերդ դարձել, որին է՛լ թաթար, է՛լ մոնղոլ, է՛լ ինչ ասես՝ չես ասել: Ամոթ, աբուռ չունե՞ս դու, Արամիկ: Ասենք՝ ինչո՞ւ միայն Սերժը: Քիչ էր մնացել մեծ էշը ախոռում մոռանայի: Բա էն Նիկո՞լը, որ ՀԱԿ-ի, այդ թվում եւ քո քթի առաջ շրխկացրեց դուռն ու, ժամանակակից լեզվով ասած, «լքեց խմբակցությունը»: Է՞լ ով կա հետդ պիվա խմող: Հատկապես կուզենայի մեկ-երկուսի անունները դու տայիր, որոնք քեզ անհատականություն են համարում, իսկ քեզ հետ պիվա խմելը՝ պատիվ»:

Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի ընկեր ունենալ-չունենալու խնդրին, ասենք, որ Արամ Մանուկյանի վրա ծանր հետք է թողել նրա գաղափարական հոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից մեկը՝ այն, թե իբր Քոչարյանը քաղաքական թիմ եւ հենարան չունի: Հիմարություն… Մարդն այսօր միայնակ նստած է բանտում, բայց ողջ ՀՀՇ-ն դողում է նրանից: Ի՞նչ անուն տամ սրան: Ձեզ քաղաքական գործիչ ասողի ինչն եմ ասել, փամփերսը հագել՝ նստել եք, բայց լեզուներիդ վրա չեք կարողանում: Թարսի պես էլ Սեյրան Սարոյանները գծերից ընկել են, ու հիմա մեկը չկա, որ ձեր ասածները շուլուխի տա, անցկացնի:

Քոչարյանի ընկերներին չեմ թվարկի, որ Արամի լեզուն հանկարծ փաթ չընկնի, բայց մի դեպք եմ ուզում հիշեցնել նրան, որ մյուս անգամ նման հարցազրույցներ չտա: Հիշո՞ւմ ես, Արամ, թե ինչպես Արցախի երկու նախագահներ միջնորդությամբ մտան դատարան եւ Քոչարյանին ազատեցին կալանքից… Հիշո՞ւմ ես, Արամ, թե Քոչարյանը ոնց էր խոսում դատախազների հետ: Ընկեր չունեցողն այդպես չէր խոսի, այլ ձեզ նման 2-3 ամիսը մեկ պատի ծակից գլուխը կհաներ ու մի իդիոտություն դուրս կտար, որ ոչ մեկին պետք չէ:

ՀԳ. Ուրիշ բան չմտածեք, ընդամենը ուզում էի ասել, որ մարդու ամենահավատարիմ ընկերը նրա խոսքն է: Մարդը եթե մարդ է, չի կարող իր հավատարիմ ընկերոջն այնպես էժան ծախել, ինչպես դա անում է Արամ Մանուկյանը: