Նիկոլ Փաշինյանի շահերը ներկայացնում էր կառավարության աշխատակիցը․ նիստը հետաձգվեց

Նիկոլ Փաշինյանի շահերը ներկայացնում էր կառավարության աշխատակիցը․ նիստը հետաձգվեց

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, հետաձգվեց։ Պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի եւ Մանե Գեւորգյանի ներկայացուցիչը կառավարության աշխատակից էր եւ չէր ներկայացրել լիազորագիր պաշտոնյաներին դատարանում ներկայացնելու համար։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց դեկտեմբերի 10-ին։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ տվյալ դեպքում կառավարության աշխատակիցը փորձում է ներկայացնել անձանց, որոնց դեմ հայց են ներկայացրել։

«Անձն կառավարության իրավաբանական վարչության աշխատակից էր, եթե չեմ սխալվում՝ պաշտոնակատարը, այս դեպքում փորձում էր ներկայանալ ՀՀ վարչապետի անունից՝ որպես պետական մարմին։ Մենք նշեցինք, որ տվյալ դեպքում պատասխանողները հանդիսանում են պաշտոնատար անձինք՝ որպես ֆիզիկական անձեր։ Պետք է լիազորագիր տային ներկայացուցչին, որպեսզի իրավունք ունենա ներկայացնել նրանց շահերը»։

Փաստաբանի խոսքով՝ կառավարության աշխատակիցը չի կարող ներկայացնել պաշտոնյաներին․ «Դուրս է գալիս, որ այդ անձը պետական աշխատող է, պետությունն էլ վճարում է, բայց պետության դեմ պահանջ չենք  նրեկայարցել։ Իմ խորին համոզմամբ՝ նա չի կարող հանդես գալ որպես ներկայացուցիչ, նա  հանդիսանում է կառավարության աշխատակիցը, իսկ աշխատակիցը չի կարող ներկայացնել պաշտոնյաներին»։

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել վարչապետին և նրա խոսնակին զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաև պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։
Հիշեցնենք նաեւ, որ Մանե Գևորգյանը ֆեյսբուքում գրել էր. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։