ԵՊՀ գիտխորհրդի 48 անդամ հրաժարական է պահանջում

ԵՊՀ գիտխորհրդի 48 անդամ հրաժարական է պահանջում

Երեկ Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդը նիստ է արել եւ հայտարարություն ընդունել, որտեղ «ղեկավարվելով «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով, մեր պետականության եւ ազգի համար ճակատագրական այս պահին հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է գալիս իշխանություններին եւ հասարակությանն ուղղված կոչ-հայտարարությամբ»։ Ապա նկարագրել է երկրում ստեղծված իրավիճակը եւ արձանագրել, որ «մեր պետականության ճակատագիրը եւ ապագան էականորեն վտանգված են, ուստի Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է.
- վարչապետի եւ կառավարության հրաժարականը:
- Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորում` բաղկացած բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։ Այդ կառավարության խնդիրը պետք է լինի իրավիճակի կայունացում երկրի ներսում եւ հայկական շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացում, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպում:
Դիմում ենք նաեւ Ազգային ժողովի պատգամավորներին եւ հորդորում՝ հավատարիմ լինել բացառապես պետականության համար գերակայություն ներկայացնող շահերին, անել հնարավորը՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար:
Միեւնույն ժամանակ կոչով դիմում ենք հանրությանը՝ համախմբվել պետականության գաղափարի շուրջ՝ կտրականապես մերժելով երկպառակության, անջրպետների խորացման ցանկացած փորձ»։
Հաղորդվեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի հայտարարությունն ընդունվել է 48 կողմ, 5 դեմ եւ 8 ձեռնպահ ձայների համամասնությամբ:
Գիտխորհուրդը հայտարարությունը քվեարկել է փակ, գաղտնի քվեարկությամբ, եւ պաշտոնապես չեն հրապարակվել դեմ քվեարկողների անունները, սակայն ԵՊՀ մեր աղբյուրները պատմեցին, թե ովքեր են հավանական դեմ քվեարկողները։ Ըստ այդմ, նրանք են՝ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: