Արսեն Բաբայանի դեմ ցուցմունքներ գոյություն չունեն (Տեսանյութ)

Արսեն Բաբայանի դեմ ցուցմունքներ գոյություն չունեն (Տեսանյութ)

«Այս գործն այնպիսի սպեցիֆիկ գործ էր, որ մենք շատ բաներ իմանում էինք ոչ թե քրեական գործի մեզ տրամադրված նյութերից, այլ մամուլի միջոցներից, որովհետև այն անձինք, որոնք հրավիրվում էին ՀՔԾ, հետո դուրս էին գալիս, հարցազրույց էին տալիս և ներկայացնում էին, թե ինչ ցուցմունք են տվել։ Հետագայում պարզվեց, որ այդպես էլ կա։ Արսեն Բաբայանին մեղադրում են, որ միջոցներ ես ձեռնարկել, որպեսզի ամսի 5-ին հայտնված փաստաթուղթը ձևակերպվի ամսի 2-ով: Մի կողմ թողնենք այն ամենը, որ բացարձակ տարբերություն չկա՝ դա իրականում այդպես եղած կլիներ, թե այլ կերպ եղած կլիներ, այդ փաստաթուղթը 5-ին գոյություն ունենար, թե ամսի 2-ին, բայց փաստ է, որ փաստաթղթի հեղինակը պնդում է, որ այն ամսի 2-ին գոյություն ունեցել է և առաքվել է ԱԺ։ Փաստաթուղթ ստացողը ևս հաստատել է, որ մարտի 2-ին այդ փաստաթուղթը եղել է և գտնվել է իր սեղանին , ինչի հիման վրա էլ ինքը համապատասխան հայտարարություն է արել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է պաշտոնական կեղծիք կատարելու մեջ։ Վարոսյանի խոսքով՝ սրանք են այն հիմքերը, որ Բաբայանը պնդում է, որ քրեական գործում կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են իր անմեղությունը և մեղադրանքում շարադրված տեքստի՝ իրականության հետ որևէ աղերս չունենալը։

Վարոսյանը նաև ասաց, որ Բաբայանի դեմ որևէ ցուցմունք գոյություն չունի․

«Այսինքն՝ ցուցմունք կամ ապացույց, որը կվկայի այն մասին, որ Բաբայանն առնչություն ունի կամ կատարել է որևէ հանցանք, նման ապացույց գոյություն չունի և գոյություն ունենալ էլ չի կարող այս մեղադրանքի պարագայում, քանի որ մեղադրանքի բովանդակության մեջ շարադրված են հանգամանքներ, որոնք ուղղակի գոյություն ունենալ չեն կարող»։

Մանրամասն՝ տեսանյութում