Ինչի՞ վրա եմ վատնում կյանքս․ Սխալ աշխատանք, ալարկոտություն

Ինչի՞ վրա եմ վատնում կյանքս․ Սխալ աշխատանք, ալարկոտություն

Հաճա՞խ է պատահում, որ առավոտյան արթնանալիս չեք ցանկանում մահճակալից պոկվել՝ գոնե 5 րոպեով փորձելով «փրկվել» առավոտյան թոհուբոհից: Եվ որքա՞ն հաճախ եք մտածում, որ նոր օրն իր հետ բերում է հնարավորություն` իրացնելու ձեր կարողությունները, որեւէ օգտակար բան անելու` առանց բարոյական վնաս կրելու ու առանց պարտքի զգացողության: 

«Օրվա ո՞ր ժամն է ձեզ համար սիրելի»: Այս հարցի ամենատարածված պատասխանն է` «երեկոն» կամ «գիշերը»: Եվ սա զարմանալի չէ, քանի որ առավոտն ու օրվա մեծ մասը նվիրված են գործերին եւ ոչ միշտ հենց այն գործերին, որոնք մեզ համար իսկապես կարեւոր ու անհրաժեշտ են: 
Ինչպե՞ս հաճելի դարձնել օրն ու հաղթահարել առավոտյան վաղ արթնանալու տհաճությունը: Առաջնահերթ պետք է մտածել` «ինչի՞ վրա եմ վատնում իմ կյանքը»: Սիրո՞ւմ եք արդյոք ձեր աշխատանքը: Ցանկություն ունե՞ք զարգանալու այն ոլորտում, որը ժամանակին ինքներդ եք ընտրել ձեզ համար: Այնպիսի կարեւոր կետի բացակայությունը, ինչպիսին է ինքնաիրացման պոռթկումը, խոսում է միայն այն մասին, որ ձեր փորձը` ինքներդ ձեր մեջ աշխատասիրություն դաստիարակելու, կավարտվի անհաջողությամբ: Նույնիսկ եթե դուք օժտված եք համառությամբ ու ուզածին հասնելու կարողությամբ:

Ի՞նչ է, ի վերջո, մոտիվացիան

Այն հաճախ են շփոթում սովորության ձեւավորման հետ, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է ինքնաբերականության: Մարդը դադարում է մտածել իր գործողությունների իմաստի մասին եւ կենտրոնանում է կոնկրետ արդյունքի վրա («ես պետք է հաշվետվությունը հանձնեմ մինչեւ ուրբաթ երեկո» կամ «ես պիտի մինչեւ ամսվա վերջ 30 հոդված գրեմ»): Ո՛չ, մոտիվացիան ենթադրում է գործընթացը վայելելու ունակություն, երբ հրապուրված եք ձեր գործով ու մեծ հետաքրքրությամբ նոր լուծումներ եք փնտրում` խնդիրը կատարելու համար: Մոտիվացիան չի պահանջում ձեզնից երկու կես լինել ու ինքներդ ձեզ ստիպելով անել այն, ինչն այնքան ձանձրալի ու անօգուտ է ձեզ թվում: Հարցրե՛ք ձեզ` «ինչո՞ւ եմ ես սա անում, ի՞նչ հեռանկարներ ունեմ, ի՞նչ եմ ապագայում ստանալու»: Այս հարցերը կազդարարեն ձեր կյանքի  նոր սկիզբը, այն կյանքի, որտեղ դուք ժպիտով եք արթնանում եւ քնում եք` նոր օրվա հետաքրքիր գործերը ծրագրելով: Եվ ինչն ամենակարեւորն է` սրա արդյունքում դուք ձեզ դատապարտված չեք զգում: Այդ հարցի պատասխանը ձեզ կօգնի հասկանալ` ինչից էր, որ նախկինում դուք չունեիք ցանկություն աշխատանքի գնալու կամ սովորելու, շարժվելու առաջ այն ոլորտում, որտեղ  զբաղվածություն ունեիք:

Մեծամասամբ խնդիրը հենց սխալ աշխատանքի կամ զբաղվածության ոլորտի ընտրության, ինքդ քեզ լսելու անկարողության եւ սեփական պահանջմունքները չհասկանալու մեջ է: Այս բարդ խնդիրը հաղթահարելով, ինչպիսին է ինքդ քեզ հասկանալը, ինքդ քեզ լսելը, դուք կտեսնեք, որ բացարձակ ալարկոտ չեք, անտաղանդ չեք, պարզապես նախկինում չէիք կարողանում գտնել գործունեության այն ոլորտը, որը ձեզ կստիպեր «այրվել» ներսի էներգիայից` դեպի սիրելի գործ ու հետաքրքրություն:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ