Հանցագործության մասին հաղորդում․ Մարինա Խաչատրյան

Հանցագործության մասին հաղորդում․ Մարինա Խաչատրյան

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, ՀՀ Գլխավոր դատախազ
Արթուր Դավթյանին՝ «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանից։

Հանցագործության մասին հաղորդում

Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ, 2019 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած Առողջապահական խորհրդի նիստի ժամանակ տեղի է ունեցել բանավեճ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։ 
 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այդ օրվա նիստի արձանագրության 4-րդ էջում նշվում է, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին հանձնարարում է «անտեսել» քաղաքացիների դիմումները։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանդիսանում է վերահսկող կառույց, որը ենթարկվում է վարչապետին։ Այն պարտավոր է և իրականացրել է այդ թվում նաև Առողջապահության նախարարության գործունեության վերահսկողություն։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չունի լիազորություն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներին հանձնարարականներ տալու։ Քաղաքացիների յուրաքանչյուր դիմում պետք է ուսումնասիրվի օրենքի տառին համապատասխան, իսկ դրան խոչընդոտելու իրավասություն Արսեն Թորոսյանը նույնպես չունի։

Հավելեմ, որ խոսքը գնում է անձամբ իմ կողմից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ներկայացրած դիմումի մասին, որի հիման վրա հարուցվել էր վարչական վարույթ և հայտնաբերվել էր իրավախախտում։ 

Եզրակացնում եմ, որ Արսեն Թորոսյանը նպատակ է ունեցել կոծկել իրավախախտումը և իրականացնել հետագա իրավախախտումներ։

Այսպիսով, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խախտել է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածները։ 

Ելնելով վերոգրյալից` պահանջում եմ կատարվածի առնչությամբ անհապաղ հարուցել քրեական գործ, պարզել իրականությունը և պատասխանատվության կանչել Արսեն Թորոսյանին, ով խախտել է Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածները։

(Կից ներկայացնում եմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրությունն ամբողջությամբ)։


Հարգանքով`

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ 
Մարինա Խաչատրյան