Խառնամբոխ ենք. ազգը Նիկոլ չի ծնում

Խառնամբոխ ենք. ազգը Նիկոլ չի ծնում

Ինչպես է պատահում, որ փողոցից Նիկոլ է գալիս իշխանության, կորցնում հայրենիքի մասը, մնացած մասի սահմանները բացում նվաճելու պատրաստ թշնամու առաջ, երկրի անվտանգությունը զրոյացնում, բանակը կազմալուծում եւ քանդուքարափ անում պատերազմի ժամանակ, իսկ պատերազմից հետո ցիրուցան մասերը լուծարելու թեզ առաջ քաշում՝ բարեփոխման անվան տակ: Հետեւողականորեն ոչնչացնում է երկրի ինքնությունը պահպանող արժեքները, ի վերջո՝ պետականությունը, ինքնիշխանությունը կորստյան մատնում եւ իրավունք ստանում՝ հայտ ներկայացնի, շանս ունենա նորից ընտրվելու, վերարտադրվելու:

Եթե ժամանակ առաջ մեզ դասախոսություն կարդային այդ թեմայով մի սրահում կամ բաց դաշտում, ասելու էինք, որ սա ժողովուրդ չէ, ազգ չէ, պետություն չէ, քամահրելու էինք եւ տհաճություն էինք զգալու: 

Սույն դասախոսության մեջ հետեւանքի հետ նշված են նաեւ հետեւանքի հետեւանքները: 30 տարի պետություն սարքելու փոխարեն պետություն քանդեցին ե՛ւ վերեւները, ե՛ւ ներքեւները: Վերեւից ասացին՝ այսպես պետք է լինի, ինչ ուզում՝ այն էլ անում ենք, ներքեւից ասացինք՝ չպետք է այդպես լինի, չեք անի այն, ինչ ուզում եք: Արդյունքում 4-5 անգամ դուրս եկանք մեր պետականության դեմ, ոխերմորեն ու թշնամաբար փորձեցինք ոչնչացնել ինքներս մեզ: Վերջին ռաունդը ստացվեց,  այն էլ՝ նոկդաունով:

Մենք մեր երկիրը չդարձրինք հայրենիք, հայրենիքը՝ պետություն: Մենք արտագաղթեցինք՝ խալխի դռանը կուշտ ուտելու փափագով: Մերը չհամարեցինք ո՛չ Արցախը, ո՛չ հաղթանակը, ո՛չ անկախությունն ու պետականությունը, չզգացինք ո՛չ գենով, ո՛չ արյամբ, ո՛չ բանականությամբ: Մենք մերը չենք համարում նաեւ այս 29 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանը: Մերը չենք համարում ունեցած ոչ մի արժեք, եւ թշնամին ասում է՝  իմն է, ու դարձնում է իրենը: Որովհետեւ այդպես մենք ենք ցանկանում, մենք ենք տալիս, ինչ էլ դեռ չենք տվել, դռները բացել ենք ուզվորի առաջ.  արի՝ մեզ քեզնով արա: Հնարավորություն տվեք, մենք մեզնից խրտնած փախնող ենք՝  գաղթականի, հացկատակի պես: Կա՞ երկրի վրա էլի այսպիսի մի ազգ: 

Մեր երիտասարդը չի գիտակցում անկախություն, պետականություն: Ոչ միայն իրենը չի համարում, այլեւ հեռու է դրանից մի ամբողջ տիեզերական ժամանակ: Կարծես մեկ այլ քաղաքակրթությունից են ընկել՝ երկրային բարքերին ու կանոններին խորթ ու օտար: Ցավոք, այդպիսին է վերջին երկու սերունդը, առաջինը՝ արդեն հասուն, միջին տարիքին մերձ: Երեք տարի առաջ ուսանողը դուրս եկավ փողոց, պարեց եւ հեղափոխություն արեց: Իսկ հեղափոխությունները քանդում են պետությունները: Այսօր, երբ մենք կորցրել եւ կորցնում ենք մեր հայրենիքը եւ պետականությունը, ուսանողությունն անտարբեր է, անհաղորդ, տիեզերական այլ ժամանակի մեջ է ապրում: Կորուստը չի համարում իրենը: Կա՞ մեկ այլ երկրում այսպիսի երիտասարդություն: 

Ազգը Նիկոլ չի ծնում, ժողովուրդը Նիկոլ չի ծնում, Նիկոլ ծնում է խառնամբոխը: Մենք չենք ուզում ունենալ հայրենիք, պետականություն, ապրել ազատ ու ինքնիշխան: Մենք ապրե՛լ չենք ուզում: Մենք երազում էինք՝ գա մեկը եւ ավերի, ցիրուցան անի մեզ, եւ եկավ Նիկոլը: Դեռ մենք կսիրենք ու կփայփայենք, ամուր կբռնենք եւ բաց չենք թողնի Նիկոլին այնքան ժամանակ, մինչեւ վերջնականապես չի արել մեզ շանսատակ:

Հուսիկ Արա