Նիկոլիզմ կամ անգաղափար նեոբոլշեւիզմ

Նիկոլիզմ կամ անգաղափար նեոբոլշեւիզմ

Փաշինյան Նիկոլի իշխանության առաջին տարում ընդդիմադիր անհատները նրա իշխանությունն անվանեցին նեոբոլշեւիկյան: Հետո, զարմանալիորեն, այդ բնորոշումը մոռացության մատնվեց: Այդ հարցում իր դերը խաղաց սկզբում կորոնավիրուսային համավարակը, իսկ հետո՝ պատերազմը: Եվ հիմնականում ճիշտ եւ տեղին բնորոշումը փոխարինվեց անձամբ Նիկոլին մեղսագրվող, ոչ պակաս ճիշտ եւ տեղին, դավաճան եւ անմեղսունակ բնորոշումներով: Սակայն, կարծում եմ, Փաշինյանի իշխանության՝ գաղափարական առումով գրագետ ներկայացումը նախկինում տրված բնորոշմանը վերադառնալն է՝ ավելի հստակեցված տարբերակով՝ անգաղափար նեոբոլշեւիզմ: Եվ, ի տարբերություն բոլշեւիզմի, ինչը իշխանության պահպանումն էր հանուն գաղափարախոսության, նիկոլական կամ անգաղափար նեոբոլշեւիզմը (նիկոլիզմ) իշխանության պահպանումն է հանուն նույն այդ իշխանության:

1918-ին բոլշեւիկյան Ռուսաստանի եւ կայզերական Գերմանիայի ու նրա դաշնակիցների (Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա, Բուլղարիա) միջեւ կնքված Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրով Վլադիմիր Լենինը (Ուլյանովը) հաղթողներին հանձնեց ավելի քան 1,2 մլն քառ․ կմ տարածք՝ 56 մլն բնակչությամբ: Ինչպես արդեն ասվեց, բոլշեւիկները նման քայլի դիմեցին հանուն իշխանության պահպանման, որպեսզի կարողանան իրականացնել, իրենց խոսքերով ասած,  համաշխարհային պրոլետարական հաղթական հեղափոխությունը: Կյանքը հետագայում կատարեց իր ճշգրտումները, եւ Լենինին հաջորդած Իոսիֆ Ստալինը մոռացության մատնեց համաշխարհային հեղափոխությունը ու փորձեց վերականգնել ցարական Ռուսաստանի հզորությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչն իրեն հիմնականում հաջողվեց: 

Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում նիկոլիզմի կամ անգաղափար նեոբոլշեւիզմի առումով: Տնտեսական անկում համարյա բոլոր ոլորտներում եւ բոլոր չափանիշներով: Կարեն Կարապետյանի վարչապետության շնորհիվ եւ դրա իներցիայով եռակի 100-ական փաստ ներկայացնող Փաշինյանն այսօր ի վիճակի չէ գոնե մեկ տասնյակ փաստ ներկայացնել հանրությանը: Մեկ-մեկ փորձում է գոնե մեկ «լավ լուր» հայտնել «սիրելի եւ հպարտ քաղաքացիներին», բայց շատ արագ պարզվում է, որ այն կեղծ էր: Անցնենք անվտանգությանը․ նախկիններից ժառանգություն ստացած անվտանգային համակարգի լիակատար ձախողում եւ մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ: Արդյունքում ստացանք բանակի եւ կառավարման պետական կառույցների նկատմամբ տոտալ անվստահություն: 

Անգաղափար նեոբոլշեւիզմը բերեց հասարակության պառակտում բազմաթիվ հարթություններում՝ սեւեր եւ սպիտակներ, հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ, նախկիններ եւ ներկաներ, հայաստանցիներ եւ ղարաբաղցիներ եւ այլն: Տեղի ունեցավ հանրային համակեցության լիակատար աղտոտում՝ հայհոյանքն ու անեծքը դարձան նիկոլիզմին բնորոշ հատկանիշներից: Սկսվելով սեւերի ու նախկինների նկատմամբ վերաբերմունքից՝ պատերազմում մեր պարտությունից հետո այն բումերանգի օրենքով ուղղվեց ընդդեմ Նիկոլի եւ նիկոլականների: Հասարակական հանդուրժողականության իսպառ բացակայությունը, մի կողմից, եւ կառավարման համակարգում Նիկոլի խոսքին լիակատար ենթարկվածությունը, մյուս կողմից, դարձել են նիկոլական նեոբոլշեւիզմի ուրիշ բնորոշ գծերից: 

Լուրջ մտահոգության տեղիք է տալիս ադրբեջանաթուրքական ոհմակի նկատմամբ վերաբերմունքի խնդիրը: Կենցաղային մակարդակում հասարակ մարդուն անգամ հասկանալի՝ հաղթած թշնամուց եկող ակնհայտ վտանգն անտեսող եւ նրա հետ բարիդրացիական հարաբերություն հաստատելուն ձգտող նիկոլական նեոբոլշեւիզմը հարցականի տակ է դնում մեր գոյությունը մեր իսկ հայրենիքում: Եվ հասարակության այն հատվածին, որը, ի տարբերություն նիկոլականների եւ նիկոլապաշտների, զգում է այդ վտանգը, ճակատագրով վերապահված է ծանր առաքելություն՝ երկիրն ազատել նիկոլիզմից կամ անգաղափար նեոբոլշեւիզմից:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ