ԱՄՆ-ի ճանաչումը ճիշտ ժամանակին էր

ԱՄՆ-ի ճանաչումը ճիշտ ժամանակին էր

2020-21-ի սովորական ու բնական ընթացքից դուրս հյուսվող մեր պատմության մեջ հիմնական ու ցավալի ցնցումը, որի հետցնցումները դեռ երկար զգալի կլինեն, իհարկե, 44-օրյա պատերազմի ընթացքում 3 հազար կամ գուցե 3 հազարից էլ ավելի զոհեր ունենալու փաստն է: Արցախի պաշտպանության բանակը մինչ այժմ 3 հազար 50 զոհված անձի անուն է հրապարակել: Դա կարող է, դժբախտաբար, դեռ վերջնական թիվը չլինել, բայց այդ թվից մեծ տարբերությունն էլ հավանական չէ: Այդ մասին առաջիկայում կգրեմ: 

Իսկ ներկա հոդվածում զոհվածներին չհիշատակել չեմ կարող, քանի որ բոլորիս միտքը դեռ զոհերի ու ցավի շուրջ է պտտվում, եւ կարծես չենք էլ նկատում, որ 2020-ի 44-օրյա պատերազմը եւ 2021-ի ԱՄՆ նախագահի կողմից ապրիլքսանչորսյան ուղերձում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունն օգտագործելը, ըստ էության, վերջակետ դրեցին այն կեղծ եւ պատիր նպատակներին, որոնց շուրջ կառուցվել էր Հայաստանի վերջին 20 տարվա պետական քաղաքականությունը` արցախյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանում եւ միջազգային հարթությունում ցեղասպանության դեմ քարոզչություն: 

Ընդսմին, թյուր ընկալումներից, թե սոփեստությունից ԼՂՀ-ում ստատուս-քվոյի պահպանումը ներքին լսարանի համար տարփողվում էր որպես հաղթանակ, ԱՄՆ նախագահի կողմից 1915-23-ի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելը` որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում: Չի բացառվում, որ իրենց վարած քաղաքականության ստրատեգիական դատապարտվածությունը եւ երկիրը բարգավաճման փոխարեն դեպի անկման տանելը ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի վարչակազմերը չէին գիտակցում: Մինչդեռ այդ ընթացքն անդառնալի վնասում էր Հայաստանին, քանի որ երկիրը հարեւանների հետ թշնամանքի, տնտեսական անկման եւ ռուսական ազդեցության ծիրում էին պահում նույնիսկ հարաբերական խաղաղության ժամանակ: 

Այժմ` այսպես, թե այնպես, նշյալ երկու նպատակներն էլ վերջացած են, քանի որ 44-օրյա պատերազմը վերջակետ դրեց ԼՂՀ հարցում տասնամյակներ ձգված ստատուս-քվոյին, նախագահ Բայդենի կողմից 1915-23թթ. կոտորածները «ցեղասպանություն» կոչելը վերջակետ դրեց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար պայքարի գլխավոր արարին: 20-ամյա շրջափուլն ավարտվեց, անսպասելի ու աննկատ եկավ ետիրադարձային փուլը, որտեղ քսան տարի տարփողված թիրախներն այլեւս վերացած են: 

Արդյունքում մենք թեւակոխել ենք մի շրջան, որի մասին ո՛չ պատկերացումներ են մշակվել, ո՛չ էլ դիսկուրսներ են երբեւէ վարվել: Դատարկ նպատակներ հռչակելու եւ դրանց ներքո ժամանակ գլորելով իշխանություն պահելու փուլին եկել է փոխարինելու մտածել կարողանալու եւ միտքը գործի վերածելու ժամանակը: Խնդիրներ, որ ո՛չ գործնականում, ո՛չ տեսականում հատման կետ չեն կարող ունենալ Փաշինյանի եւ «ուսապարկերի» հետ: Փառք Աստծո, երկիրը գնում է արտահերթ ընտրությունների, եւ պետք է հուսալ, որ նախընտրական արշավին մասնակցող ուժերից գոնե մի քանիսը ադեկվատ ընկալումներ եւ ծրագրեր կներկայացնեն եւ ընտրողներին վատի ու վատթարագույնի միջեւ ընտրություն կատարելու տառապանքից կազատեն։

Իսկ միջազգային հարթությունում թերեւս բոլորն էլ սպասում են ՀՀ խորհրդարանական ընտրությունների ավարտին, քանի որ իրադրությունն այնպիսին է, որ ե՛ւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ե՛ւ արցախյան խնդրի կարգավորումն այժմ ընթանալու են արագացված տեմպերով  եւ ոչ միայն Ռուսաստանի ու Թուրքիայի, այլեւ ԱՄՆ-ի (հնարավոր է՝ նաեւ Ֆրանսիայի կամ Ֆրանսիա-Գերմանիայի) գործուն մասնակցությամբ: Իմ խորը համոզմամբ, Հայաստանի ապագայի հիմքը` գուցե տասնամյակների համար հենց առաջիկայում է դրվելու, եւ ԱՄՆ նախագահի կողմից հենց այժմ «ցեղասպանություն» բառն օգտագործելը հիշեցնում էր ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Ռուսաստանին, որ ԱՄՆ-ն խաղի մեջ է Անատոլիայում եւ Հարավային Կովկասում` որոշիչ ձայնով եւ դերակատարությամբ: 

Իսկ այն, ինչ ընկած է առջեւում, ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդությամբ ԼՂԻՄ սահմաններում Արցախի անկախության միջազգային ճանաչումն է եւ դրանով ԼՂՀ հակամարտության վերջնական կարգավորումը: Այնուհետ՝ դրանից առաջ, հետո կամ զուգահեռ, տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, որը Հայաստանի համար մեկ գլխավոր հանգրվան եւ ուղղություն պետք է ունենա` Թուրքիայի հետ սահմանի բացում եւ Վանով ու Մերսինով ելք դեպի Միջերկրական ծով, եթե հնարավոր է` ԱՄՆ ներգրավվածությամբ եւ հովանավորությամբ: 

Դեպի Միջերկրական ծով ելքը եւ միայն դա կարող է Հայաստանի համար ժամանակի մեջ ապահովել տնտեսական զարգացում եւ միջազգային ինտեգրում` դրանից արտածվող  անվտանգային միջավայրով ու ինքնուրույնությամբ: Եթե քսանքանի տարի առաջ ԼՂ խնդիրը կարգավորված եւ Հայաստանի համար դեպի Միջերկրական ծով ելք բացված լիներ, հիմա թերեւս Հունաստանի կարգի հարաբերություններ կունենայինք աշխարհի հետ, ոչ թե ռուսական ֆորպոստի: Պողոս Նուբար փաշան հարյուր տարի առաջ Վերսալյան համաժողովում, Սեւրի դաշնագրով նախատեսված Հայաստանի սահմանների պարագայում անգամ ասում էր. «Կիլիկիան Հայաստանի թոքերն են, առանց Կիլիկիայի Հայաստանը չի կարող շնչել ու ապրել»:  Հարյուր տարի անց աշխարհագրական իրողությունները չեն փոխվել, որքան էլ քարտեզային սահմաններ են գծվել: 

Այսօր էլ համարյա ցանկացած միջազգային նավային ընկերություն շաբաթը երկու երթուղի է իրականացնում Միջերկրականի ավազանում` Ջիբրալթարից Մարոկկոյի, Եգիպտոսի, Սիրիայի, Թուրքիայի, Հունաստանի ափերով դեպի Իտալիա, եւ միայն ամսվա ընթացքում մեկ անգամ որոշ ընկերություններ մեկ երթուղի են իրականացնում դեպի Սեւ ծով: Միջերկրական ելք ապահովել՝ նշանակում է վերադառնալ այն դարպասի դերին, որ Կիլիկիան ուներ Եվրոպայի համար միջնադարում` դեպի Միջին Արեւելք ու Միջին Ասիա: Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն այդ երթուղիներին անգամ մոտենա` կապը Միջերկրական ծովի հետ պետք է լինի Հայաստանի տարածքով` թե՛ Ադրբեջանի համար, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ մյուսների:  Աստված մեզ տվել է խաչմերուկ, չի կարելի սեփական ապիկարությամբ այն դարձնել փակուղի, ինչպես արել ենք 30 տարի: