Փաշինյանը գիտակցո՞ւմ է, որ Քոչարյան է դառնում

Փաշինյանը գիտակցո՞ւմ է, որ Քոչարյան է դառնում

Նիկոլ Փաշինյանի որդու եւ 44-օրյա պատերազմում իրենց զավակներին կորցրած ծնողների միջեւ ծավալված դիմակայությունում ամենից դժվարը` դեժավյուի զգացում ու ընդվզում առաջացնողը Կառավարության տան առջեւ նստացույց անող ծնողներն էին: Հնարավոր չէր տեսնել այդ որդեկորույս ծնողներին Կառավարության տան առջեւ նստած ու մտովի չվերապրել այն զգացումները, որ պատել էին բոլորիս, երբ կալանավորվել էր ՀՀ հանգուցյալ Պնախարար, վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը` Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով: Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը, ով կորցրել էր մի որդուն եւ չէր հաշտվում մյուս որդուն ներկայացված մեղադրանքի հետ, նստացույց էր սկսել ՀՀ նախագահի նստավայրի առջեւ:

Այդ պատկերը` նախագահական նստավայրի առջեւ, արեւի ու անձրեւի ներքո, գիշեր ու ցերեկ նստացույց անող տիկին Գրետան եւ նրա կողքով անհաղորդ նախագահական պալատ ներսուդուրս անող Ռոբերտ Քոչարյանը` համարյա շեքսպիրյան դրամա էր: Այն Քոչարյանը, որ ցկյանս պարտական էր տիկին Գրետայի երկու որդիներին` Վազգեն եւ Արամ Սարգսյաններին, դեմքին դաջված ողջ անտարբերությամբ շաբաթներ շարունակ նահագահական էր մտնում-դուրս գալիս` չմոտենալով տիկին Գրետային: Ռոբերտ Քոչարյանն էլ, ինչպես այսօր Նիկոլ Փաշինյանը, հայտարարում էր, թե հարցն իրավական հարթությունում է, ինքը չի կարող միջամտել: Մինչդեռ ողջ երկիրը խնդիրը բարոյական հարթությունում էր տեսնում: 

Բաց երկնքի տակ նստացույց անող տիկին Գրետայի պատկերից անհնար էր չմտաբերել, թե ինչպես Վազգեն Սարգսյանը 1998-ի փետրվարի պալատական հեղաշրջումով, ՀՀ սահմանադրությունը ոտնահարելով, արտահերթ նախագահական ընտրություններ կեղծելով, Ռոբերտ Քոչարյանին դարձրեց ՀՀ նախագահ: Հետո, իհարկե, գործած սխալը, հավանաբար, գիտակցեց, փորձեց ուղղել, 1999-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքով իշխանության ղեկը ստանձնել, բայց հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը Վազգեն Սարգսյանի կյանքին վերջակետ դրեց: Դրանից հետո, երբ նույն գիշերը ՊՆ-ում հավաքված զինվորականները, Ռոբերտ Քոչարյանին համարելով Հոկտեմբերի 27-ի գլխավոր պատասխանատու, պատրաստ էին նրան ինքնադատաստանի ենթարկել, տիկին Գրետայի մյուս որդին` Արամ Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ կանգնեց Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի զինակիցների միջեւ՝ ցույց տալով, որ եթե իր վշտի մեջ ինքը կարող է հանդուրժել Քոչարյանին եւ զարգացումներն իրավական հուն ուղղորդել, ապա մյուսները չեն կարող «պապից ավելի կաթոլիկ լինել» եւ պետք է նույնն անեն: Արամ Սարգսյանն իր անձով պատսպարեց Քոչարյանին, երբ 1999-ի նոյեմբեր-դեկտեմբերին նրա կյանքը վտանգված էր, նա ահաբեկված էր: Եվ դրան ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը, ի ցույց դնելով մարդկային անկման մի անպատկերացնելի տեսարան, նստացույց անող տիկին Գրետայի կողքով օրեր շարունակ նախագահական պալատ էր մտնում` առանց տիկին Գրետային մոտենալու: Եվ, կարծում եմ, օրինաչափ է, որ հետո նրան կալանավորեցին, ամիսներով ազատազրկված մնաց, իսկ հասարակության ճնշող մեծամասնության վերաբերմունքն անտարբերությունը եղավ: 

Ու հիմա Նիկոլ Փաշինյանն է նույն ճանապարհին կանգնում` Գայանե Հակոբյանին կալանավորելու եւ 44-օրյա պատերազմում իրենց որդիներին կորցրած ծնողներին Կառավարության շենքի առջեւ նստացույցի առիթ տալով: Փաշինյանը թող «իրավական հարթության» կամ «ընթացակարգերի» ետեւում չթաքնվի: Այդ ծնողների զոհված զավակները ոչ միայն Փաշինյանին ու իր անարժան իշխանությանը, այլեւ իրենց կյանքի գնով Հայաստան ու Արցախ են փրկել: Եվ այդ որդեկորույս ծնողների բարոյական կշիռն ու ճնշումն այնպիսին է, որ նրանց հետ դիմակայության մեջ մտնելուց ոչ մի իրավական հարթություն ու ընթացք Նիկոլ Փաշինյանին չի փրկի հոգեւոր գահավիժումից ու հասարակության աչքում ոչնչանալուց:

Գալով Աշոտ Փաշինյանին՝ այն կարծիքին եմ, որ Աշոտը ճիշտ է վարվել՝ ավտոմեքենայից դուրս նետվելով: Գայանե Հակոբյանի ավտոմեքենայում մնալը, երբ այդ կինը գուցե աֆեկտի վիճակում ղեկին էր, կարող էր Աշոտ Փաշինյանի կյանքի համար վտանգավոր լինել: Ո՞վ կարող է երաշխավորել, որ պահի ազդեցությամբ տիկին Գայանեն ավտոմեքենան վթարի չէր տանի` սպանելով ե՛ւ իրեն, ե՛ւ Աշոտ Փաշինյանին: Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս նետվելով՝ ուղղակի երաշխավորել է իր կյանքը եւ տիկին Գայանե Հակոբյանի` մարդասպան չդառնալը: Հետեւաբար, Աշոտ Փաշինյանը, ինչպես ամեն չափահաս, կյանքի ու շարժման մեջ գտնվող մարդ, սպասելի է, որ արժանին մատուցի իր արագ կողմնորոշվելուն, շնորհակալ լինի Աստծուն եւ շարունակի ապրել` ետ վերցնելով տիկին Գայանե Հակոբյանի դեմ ներկայացված` իրեն առեւանգելու մասին հաղորդումը եւ փակելով այդ թեման: Ո՞ւմ ակնհայտ չէ, որ այդ կինը, կորցրած որդու մասին հիշողությունների ճնշման ներքո, ո՛չ հանցագործ է, ո՛չ էլ մարդասպան: 

Վերջապես, տիկին Գայանե Հակոբյանն էլ պետք է խորհի եւ ընդունի, որ ինքը սխալ է վարվել: Այդ հուզված վիճակում մեքենայում կարող էր զրուցել եւ հանդարտվել, բայց այդպես մեքենան վարելով կարող էր հակառակը` վթարի գնալ ու մարդասպան դառնալ: Հետեւաբար, ինքն էլ ճիշտ կվարվի, եթե իր վարքի համար ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից, որոնց ապրումներ է պատճառել: