Կովը

Կովը

ՔՊ-շնիկ պատգամավոր Գուրգեն Արսենյանին անչափ հետաքրքրել էր Հայաստանում ապրող կովերի թեման: Կարող եմ ասել՝ նա ընդհուպ հուզվել էր, թեեւ կովեր ապրում են գրեթե ամենուր, եւ այնպես էլ չէ, որ այդ ոչ այնքան էկզոտիկ կենդանիներն առաջին անգամ 2018-ին են հայտնվել Հայաստանում: Էէէէ, երբ են փոքրիկ Դավիթին արել նախրապան: Դավիթից առաջ էլ հայերը կով էին պահում… Խորենացին այդ մասին ոչ մի հիշատակություն չի թողել, բայց ենթադրում եմ, որ հայերն առնվազն գիտեին, թե ինչ է կովի կաթը եւ ինչ կարելի է պատրաստել դրանից: Օրինակ՝ մածուն: Հայկ Նահապետը, որ կաթ ու մածուն չուտեր, կարո՞ղ էր Բելին հաղթել: Բայց դու տես, որ 21-րդ դարում ՀՀ թավշյա իշխանություններն իրենց համար նոր են բացահայտում, թե ինչ է կովը:

Եվ ուրեմն էն էի ասում, որ Գուրգեն Արսենյանը լռվել էր կովի թեմայի վրա ու հարց էր ուղղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Վահան Քերոբյանը չէր ուզում պատասխանել Արսենյանի հարցին, որովհետեւ ողնաշարով էր զգում, որ այդտեղ մի բան այն չէ, ու եթե փորձի պատասխանել, ընկնելու է պատմությունների մեջ… օթյակը լիքը լրագրող, գյուղերից եկած աշակերտներ: Ո՞ր մեկի բերանը փակես դրանից հետո: Ինչեւէ, իրավիճակը փրկեց Նիկոլ Փաշինյանը, որ ձեռք բարձրացրեց, եւ ԱԺ փոխխոսնակը նրան հրավիրեց ամբիոնի մոտ: Քորվելով եկավ, կանգնեց ամբիոնի մոտ, կոստյումի կոճակն արձակեց, ապա կրկին կոճկվեց ու սկսեց.

- Ես գյուղի տղա եմ, երկար տարիներ ապրել եմ գյուղում եւ կովերի մասին մի պարզ ճշմարտություն գիտեմ…

ՔՊ-շնիկներով առլեցուն դահլիճը զուսպ փռթկացրեց. դե՝ բոլորն էլ մի-մի գյուղից էին, ու կովերի մասին որոշակի ճշմարտություններ իրենք էլ գիտեին: Որի պապն է նախրչի եղել, որի՝ մեծ հորեղբայրը… Էլ չեմ ասում, որ Փաշինյանին դիտող ողջ երկիրը փռթկացրեց, բացառությամբ, թերեւս, ծննդատներում նոր-նոր լույս աշխարհ եկող երեխաների, որոնք զուտ օբյեկտիվ պատճառներով չգիտեին, թե ինչ է կովը: Ու մեկ էլ Նիկոլը ներկայացրեց կովի մասին իր իմացած առաջին ճշմարտությունը, թե բա՝ կովը կաթ է տալիս: Դարձյալ զուսպ փռթկոց… Թե բա՝ էն կովը կով չի, որ օրական 10 լիտր կաթ է տալիս: Լավ կովը պիտի քիչ կաթ տա, որ կաթի գինը շուկայում չընկնի: ՔՊ-շնիկների տնտեսագիտական մտքի ներկայացուցիչներն իրար նայեցին՝ էս ի՞նչ ա ասում վարչապետը: Հիմա որ կովը շատ կաթ է տալիս, դա լա՞վ է, թե՞ վատ: Ու մինչ նրանք իրար էին նայում, ես հիշեցի պապիս հայտնի խոսքը մեր գյուղի ձախավեր չոբան Վասիլի մասին: Ասում էր՝ Վասիլն ու նրա նմանները որ չլինեին, էշի գինը շուկայում այդքան չէր ընկնի:

Արսենյան Գուգոն ափերից դուրս էր գալիս արդեն: Եվ որպեսզի վարչապետն այլ հիմարություններ չասեր կովերի մասին, թեման փոխեց: Ասաց` ես դա չեմ հարցնում, ինձ հետաքրքիր է, թե ինչից է պատրաստվում թթվասերը, եւ, արդյոք, թթվասերի մեջ վտանգավոր հավելումներ չկա՞ն: Ահավասիկ, Ռուսաստանը հրաժարվել է հայկական կաթնամթերքից, ինչո՞ւ: Ռուսաստանի անունը լսելուն պես Փաշինյանն իրեն հավաքեց եւ սկսեց խոսել թթվասերից, որի մեջ կաթ չկա առհասարակ: Օգտակար շատ հավելումներ կան, բայց կաթ չկա: Հետեւաբար, կովերն իզուր են չարչարվում եւ շատ կաթ տալիս: Դրանք ի՞նչ կովեր են, որ մինչ օրս պատկերացում չունեն շուկայի պահանջարկի մասին:

Լսեցի՞ք, գեղարքունիքցիներ, որ կաթի գնի անկման կապակցությամբ տռաս-մռաս եք փակում: Տռաս փակելու փոխարեն ձեր կովերին ասեք՝ քիչ կաթ տան: Այլապես տաքացվող գոմեր եք սարքել, չգիտեմ ինչեր եք արել, կովերն էլ լկտիացել են ու կաթ ա, որ տալիս են: Այստեղ էլ մեր վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշեցի: Էն, որ գնացել էր Արագածոտնի Առինջ գյուղ ու այնտեղից «լայվ» մտել կովերի հետ: Որպեսզի կովը շատ կաթ տա, ասում էր վարչապետը, կովի հետ պետք է նուրբ վարվել, կթելուց առաջ կուրծքը լվանալ գոլ ջրով, սրբել փափուկ սրբիչով եւ նոր միայն կթել: Փաստորեն, Նիկոլը խոշոր եղջերավոր անասունների գծով բոլորովին այլ կոնցեպցիա ունի: Ասում է՝ էն կովը կով չի, որ ցրտին չի դիմանում ու պահանջում է իր գոմը տաքացնել: Աշխարհում տենց բան չկա՝ տաքացվող գոմ: Գոմը պետք է խելացի լինի եւ ոչ թե տաքացվող: Դա աբսուրդ է…

Սիսիանցի ՔՊ-շնիկ պատգամավորները լավ գիտեն, թե ինչ է նշանակում հետեւյալ ասացվածքը՝ ախպեր, սառել դարձել էինք սիսիանցու ըըըըը… բան: Դե հիմա Իջեւանի մեղմ կլիմային սովոր Նիկոլ՝ նա ի՞նչ իմանա, թե սիսիանցիք ու գեղարքունիքցիք իրենց կովերի հետ ինչպես են դիմակայում սառնամանիքներին: Մեր կովերի հոլանդացի ցեղակիցները տաք գոմի կարիք չունեն: Երջանկահիշատակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հիշում եմ, օգտվելով հոլանդական կովերի այդ սովորությունից, մի քանի տասնյակ կով բերել տվեց Եվրոպայից, որ հա՛մ գոմերի տաքացման պրոբլեմից ազատվենք, հա՛մ էլ մեր կովերի ցեղատեսակներն ու կաթնատվությունը բարելավենք: Ամեն ինչ լավ էր ընթանում: Հայկական ցլիկների քեֆին քեֆ չէր հասնում: Բայց դա տեւեց մինչեւ ձմեռ: Գարնանն արդեն հոլանդուհի կովեր չկային:

Փաշինյանը եկար խոսեց կովերից: Ինձ համար պարզ էր, սակայն, որ նա կովերի մասնագետ չէ: Արսենյանն էլ հարց էր գտել տալու: Խոզերից հարցներ գոնե: Կարգին կենդանի է խոզը՝ կաթ չի տալիս, կաթի գինը չի գցում, ամռանը քշում ես անտառ՝ ձմռան դեմ տուն է գալիս՝ ճտերը հետեւը գցած: Թե որ վայրի խոզերի (վարազի) հետ էլ հանդիպած են լինում, էդ ճտերի մեջքը սեւ-սպիտակ շերտերով է պատված լինում: Այ, սա գործ ա, թե չէ՝ կով: Խոզն էնքան միս պիտի տա, որ խորովածի գինն ընկնի, վարչապետն էլ փողոցներում խորոված անի ու պողոսներին զարմացնի:
Այսքանից հետո Փաշինյանի քաղաքագիտական վերլուծություններին ականջ կախելու հավես չմնաց: Միայն այն լսեցի, որ ինչ-որ կադաստրից խոսեց: Սպասում էի, որ հիմա կասի՝ էն կովը կով չի, որ կադաստրի վկայական չունի… Ու հենց այդտեղ հերոսածին Աննա Հակոբյանից SMS եկավ. «Ի՞նչ ես չանեդ կախել՝ ձավար անում ԱԺ-ում, արագ տուն արի, լողացիր, Մոսկվա ենք թռչում»: