Սեռական կողմնորոշման խտրականություն՝ «թավշյա» Հայաստանում

Սեռական կողմնորոշման խտրականություն՝ «թավշյա» Հայաստանում

Եթե «Սերժի վախտ» իրենց իրավունքների ոտնահարումից բողոքում էին սեռական փոքրամասնությունները, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները վախվորած՝ գիշերներն էին դուրս գալիս «մարդամեջ», ապա հիմա գնալով հակառակն է դառնում. ավանդական կողմնորոշում ունեցողների իրավունքներն են ոտնահարվում, նրանք են հայտնվում հալածյալի կարգավիճակում: Հիմա ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ մի հարգա՜նք, մի պատի՜վ իշխանության ամենավերին օղակների կողմից: Երեկ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների մեջ շատերին վրդովեցրեց ոստիկանների բիրտ ուժի կիրառումն աշխարհի չեմպիոնի նկատմամբ:

Ազգությամբ եզդի հայաստանցի ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ է, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ մինչեւ 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում։ 2011 թվականին նա ընտրվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ Լինելով սպորտի բնագավառի մարդ՝ եկել էր սատարելու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին. ԱԺ-ում քննարկվելու էր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Եվ մենք տեսանք, թե ինչպես տասնյակից ավելի ոստիկաններ խմբով հարձակվել էին նրա վրա, տապալեցին գետնին, այնուհետեւ ձեռքերը եւ ոտքերը բռնած՝ բերման ենթարկեցին: Այդպես վարվում էին մի մարդու հետ, ով Հայաստանի դրոշը բարձրացրել է տարբեր երկրներում ու պատվով դուրս եկել տարբեր մրցաշարերից: Հիշենք, թե ինչպես էր Փաշինյանը վրդովվել հասարակության դժգոհությունից, որն առաջացրել էր սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար 20 մլն դրամի հատկացման փաստը: Վարչապետը վրդովված ասում էր. «Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչեւ հիմա գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է»։ Հետո հավելում. «Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է»: 

Այդ ինչպե՞ս եղավ, որ մի դեպքում դրոշակակիրը, հաղթական դրոշը բարձրացնողը հերոսացվում է, հերոսացվում ու գեղագիտորեն ներկայացվում է նաեւ նրա սեռափոխվելու պատմությունը, դրա համար հարկատուների հաշվին ծախսվում է 20 մլն դրամ, իսկ հայկական հաղթական դրոշը բարձրացնող մեկ այլ մարդ տապալվում է գետնին, նվաստացվում…

Համացանցը ողողված է տեսանյութերով, թե ինչպես են ոստիկանները նվաստացնելով գետնին տապալում շարքային քաղաքացիներին՝ այն պատճառով, որ նրանք դիմակ չեն կրում, կամ դիմակի կրման ձեւը ոստիկանների սրտով չէ: Անգամ մի կնոջ հանդեպ նմանօրինակ բռնության դեպքն արդարացրեց անձամբ վարչապետ Փաշինյանը: Իսկ այն օրը, երբ ՀՀ ԳՇ պետի որդու հարսանիքն էր, որի արդյունքում հայտարարվեց, որ նա պարետի հրամանին չի ենթարկվել, եւ պաշտոնանկ արվեց, լրատվամիջոցներից մեկը տեսանյութ հրապարակեց, թե ինչպես են այդ նույն օրերին տրանսգենդերները, իրար գլուխ-գլխի հավաքված, ուզածի պես «տժժում»՝ նշելով ծննդյան օր: ԼԳԲՏ-ականներն ուրախանում էին առանց դիմակի ու առանց սոցիալական հեռավորություն պահելու: Ոստիկանության ոչ մի աշխատակից չէր համարձակվել մտնել այդ ակումբը, նրանց պատասխանատվության ենթարկել՝ տուգանել, բերման ենթարկել, գետնին տապալել: Անգամ այդ հրապարակումից հետո ոչ մի պաշտոնական արձագանք չեղավ: Չեղավ, քանի որ թավշյա իշխանությունը հատուկ հարգալից վերաբերմունք ունի սեռափոխվածների հանդեպ: Գուցե վախենում են, որ վերջիններիս նեղացնելու դեպքում նրանց դրսի «պապաները» կզանգեն ու թավշյաների ականջները մի լավ կձգե՞ն: Իսկ Հայաստանի չսեռափոխված քաղաքացին դեռ կծեփվի պատերին ու կփռվի ասֆալտին…