Հեղաշրջման ոլորապտույտները

Հեղաշրջման ոլորապտույտները

Ներհայաստանյան իրավիճակը՝ պարուրված քաղաքական, դատաիրավական, համաճարակային տագնապալի զարգացումներով, հասել է այն ճամփաբաժանին, որտեղից սկիզբ են առնում երեք տարբեր ճանապարհներ՝ երկրի ապակայունացումը, բռնապետության հաստատումը, հեղաշրջումները: Երեք տարբեր ճանապարհներ, որոնք մեկ ընդհանրություն ունեն՝ երեքն էլ ականապատված են: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Հայաստանը, այսպես թե այնպես, ընթանում կամ ընթանալու է այդ խոտոր ճանապարհներից որեւէ մեկով: 

Ապակայունացումը: Սերժ Սարգսյանի՝ ճահճացման քաղաքականությունը թավշյա հեղափոխությամբ մերժելուց հետո Հայաստանն ընթացավ ոչ թե քաղաքական մեծ փոփոխությունների ճանապարհով, այլ հայտնվեց չդադարող ապակայունացման դարուփոսերում: Հետհեղափոխական Հայաստանի ապակայունացման մացառներն արմատախիլ անելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը հանրությանը խրախուսեց ընթանալ դրանցով, թեպետ հանրությունն ու պետությունն արյունոտ վնասվածքներ կարող էին ձեռք բերել: 

Հետհեղափոխական Հայաստանի երիտասարդ մարմնի մեջ արդարության եւ օրինականության նոր արյուն ներարկելու փոխարեն երկրում տարածվեցին ընտրովի արդարադատության, չվերահսկվող օրինազանցության՝ հին հիվանդության հարուցիչները: Արտոնյալների նախկին վերնախավին փոխարինեցին նոր առանձնաշնորհյալները՝ հարաճուն պետական պարգեւավճարներով: Կադրային քաղաքականությունը դարձավ այն խորշակը, որ ցաքուցրիվ արեց նոր Հայաստանի կերտման հույսերը: Իր կառավարման սխալներից Փաշինյանն ուշադրությունը փորձում էր շեղել ներհասարակական խժդժություններ հրահրելով: 

Նախկինների եւ ներկաների հարատեւ կռվի, կենսունակ կուսակցությունների չգոյության, քաղաքականության ավերակների պայմաններում երկրի այսօրինակ ապակայունացումը խիստ վտանգավոր էր: Միաժամանակ, բախումներն ու անկայունությունն այն հողն էին, որի վրա է միայն կարողանում կանգնել Նիկոլ Փաշինյանը: Սա թեպետ անձնական նախընտրություն է, սակայն վարչապետի պաշտոնում այն վերածվում է կառավարչական աղետի: Այս վտանգավոր նախընտրությամբ Հայաստանում սկզբնավորվեց հակահեղափոխության վերահավաքման ու վերակազմավորման՝ նույնչափ վտանգավոր գործընթացը: Հայաստանի ապակայունացման գետը հորդացավ հակահեղափոխության պղտոր անձրեւներից: Թվում էր, թե դա հենց այն էր, ինչ պետք է բռնապետության հաստատման ձգտումներ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բռնապետությունը: Լիուլի վայելելով սուպերվարչապետության, միակուսակցական համակարգի սահմանադրական երջանկությունը, ոչնչացնելով պառլամենտարիզմի վերջին նշույլները՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ընթանալ երկրորդ խոտոր՝ բռնապետության հաստատման ճանապարհով, որը Հայաստանում կա՛մ անհնար է, կա՛մ կարճատեւ ընթացք կունենա: 

Հեղաշրջումը: Երբ 2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի Երեւանում՝ Նորք-Մարաշում, վնասազերծվել է 20 հոգանոց զինված խումբ՝ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, Հայաստանում քչերը հավատացին դրան: Խումբը, ուր, ըստ ԱԱԾ-ի, ներգրավված էին նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Թոթոնջյանը, «ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը. թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, ԱԺ-ի, ՍԴ-ի, կառավարության, Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա»: Քչերը հավատացին զինված հեղաշրջման այս ծրագրին ոչ այն պատճառով, որ դա հնարավոր չէ: ՀՀ ամեն երկրորդ քաղաքացի երազում էր այս կամ այն կերպ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մասին: Ակնհայտ էր, որ մի խմբի վնասազերծմամբ չէր փակվում այլ խմբերի առաջացման հնարավորությունը: Անկախ այդ պատմության հանգամանքներից, պարզ էր, որ Հայաստանում իշխանափոխության ցանկացած տարբերակ քննարկվում էր, այդ թվում եւ՝ զինված հեղաշրջումը, որի հաջորդ փորձն իրականացվեց 2016թ. հուլիսի 17-ին՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավմամբ: 

Կեղծված ընտրություններով իշխանության պարբերական բռնազավթումը փակել էր քաղաքակիրթ իշխանափոխության դուռը՝ բացելով հեղափոխության եւ հեղաշրջման դարպասները: 
Իր կառավարման ընթացքում Սերժ Սարգսյանը ջախջախեց իշխանափոխության բոլոր տարբերակները՝ ընտրություններ, հեղափոխություններ, հեղաշրջումներ, ի վերջո, իշխանությունից հեռացավ հեղափոխության արդյունքում: Հեղափոխությունը նույնպես հեղաշրջման տարբերակներից է, թեպետ հեղափոխության մեջ ներգրավվում են լայն զանգվածները՝ ոչ միայն իշխանափոխության, այլեւ արդարության, քաղաքական փոփոխությունների ձգտումներով: Այն ամենը, ինչ թավշյա հեղափոխությունից հետո անկատար թողեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Ըստ տարաբնույթ լուրերի՝ ներհայաստանյան վերջին զարգացումների՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պատճառը եղել է այն, որ նա ներգրավվել է Միքայել Մինասյանի եւ հայտնի կուսակցական քառյակի իշխանափոխության ծրագրում, համաձայն որի՝ արտակարգ դրության վերացումից հետո ԱԺ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները, հանրային ճնշմամբ, անվստահություն էին հայտնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ըստ ներհայաստանյան օրինաչափությունների՝ միանգամայն հնարավոր տարբերակ է, մանավանդ որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վարչապետական ձգտումները ժամանակ առ ժամանակ վերարթնանում են կամ վերարթնացնում են: Հեղափոխական իշխանությունը պնդում է, որ խնդիրը բացառապես իրավական է եւ առնչվում է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառքներ բաժանելու ապօրինություններին: Հանրության մեծ մասի համար սա թերեւս անքննելի է, քանի որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում ընտրակաշառքները կազմել են հայկական արատավոր ընտրությունների անբաժան մասը, որին ներգրավվել են իշխանության համար պայքարող գրեթե բոլոր կուսակցությունները: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժամանակին ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ՝ որպես հակակշիռ իրեն առանձնապես չվստահող ՀՀԿ-ի: ԲՀԿ-ն եղել է ընտրակաշառք բաժանող հիմնական կուսակցություններից մեկը: Ընտրակաշառքները Քոչարյանին եւ Սարգսյանին հնարավորություն են տվել ե՛ւ վերահսկել խորհրդարանի քաղաքական քարտեզի ձեւավորումը, ե՛ւ օգտագործել որպես կոմպրոմատ ընտրություններում ներգրավված անհատների եւ կուսակցությունների դեմ, ե՛ւ ապահովել ընտրողների ակտիվ մասնակցությունը: Հայաստանում ընտրակաշառքը եղել է նախորդ բոլոր ընտրությունների անբաժան ուղեկիցը, եւ ԲՀԿ-ն գործել է ընտրակաշառքի բաժանման թույլատրելի սահմանաչափերի պայմաններում, թեպետ վերջնարդյունքները գրվել են ԿԸՀ-ում, որի ղեկավարն անմահ Տիգրան Մուկուչյանն է: 

Զուրկ քաղաքական, գաղափարախոսական, ծրագրային հենքից, ֆինանսական մեծ հոսքերի տիրապետմամբ՝ ԲՀԿ-ն, մի կողմից, եղել է Գագիկ Ծառուկյանի քաղաքական տանիքը, ԲՀԿ-ական պատգամավորների անձնական բարեկեցության աղբյուրն ու երաշխավորը, մյուս կողմից՝ նախկին եւ ներկա ընդդիմադիր կամ հակաիշխանական ուժերի գայթակղության քարը, որը շողարձակել է իշխանափոխության իրականացման ծրագրեր կազմելիս: ԲՀԿ-ն եղել է բոլոր իշխանությունների թե՛ հենարանը, թե՛ վտանգը միաժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանն ինքն է իշխանության հայտ ներկայացրել: Այս անգամ Ծառուկյանը, թերեւս հրահրվելով այլ ուժերի կողմից, դարձյալ հայտ ներկայացրեց՝ պահանջելով «կառավարության 100 տոկոսի հրաժարականը»: 
Ներհայաստանյան զարգացումները վկայում են, որ խնդիրը, իրականում, ավելի բարդ է, քան Ծառուկյանի վարչապետության հավակնությունները: Ծառուկյանն ու Փաշինյանն ընդհանրություններ շատ ունեն. երկուսն էլ չունեն քաղաքական գիտելիքներ, չեն տիրապետում քաղաքական բառապաշարի, ունեն նեղ, պարզունակ աշխարհընկալում, անձնիշխան են: 
Միաժամանակ, որքան աճում են նոր իշխանությունների ձախողումները, այնքան նվազում է հանրության վստահությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Կորցնելով այդ վստահությունը՝ Փաշինյանը հենվում է բացառապես ուժային կառույցների վրա: 

Կորոնավիրուսի համաճարակը ներքաղաքական գործընթացների թափանիվի պտույտներն արագացրեց եւ ավելացրեց՝ հանգեցնելով իշխանափոխության պահանջների: Վարակակիրների եւ մահվան դեպքերի արագ աճով Հայաստանում վիճակն օրհասական է: Անշուշտ, համաճարակի պայմաններում, իշխանափոխության նորօրյա ձգտումների մեջ խիստ վտանգավոր բաղադրիչ կա, երբ անթաքույց քարոզչություն է տարվում դիմակներ կրելու դեմ՝ դրանով իսկ վարակի տարածման օգտին: 

ՀՀ կառավարությունը ցավալիորեն ձախողել է համաճարակի հաղթահարումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վատնել է թե՛ իր կառավարման թանկ ժամանակը, թե՛ հեղափոխության հնարավորությունները, թե՛ Հայաստանի ժամանակն ու հնարավորությունները: Հրաժարականի պահանջները եւ հեղաշրջումները միշտ էլ կլինեն ձախողված իշխանության անբաժան ուղեկիցը: 
Վերջին 50 տարում աշխարհում իրականացվել են ավելի քան 200 հեղաշրջումներ եւ հեղափոխություններ: Հեղաշրջումների առումով աշխարհում առաջատարներն են Աֆրիկան եւ Լատինական Ամերիկան: Հայաստանը ո՛չ Աֆրիկայում է, ո՛չ Լատինական Ամերիկայում է, այլ նախկին խորհրդային տարածքում է, ուր վերջին երկու տասնամյակում հեղափոխություններն ու հեղաշրջումները նույնպես հաճախադեպ են եղել: 

Աշխարհի բոլոր հեղափոխությունների եւ հեղաշրջումների առաջնորդներն ունեն նույն ընդհանրությունները՝ նրանք ընթանում են նախորդ իշխանությունների սխալների ճանապարհով, հաճախ՝ իշխանազրկվելով գրեթե նույն կերպ, ինչպես իշխանության են եկել: 
Փաշինյանի իշխանությունն էլ, ցավոք, չշեղվեց համաշխարհային քաղաքական զարգացումների ցավալի օրինաչափություններից եւ բացառություն չկազմեց: Նրա կառավարման սխալներն ու հապաղումներն էլ բացել են հեղաշրջումների ծանր դուռը, որը փակելն այլեւս դժվար է լինելու: