Էլ մեղքը չի կարող գցել ժողովրդի վրա․․․

Էլ մեղքը չի կարող գցել ժողովրդի վրա․․․

Երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Մհեր Դավիդյանցը, մեծ աղմուկ բարձրացավ հանրության շրջանում։ Մամուլում շրջանառվեցին լուրեր, որ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում հաղթել է մրցույթը։ Նշանակումից կարճ ժամանակ անց Առողջապահության նախարարի հրամանով ընկերոջ՝ Դավիդյանցի աշխատավարձը 350 հազար դրամից դարձավ 710 հազար դրամ: Ինչևէ։

Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ուղիղ եթերով Նորքի բժշկական կենտրոնի ղեկավարի խոսակցությունից հետո ինձ մոտ միտք առաջացավ՝ ո՞վ է նա, ինչ կենսագրություն ունի։ Ոչ մի կերպ չկարողացա գտնել։ Հետաքրքրեց այն առումով, որ ամենավճռորոշ ժամանակ «ղեկավարը վրիպեց»։ Այդ «վրիպումը», շատ լուրջ ենթատեքստ ունեցող վրիպում էր։ Լսենք նրան․

«Վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսային հիվանդությունը փոխել է իր ընթացքն ու պատկերը։ Եթե հունվար (Շտկեց իսկույն հունվարը, փետրվար դարձրեց) -փետրվար-մարտ ամիսներին ունենում էինք հիմնականում թեթև ու միջին ծանրության դեպքեր,  այժմ գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը»։ Հիշեցնեմ, որ մարտի 4-ին, երբ Հրապարակը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է խուճապային այս իրավիճակում ամենաանհրաժեշտ կենտրոնի տնօրենը գնում արձակուրդ, փոխանցել էին, որ Դավիդյանցը առողջական խնդիրներ ունի, այդ մասին իրենց տեղեկացրել է։ Ապա նշեցին, որ այս պահին նրա բացակայությունը որպես արձակուրդ ձեւակերպված չէ։ Սա շատ կարևոր դրվագ է։

Ինտրիգներին քաջածանոթ Փաշինյանը իսկույն որսաց, որ Դավիդյանցի հայտարարությունը մեծ հետևանք կարող է ունենալ և  Մ. Դավիդյանի խոսքի ավարտից հետո ասաց.


«Պարոն Դավիդյանց, թերևս լարվածությունից, դուք ասացիք հունվար-փետրվար, բայց արձանագրենք, որ առաջին կորոնավիրուսային դեպքը Հայաստանում արձանագրվել է մարտի 1-ին, դրանից առաջ կորոնավիրուսի դեպք չենք ունեցել»։

Կարելի է պատկերացնել արդեն, թե անզգուշությամբ իրազեկումը ինչ թանկ կարող է նստել Փաշինյանի վրա, չէ՞ որ նա ամբողջ մեղքը գցում է ժողովրդի վրա։ Էլ մեղքը չի կարող գցել ժողովրդի վրա․․․ Լուրջ պատասխանատվության հարց կա։ Փաստորեն հունվարին դեպքեր են եղել ու նման  պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում... Վկայություն է նաև այն, որ տարբեր մարդիկ պատմում են, որ նույն ախտանիշներով իրենք հիվանդացել են  հունվար, փետրվար ամիսներին՝ դող, ջերմություն, հազ, թուլություն, համի, հոտառության կորուստ․․․

Դավիդյանցի հայտարարությունը շփոթմունք լինել չէր կարող, որովհետև նույնը մի երկու անգամ կրկնեց։ Ու նման պարագայում, հայտնի չէ՝ որքան ժամանակով, Դավիդյանցը չձևակերպված արձակուրդում էր, իսկ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ էր անում։ Իզուր չէ, որ սկզբից ևեթ շեշտել էի, որ մամուլում շրջանառվում է, որ Դավիդյանցը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է։ Բոլորը մի տնից։