Պետք է ունենալ ուժեղ ՀՕՊ համակարգ եւ թույլ չտալ, որ թշնամու ԱԹՍ-ները տեղ հասնեն

Պետք է ունենալ ուժեղ ՀՕՊ համակարգ եւ թույլ չտալ, որ թշնամու ԱԹՍ-ները տեղ հասնեն

Իրանի պատժիչ գործողությունները՝ ուղղված Իսրայելին, երկար սպասեցնել չտվեցին։ Սիրիայում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումից հետո Իրանը կարճատեւ ռազմական օպերացիա իրականացրեց՝ թիրախավորելով բացառապես Իսրայելի ռազմական օբյեկտները։ Անկախ գործողության արդյունքներից, սա ցույց տվեց, թե հակաօդային պաշտպանության միջոցները համալիր ձեւով ինչպես կարող են արդյունավետ չեզոքացնել վտանգը եւ ոչնչացնել հարյուրավոր դրոն-ռմբակոծիչներ։

Ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի հետ փորձեցինք հասկանալ, թե, ի վերջո, ինչու Հայաստանը չի կարողանում նոր ՀՕՊ համակարգեր ձեռք բերել, որ երկինքը փակվի, եւ մենք հուսալիորեն պաշտպանված լինենք տարբեր բայրաքթարներից ու թշնամու հարձակումներից։ Ռազմական փորձագետը նշեց, որ մենք հակաօդային պաշտպանության միջոցները հիմնականում Ռուսաստանից էինք ձեռք բերում՝ Ս-300 համալիրներ ունեինք, մինչեւ 2018 թվականը պայմանագիր կար՝ ՏՈՐ համակարգեր ձեռք բերելու մասին, որոնք պիտի մինչեւ 2020 թվականը մատակարարվեին, սակայն հետո հայտարարեցին, որ փոխվել է պայմանագիրը, ու այդ համակարգերի մի մասն է միայն տեղ հասել: «Այսինքն, եթե մենք որպես հակաօդային պաշտպանության լուծում դիտարկում ենք միայն ՀՕՊ համակարգերը, իմ կարծիքով, դա այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ ՀՕՊ-ն իրենից ներկայացնում է կոմպլեքս լուծում: Դրա մեջ մտնում են ե՛ւ ՀՕՊ համակարգերը, ե՛ւ ռադիո-էլեկտրոնային պաշտպանության միջոցները։ Այսինքն՝ ընդհանուր էշելոնավորված լուծում պետք է տրվի, ինչը բավականին թանկ հաճույք է: Տարբեր փորձագետներ հրապարակեցին թե՛ իսրայելական, թե՛ իրանական կողմից ծախսված գումարը:

Միջինում Իրանն այդ օպերացիայի վրա ծախսել էր 10 միլիոն դոլար՝ ըստ իրենց աղբյուրների, իսկ իսրայելական կողմը մոտ 1.3 միլիարդ դոլար էր ծախսել, որպեսզի այդ պաշտպանությունն իրականացնի: Դա հարյուր տոկոսանոց արդյունավետություն չի ունեցել, բայց այդքան ծախս է կատարվել, ու եթե հարաբերակցությունը նայենք, ապա մեկին մոտ հարյուր հարաբերակցությամբ է: Եվ եթե նայենք իրանական կողմի գործողությունները, հնարավոր է, որ նրանք փորձել են, այսպես ասած, մաշեցնել իսրայելական միջոցները, զուտ գումարային տրամաբանության մեջ, ծախսելով քիչ գումար՝ ավելի մեծ գումարի վնաս տալով հակառակորդին»,- ասաց Մանգասարյանը:

Դրանից բացի, շատ հավանական է, որ իրանցիները փորձել են ուսումնասիրել իսրայելական ՀՕՊ համակարգերի զգոնությունը, ինչպես ասում են՝ ռազվեդկա բոյեմ, որպեսզի հասկանան, թե ինչպես է աշխատում Իսրայելի ՀՕՊ-ը: Փորձագետը կարծում է, որ 100 տոկոսանոց ՀՕՊ համակարգ ունենալը տեսականում անհնար է, ինչի մասին վկայեցին նաեւ վերջին դեպքերը: «Այնպես չէ, որ օդային բոլոր թիրախները 100 տոկոս խոցվել են, բայց ինչ-որ տոկոսային հարաբերությամբ, պայմանական 70-80 տոկոս կարողացել են խոցել այդ թիրախները։ Բայց դա էլ իր հերթին թանկ հաճույք է, եթե զուտ գումարային տեսանկյունից նայենք: Գուցե ավելի արդյունավետ է ՀՕՊ համակարգերի հետ զուգահեռ ունենալ այլ միջոցներ, որպեսզի թույլ չտաս համապատասխան անօդաչու սարքերը, օրինակ, օդ բարձրանան, ոչ թե դրանց օդ բարձրանալուց հետո միայն մտածես, թե ոնց այդ թիրախները խոցես: Ընդհանուր կոմպլեքս լուծում է պետք. միանշանակ ասել, որ այս-այս համակարգերն ունենալով անխոցելի կլինենք՝ փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, իրանական բալիստիկ հրթիռների որոշ մասը, այնուամենայնիվ, թիրախներին հասել է:

Հայաստանն ունի՞ համապատասխան միջոցներ՝ օդային պատերազմներին հակազդելու համար։ Հարցին Մանգասարյանը պատասխանեց․ փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է ոչ թե սպասել, որ թիրախները բարձրանան օդ, ու նոր մտածես դրանց խոցման մասին, այլ ունենաս այնպիսի միջոցներ, որոնցով կստիպես, որ թշնամու ՀՕՊ համակարգն աշխատի: Ենթադրենք, մենք ունենք համապատասխան ԱԹՍ-ների կոնկրետ քանակ, որոնք պետք եղած ժամանակ կարող ենք կիրառել, օրինակ, եթե իրենք ԱԹՍ-ներով են պատասխանում, մենք էլ ԱԹՍ-ներով պատասխանենք եւ ստիպենք նրանց՝ օգտագործել ավելի թանկ միջոցներ: Ընդհանուր տրամաբանության մեջ պատերազմներն իրենց գինն ունեն թվային տեսքով, եւ որքան հակառակորդին շատ նյութական վնաս հասցնես, այնքան լավ դիրքերում կգտնվես։