Առաջիկա մեծ հավաքներից մեկը կդառնա իշխանափոխական հանրահավաք

Առաջիկա մեծ հավաքներից մեկը կդառնա իշխանափոխական հանրահավաք

Թեեւ Հայրենիքի փրկության շարժումը վերսկսել է փողոցային պայքարը, երթեր, անհնազանդության ակցիաներ է անում, սակայն հանրության լայն շրջանակներից դժգոհության կոչեր են հնչում, թե ինչու չեն անցնում կտրուկ գործողությունների։ Կլինե՞ն արդյոք նոր սցենարներ, նոր գործիքակազմ կկիրառվի՞․ այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք «Հայրենիք» կուսակցության անդամ, շարժման կազմակերպչական հանձնաժողովի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանի հետ։

- Պարոն Ավետիսյան, շարժման կազմակերպչական հանձնաժողովն ի՞նչ նոր ակցիաներ է ծրագրում, որպեսզի հանրությունը չհիասթափվի, ավելի ռադիկալ գործողություներ լինեն․ քաղաքացիները հիշում են, որ անգամ թավշյա հեղափոխության ժամանակ Ռադիոտան վրա գրոհեցին Փաշինյանենք, մինչդեռ հիմա, երբ հայրենիքի փրկության հարցն է սեղանին դրված, միայն երթեր ու հանրահավաքներ եք անում։

- Նախ չմոռանանք, որ Ռադիոտան դեպքերի քրեաիրավական գնահատականը դեռեւս տրված չէ, բնականաբար, իշխանության եկած ուժն ինքն իրեն չէր դատապարտելու անօրինական գործողության համար։ Գիտեք, մի բան է պոպուլյար գոծողություններ անելը, որ աչքին, ականջին հաճելի լինի, բայց միշտ պետք է հիշել, որ մենք գործ ունենք պետության հետ, սա խաղալիք չէ։ Մի անգամ խեղկատակն այդպես արեց, բայց դա չի նշանակում, որ մնացած բոլորը պետք է հետեւեն իր օրինակին։ Պիտի առաջ նայել, որովհետեւ մեկ անգամ տեսանք, թե այդ ռադիկալ գործողությունները՝ մասսաներին հայտնի տեխնոլոգիաներ կիրառելով, փողոցները լցնելով, ագրեսիվ կոչերով․․․ Սա, իհարկե, կարճաժամկետ առումով գուցե էֆեկտիվ է, տեսանելի է արդյունքը, բայց երկարաժամկետ ծրագրերի առումով սա անընդունելի գործիքակազմ է։ 

- Ինչո՞ւ է անընդունելի, ձեր խնդիրը իշխանությանն օր առաջ հեռացնելը չէ՞։

- Այո, խնդիրը դա է, բայց նպատակ չի դրված՝ ցանկացած միջոցով։ Սա ինքնանպատակ չէ, 17 կուսակցություն եւ բազմաթիվ այլ ուժեր, որոնք 17-ի ներսում չեն, բայց հրապարակում են, եւ բոլորի մոտ նույն օրակարգն է՝ իշխանության հրաժարական, սա չի նշանակում, որ պետք է գնալ հակաօրինական, հակասահմանադրական ամենամերժելի ճանապարհով։ Մենք, իհարկե, չենք բացառում հանգուցալուծման այդ տարբերակը։

- Վազգեն Մանուկյանը քանիցս ապստամբության, պլան Բ-ի մասին է խոսել։

- Այո, բայց ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ միշտ դանդաղ շտապելը կարեւորագույն կատեգորիա  է, ամեն ինչ պիտի կարողանաս ճիշտ ժամանակին անել։

- Փոխարենը իշխանությունը դանդաղ չի շտապում, ամեն օր լսում ենք մի նոր հուշագրի մասին, Սյունիքից պատառ-պատառ հանձնում են թշնամուն։

- Ճիշտ եք, իշխանությունը չի շտապում, բայց մյուս կողմից պետք է հասկանալ՝ արդյոք մեր գործողությունները չե՞ն տանի ավելի ծանր հետեւանքների, քան այս պահին արձանագրում ենք։ Տեսեք, միջազգային ցանկացած հարթակում մեր իշխանությունը սպառել է իր լեգիտիմությունը, մեզ դուրս են մղել բոլոր հարթակներից, պատերազմը սանձազերծվեց, չթույլատրվող զենքեր կիրառվեցին, հումանիտար բոլոր կոնվենցիաները խախտվեցին, արդյունքում մի հատ էլ ինքն է հոխորտում բոլոր հարթակներում, իսկ մենք տեսնում ենք, որ համաշխարհային դերակատարները զրո արձագանք ունեն այս ամենին։ Սա հենց այս իշխանության վարած քաղաքականության հետեւանքն է։ Եթե դուք ուզում եք Հայաստանը դիտարկել աշխարհից կտրված մի կղզյակ պետություն, որն առանց հաշվի առնելու արտաքին գործոնները, ներքին պրոբլեմները, գնա ու ջարդի․․․ դուք տեսել եք, այնքան բազմությունը, որը կարող էր դա անել, խնդիր չկար իր համար վերցնել իշխանությունն այդ ճանապարհով։ Բայց երբ դու տրորում ես վերջին կետը, պիտի կարողանաս բավականաչափ պատասխանատվության զգացում ունենալ, այն, ինչ չունի այս իշխանությունը, եւ ինչը հանգեցրեց հենց այսօրվա իրավիճակին։ Հավատացեք՝ Նիկոլից պրծնելը պարզապես նպատակ չէ, մեր խնդիրը, մեծ հաշվով, Նիկոլը չէ, մեր խնդիրը պետականության կորստի վախն է, մենք կանգնած ենք դրա շեմին եւ գահավիժում ենք։ Դրա համար էլ համակարգված ենք ուզում պայքարել, նախ  Նիկոլին հեռացնել, հարեւանների հետ նորմալ փոխհարաբերություններ հաստատել, դաշնակիցների հետ ժամանակին խոսք տված հարաբերությունները վերականգնել, ինչու ոչ՝ նոր դաշնակիցներ գտնել, երկրի քանդված տնտեսությունը բերել այն վիճակին, որից կարելի է նոր սկիզբ ազդարարել։ Սա է համակարգային մոտեցումը, պետությունը խաղալիք չէ, չոր պատկերացումներով։ Լակոտակրատիայի իշխանության գալու պահը չէ, էլի, երբ ամեն թափթփուկ մի երկու խաչմերուկում հաջող պառկեց ու հիմա այսօր իմ ու ձեր ճակատագիրն է որոշում։

- Բայց երեք ամիս է՝ տեսնում եք, որ իշխանությունը չի վախենում ձեր սահմանադրական ճանապարհներից, չի հեռանում, իսկ մեր պետությունը, ինչպես Դուք ասացիք, ժամ առ ժամ գահավիժում է։ Եթե սրան գումարենք, որ ինչ-որ փուլից մարդիկ կհիասթափվեն այս երկարատեւ պայքարից, ապա կարելի է ձեր սահմանադրական պայքարը ծափահարել։

- Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ձեր ասածը իշխանական  քարոզչամեքենայի ցանկությունն է, որ այսպես ոչնչի չեք հասնի։ Իրականությունն այլ է։ Այսօր շատերն ընդունում են, որ Նիկոլը պիտի հեռացվի, բայց չպիտի ես կամ դուք գանք իշխանության, յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի այդ հետո-ի վերաբերյալ։ 17-ի ներսում կոնսենսուս եղավ Վազգեն Մանուկյանի անձի շուրջ, որովհետեւ քաղաքական էլիտան կարողացավ ճիշտ դիրքավորվել եւ ճիշտ լուծման գալ, ժողովուրդը քաղաքական էլիտա չէ, որ ունենա բավարար ինֆորմացիա, գնահատման ադեկվատ միջոցներ, որպեսզի հասկանա այս քայլի իմաստը։

- Դրա համար կաք դուք՝ ընդդիմադիրներդ։

- Դրա համար մենք ամեն օր փորձում ենք մարդկանց համակարգային լուծման փաթեթը ներկայացնել, մենք չենք ուզում լուծել մի խնդիր՝ լուսանցքում թողնելով մյուսը։ Նույն՝ ամբոխավարական ճանապարհով պարզապես Վազգեն Մանուկյանին բերել իշխանության, բայց հետո այդ մարդիկ հարց են տալու՝ բա հետո՞, ասացիք՝ գնանք ջարդենք, եկանք, բա ինչո՞ւ լավ չենք ապրում։ Հետո սկսում ես բացատրել, որ այս-այս խնդիրները կան, ու մարդիկ դժգոհում են՝ բա ինչո՞ւ չասացիք։

- Ձեր ընդդիմադիր գործընկերներն ասում են, որ պայքարում են հայրենիքի փրկության համար, ոչ թե իշխանության կամ «լավ ապրելու»։

- Հայրենիքը մենք կփրկենք, ես ձեզ պատասխանատու խոստանում եմ, որովհետեւ այլ տարբերակ չկա, այլապես դրանից հետո անիմաստ է դառնալու ամեն ինչ, եթե չկարողանանք սրա դեմն առնել։

- Ինչպե՞ս, ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում։

- Հենց այս պահին էլ անհնազանդության ակցիա է կառավարության մասնաշենքի մոտ, ինքը գալիս էր այստեղ, մենք հավաքվել ենք եւ փորձում ենք խոչընդոտել։ Ո՛չ ինքը, ո՛չ իր թիմակիցները խաղաղ օր չեն ունենալու։ Առաջիկայում գործողություններ կսկսվեն մարզերում, պարբերաբար մեծ հանրահավաքներ կլինեն՝ կախված փուլային հասունացումներից։ Ես վստահեցնում եմ, որ մեծ հավաքներից մեկը կդառնա իշխանափոխական հանրահավաք,  մեր գործողությունները հանգեցնելու են մի իրավիճակի, որը մեխանիկորեն կբերի այդ իշխանափոխությունը։

- Վստահ եք ասում։

- Ես չէի ուզենա, որ  իմ ասածը ձեր կողմից զուտ իմ ցանկություն ընկալվեր, բայց մեր գործողությունները հանգեցնելու են դրան, եւ իրականում այնպես չէ, որ չենք շտապում, պարզապես ցանկացած պտուղ իր հասունության ժամկետն ունի։ Մուկը մի քանի շաբաթում է ձագ ունենում, փիղը՝ տարիուկես, հուսամ, որ մեր մուկը չի երկնի, փիղ ծնի, այլ կլինի հակառակը։