Եկեղեցու ճակատին գրված էր՝ հիմար հայեր․․․

Եկեղեցու ճակատին գրված էր՝ հիմար հայեր․․․

Ինձ զանգում է պատկառելի տարիքով ու մեր պատմության ակունքներում կանգնած մի գիտնական և խնդրում է, որ առանց իր անունը գրելու հետևյալ պատմությունը հիշատակել․ 
«1963-65 թվականներին Ագուլիս շատ էի գնում։ Ագուլիսը նախկինում եղել է գյուղաքաղաք (ավան) և մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գողթն գավառի մեջ։ Վերին ու Ներքին  Ագուլիսները ավերվել են 1918 (1919) թվականին թուրքական զորքերի կողմից։ Տարբեր ժամանակներում Ագուլիսում  կառուցվել են 12 եկեղեցի ու վանք՝ Սուրբ Թովմա վանք, Սուրբ Քրիստափոր, Սուրբ Հովհաննես, Սուրբ Հակոբ Հայրապետաց և այլն՝ զանազան արձանագրություններով։ Երբ որ ես գնացել եմ Ագուլիս՝ 12 եկեղեցուց կանգուն էր յոթը։ Կանգուն ինչ իմաստով, որ չէին ավերվել։ Յոթ եկեղեցուց մեկում էին միայն մոմ վառում։ Մնացածը մեռյալ էին։ Վերին Ագուլիսի եկեղեցիներից մեկի վրա՝ անհասանելի բարձունքում, շատ խոշոր տառերով գրված էր․ «Հիմար հայեր, փոխանակ ձեր գումարները ծախսեիք ու զենք առնեիք ՝ պաշտպանելու մեր չքնաղ Ագուլիսը, եկեղեցի էիք կառուցում։ Ու՞մ է պետք այդ եկեղեցիները, երբ մեր չքնաղ Ագուլիսը թուրքի ձեռքին է։ Թուրքերը չէին մաքրել, գրառումն այդպես էլ պահպանվել էր։ Ճիշտ է, շատ բարձր տեղ էր գրված՝ խոշոր տառերով, բայց կարող էին մաքրել։ Իմացա, որ գրողը եղել է Հարությունյան ազգանունով մեկը, անունը չեմ հիշում։ Նա Մեղրու շրջանից էր՝ Տաշտուն գյուղից»։

Հիմա նույն պատմության մեջ ենք։ Հասկացա, թե ինչու գիտնականը չի ցանկանում, որ իր անունը նշեմ։ Երևանում Հիսուսի արձանն եք կառուցում, որ շրջակա կառույցների հետ  միլիարդներ կարժենա, այն դեպքում՝ երբ Հայաստանը վտանգի մեջ է։ Ու՞մ է պետք ճարտարապետական այդ հրաշքները, եկեղեցիները, երբ չքնաղ Հայաստանը չլինի։ Ամրապնդեք ձեր պաշտպանությունը, անվտանգությունը, որ Ագուլիսի եկեղեցիների նման չհանձնեք թշնամուն։ Երբ ձեր անվտանգությունը կապահովեք, նոր մտածեք ձեր այլ ցանկությունների մասին։