Լրիվ նոր Հայաստան

Լրիվ նոր Հայաստան

Գաղտնիք չէ այլեւս, որ Փաշինյանի իշխանության մեջ ամենահարմարը տեղավորվել են օլիգարխներն ու մեծահարուստները` հիմնականում նախկիններ եւ նախկինների նախկիններ: Ո՞վ է հիմա շան տեղ դնում երիտուսապարկերի դասին եւ այդ դասի ամենակարկառուն ներկայացուցիչներին: Նրանք հարց լուծող չեն եւ ծառայում են զուտ որպես շիրմա` Փաշինյանի իշխանական իսկական համակարգը սիրելի հայրենակիցներից քողարկելու համար:

Օլիգարխներն ու մեծահարուստներն այնպես են բլոկել Փաշինյանին, որ կասկած է առաջանում, թե ով է իրականում իշխանության բուրգի գլխին: Վարչապետի աթոռին, այո, Փաշինյանն է, բայց միայն այդքանը: Կարեւորն այն է, թե ով կամ ովքեր են պահում այդ աթոռը: Աթոռը պահողները ՔՊ-ական նախարարներն ու պատգամավորները չեն: Վերջիններս, ինչպես ասացի, ընդամենը բուտաֆորիա են եւ եթե մի բանի էլ ծառայում են, ապա միայն՝ վարչապետի աթոռը պահողների շահերին: Դրա դիմաց բեմական այս ռեկվիզիտներն աշխատավարձ են ստանում, որը չեն ստանա, եթե չսեղմեն օլիգարխների եւ մեծահարուստների նշած կոճակը, օլիգարխների եւ մեծահարուստների ճանապարհից չհեռացնեն բոլոր խոչընդոտները` օգտագործելով իրենց նախարարական պորտֆելներն ու մանրումիջին պաշտոնները: Նիկոլը, կարելի է ասել, համակարգում է այս աշխատանքները` ուսապարկերին պարտադրելով ընդունել համապատասխան օրենքներ, որպեսզի ախպերությունը` նույն օլիգարխները, վարչապետի աթոռը չթողնեն բախտի քմահաճույքին կամ այդ աթոռին չբազմեցնեն մի ուրիշ Նիկոլի: Իսկ մեծահարուստները Հայաստանում նման բան կարող են անել մի քանի ժամում, որովհետեւ Նիկոլը քաղաքական իշխանություն օլիգարխների նկատմամբ չունի այլեւս:

Մեծ հաշվով, ռեկվիզիտ է նաեւ Նիկոլը` վարչապետի իմիտացիա, որին իներցիայով ենթարկվում են պետական մարմինները` ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն, ՔԿ, ՀՔԾ, կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե, ՊԵԿ, ԲԴԽ, ԿԸՀ եւ այլն: ԿԲ-ն, որքան էլ զարմանալի թվա, առաջին հերթին օլիգարխներին ու մեծահարուստներին է ենթարկվում եւ հետո միայն՝ Նիկոլին: Հասկանալի է, չէ՞, որ Նիկոլը չի կարող ԿԲ-ին ուղիղ հրահանգ իջեցնել, որ դոլարն արժեւորվի, կամ դրամը թռնի երկինք: Դա բացառապես ԿԲ-ի քաղաքականությունն է, բայց ԿԲ-ն իր այդ քաղաքականությունը վարում է ոչ թե տնտեսության վիճակի կամ համաշխարհային ֆինանսական պրոցեսների թելադրանքով, այլ օլիգարխների եւ մեծահարուստների շահերից ելնելով: Մի շատ պարզ օրինակ բերեմ: Եթե, ասենք, Գռզոյին շատ դոլար է պետք, նա այդ մասին տեղեկացնում է ԿԲ նախագահին, նյութապես շահագրգռում վերջինիս եւ ստիպում, որ դրամն արժեւորի: Այդկերպ Գռզոն կարողանում է իր մոտ եղած քյաշ դրամով ավելի շատ դոլար գնել: Քնած չէ նաեւ Լֆիկ Սամոն: Նրա չենջերը օրվա տարբեր ժամերին դոլար-դրամ փոխարժեքի այնպիսի մարժաներ են սահմանում, որ նման տոկոսներով բանկերը կերազեին աշխատել:

Գերշահույթն օլիգարխի եւ միլիարդատիրոջ ամենասիրելի բանն է: Նախ` գերշահույթի մի զգալի մասը շրջանցում է հարկային դաշտը, եւ ապա գերշահույթի գումարներից է, որ Նիկոլը փայ ունի: Ոչ մի օլիգարխ իր օրինական վաստակից Նիկոլին փող չի տա: Նիկոլը լավ գիտի դա: Այդ պատճառով էլ փողատերերի հետ գործարքը կայանում է շատ արագ: Ես ձեզ` գերշահույթ, դուք ինձ` փող՝ պետական ապարատը կերակրելու եւ ձեր գերշահույթների շարունակականությունն ապահովելու համար:

Լա՞վ է անում Նիկոլն իր գործը: Հավանաբար` այո: Այս վիճակը, համենայնդեպս, ձեռք է տալիս օլիգարխներին: Նիկոլի ձեռքին միշտ պետք է ծախսելու գումար լինի, պարգեւավճարներ եւ այլն, եւ այլն: Հակառակ պարագայում պետական հիմնարկներում բուծված եւ լավ կերակրվող պաշտոնյաները կարող են նաեւ ընդվզել լափամանի դատարկությունից: Նիկոլի շնորհքն այստեղ իսկապես կարեւոր է: Ձեռքն ընկած փողի ո՞ր մասը պահի իրեն, ո՞ր մասը նետի լափամանի մեջ, որ ո՛չ շիշը վառվի, ո՛չ քյաբաբը:

Օլիգարխները մի պահանջ էլ ունեն Նիկոլից` թույլ չտալ, որ դրսից կամ ներսից ուրիշ օլիգարխներ ներթափանցեն իրենց տիրույթները: Մրցակցությունն օլիգարխի համար մահ է, իսկ եթե տվյալ օլիգարխը նաեւ Նիկոլի աթոռը պահողներից մեկն է, ապա կարող է դա անդառնալի հետեւանք ունենալ աթոռատիրոջ համար:

Եվ ամենագլխավոր հարցը` այս իրավիճակում դեռ որքա՞ն կձգի Հայաստանը: Այս հարցին ոչ ոք չի կարող պատասխանել, որովհետեւ դա մեծապես կախված է միջազգային իրադրությունից կամ, ինչպես հիմա ընդունված է ասել` աշխարհաքաղաքական զարգացումներից: Օլիգարխները, եթե նկատել եք, նաեւ այս ուղղությամբ են մտածում եւ մեկը մյուսի հետեւից հայտնվում միջկոնտինենտալ գծերի վրա․ որը՝ Մոսկվայի, որը՝ Անկարայի...