Պտույտ մը Հայաստանի նախարարություններու մեջ. մաս III

Պտույտ մը Հայաստանի նախարարություններու մեջ. մաս III

Նրանից հետո, երբ բացահայտվում եւ փաստվում է, որ Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնին հավակնած Ք. Համբարյանը ստախոսությամբ, կեղծիքով, տեղեկություններ թաքցնելու կամ փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու արդյունքում է հայտնվել նշյալ պաշտոնի համար 2022-ի ապրիլին անցկացված մրցույթի մասնակիցների թվում, էկոնոմնախում՝ փոխարենը Համբարյանի թեկնածությունը որակազրկելու, նրան մրցույթից հեռացնելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, որոշում են նախարարի նոր հրամանով նախորդ օրվա հրաման փոխել եւ Համբարյանի մորաքրոջ որդուն` Աբգարյանին, հանել Համբարյանին քննող հանձնաժողովի կազմից: Երեւի ենթադրում են` դրանով խնդիրը լուծեցին, բացահայտված պաշտոնեական կեղծիքի թեման փակեցին: 

Դրանից մոտ մեկ ամիս անց, ինչպես արդեն ասացի, Քաղաքացիական ծառայության գրասենյակն իմ նամակի կապակցությամբ էկոնոմնախից պահանջում է Մտավոր սեփականության գրասենյակի պետի պաշտոնի համար 2022-ի ապրիլին անցկացված մրցույթի ամբողջական փաթեթը: Այս անգամ էլ Քրիստինե Համբարյանին պատասխանատվությունից պատնեշելու համար, էկոնոմնախում վերցնում եւ Համբարյանի մորաքրոջ որդուն` Աբգարյանին, առհասարակ աշխատանքից են ազատում, չգիտեմ՝ իր դիմումի հիմքով, թե ինչպես: 

Այսինքն, բուն պաշտոնյային` Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Ք. Համբարյանին, ով ակնհայտորեն եւ առարկայորեն ոտնահարել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի, 33-րդ հոդվածի պահանջները, իսկ դրանք կարողացել է ոտնահարել, որովհետեւ առերեւույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ «Պաշտոնեական կեղծիքը» հոդվածի 1-ին մասով (հնարավոր է նաեւ` 2-րդ մասով) նախատեսված հանցանք` իր մասին կեղծ տեղեկություններ է մտցրել մրցույթին մասնակցության համար ներկայացվող փաստաթղթերում՝ կեղծելով եւ թաքցնելով մրցույթին իր մասնակցության համար օրենսդրական սահմանափակումների առկայությունը, թողնում են, որ շարունակի պաշտոնավարել: Փոխարենը ոչինչ չարած մարդուն են աշխատանքից հանում, ի՜նչ ասես… սա միայն ցույց է տալիս, թե ապօրինություններն ու կամայականություններն ուր են հասել էկոնոմնախում:  

 Ի դեպ, ես լսել եմ, որ Համբարյանը հարկի-անհարկի զազրախոսում է, թե իբր ինքը ՀՀ փոխվարչապետերից մեկի պրոտեժեն է, դրա համար էլ իրեն ոչինչ չեն անի: Հայաստանում ընդամենը երկու փոխվարչապետ գոյություն ունի, այդքանով էլ, հասկանալիորեն, տեխնիկապես որեւէ բարդություն չէր զանգահարել թե՛ մեկի, թե՛ մյուսի ընդունարան եւ ճշտել` իրենցից որեւէ մեկը ճանաչո՞ւմ է Ք. Համբարյանին` վերջինիս պատրոնը լինելու թեման դեռ մի կողմ թողած: Բայց դա չարեցի. առաջինը այն պատճառով, որ ես սովորություն չունեմ կողմնակի անձանց ազգանուններ հոլովել հոդվածներում, երկրորդ` շատ չհավատացի, թե փոխվարչապետի պատրոնաժյե լինելու պատմությունը Համբարյանի հերթական ստախոսությունը չէ, եւ որոշիչ, երրորդ հանգամանքը` ուղղակի շատ չեմ հավատում, թե ՀՀ փոխվարչապետերից որեւէ մեկը եթե անգամ ճանաչեր Համբարյանին` դա հրապարակավ կհաստատեր: Առհասարակ, եթե Հայաստանում գործադիր իշխանություն գործեր, Համբարյանը վաղուց պաշտոնից հեռացված եւ նվազագույնը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկված կլիներ: 

Այդուհանդերձ, Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնի շուրջ սագան այն չէ, ինչը ես էկոնոմնախում օրինախախտումների բարձունք կկոչեի: Դա խորհրդային ասույթի նմանությամբ՝ կարելի է журнал կոչել: 

А теперь - кинофильм!

Այ, կինոֆիլմը մի այնպիսի անպատկերացնելի օրինախախտման, սահմանադրական ու կոնվենցիոն իրավունքների ոտնահարման մասին է, որ, համոզված եմ, անգամ աֆրիկյան մայրցամաքում կամ Օկեանիայի կղզիներում չի կարող պատահել: 

ՀՀ էկոնոմնախը հասել է այնտեղ, որ վարչական ակտի, գործողության կամ անգործության վերաբերյալ վարչական կարգով ներկայացվող բողոքի մուտքագրումից հետո, իրավունքի ուժով հարուցվող վարչական վարույթը («Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդված) չի իրականացնում: Վարչական բողոք բերած անձին նախարարության քարտուղարությունից, թե որ օղակից մի ինչ-որ պատասխան երկտող են ուղարկում: 
Պատկերացնելու համար` դա նույնն է, թե անձը հայցադիմում ներկայացնի դատարան, եւ դատարանի աշխատակազմից հայցադիմումին պատասխանեն: Եթե դատարանում մուտքագրվում է հայցադիմում, ապա այն վարույթ ընդունվի, վերադարձվի, թե մերժվի, դա արվում է միայն եւ միայն դատարանի որոշմամբ: Երկրագնդի որեւէ անկյունում չի կարող այդպես պատահել, որ դատարան ներկայացված հայցադիմումը դատավորի չհասնի, փոխարենը դատարանի գրասենյակից հայցվորին պատասխանեն: Անձի դատական պաշտպանության իրավունքի այդ կարգի ոտնահարում ու մերժում՝ ոչ թե իրականության, անգամ երեւակայության մեջ էլ չի կարող պատահել: 

Իսկ վարչական բողոքը վարչական մարմնի համար նույնն է, ինչ հայցադիմումը՝ դատական մարմնի համար: ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածը երաշխավորում է. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: Սահմանադրության 50-րդ հոդվածը նույնկերպ երաշխավորում է. «1. Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: 

Վարչական կարգով բողոք ներկայացնելիս հենց այս սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքն է սկսում գործել, ինչի արդյունքում էլ վերը հիշատակված «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան բողոքը վարչական մարմնում ստացվելու օրվանից, եթե 33-րդ հոդվածով նախատեսված հիմքերով բողոքը եռօրյա ժամկետում չի վերադարձվել կամ վերահասցեագրվել: 
Ազնվորեն, եթե ձեռքիս տակ առկա չլիներ փաստը, որ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցը թափուր պաշտոնի համար մրցույթում միակ հաղթող ճանաչվելուց հետո պաշտոնում չնշանակվելով (հենց դա է, ի դեպ, առիթ եղել, որ էկոնոմիկայի նախարարությանն առնչվեմ, եւ նախորդ՝ «Վահան Քերոբյանը նախարա՞ր է, թե՞ ֆիկցիա» հոդվածը գրեմ)  21.04.2022թ. վարչական բողոք է ներկայացրել էկոնոմնախ, սակայն իրավունքի ուժով հարուցված վարույթը նախարարությունում համարձակվել են չիրականացնել, երբեք չէի հավատա, թե այդ կարգի լկտիություն եւ վարչարարության ոլորտում այդ ծանրության քրեական հանցագործություն է հնարավոր: 

Սակայն քանի որ փաստն առկա է, առերեւույթ կատարված է ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված «ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» հանցագործություն, որը ոչ միայն «էական վնաս է պատճառել անձի իրավունքներին», այլեւ ուղղակի անձին սահմանադրությամբ տրված «պատշաճ վարչարարության իրավունքն» է ոտնահարել եւ մերժել, եւ այս հանցագործությունը կատարած անձանցից առնվազն երկուսն ի պաշտոնե պարզ են` էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Խառատյան եւ մտավոր սեփականության ոլորտը վերահսկող փոխնախարար Ռաֆայել Գեւորգյան, այս հոդվածի հրապարակումից հետո լրագրողական եւ քաղաքացիական պարտք է դառնում հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը ՀՀ գլխավոր դատախազություն: Հավանաբար, այդպես էլ կվարվեմ, որովհետեւ հիշյալ երկու անձինք պետք է Քրեական օրենսգրքի

441-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդման եւ պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի դա դաս կամ կանխարգելիչ դաս լինի վարչական պաշտոն զբաղեցնող եւ վարչական կարգով ներկայացվող բողոքներին առնչվելու առիթ ունեցող բոլոր մյուս պաշտոնյաների համար այս երկրում: Ըստ իս, նույնիսկ ճիշտ կլինի, եթե Արմենուհի Խառատյանի եւ Ռաֆայել Գեւորգյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումները վարչապետի աշխատակազմից գնան Գլխավոր դատախազություն, մանավանդ որ վերադասության կարգով բողոքը ներկայացվել է նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմ, բայց այդտեղից վերստին վերահասցեագրվել է էկոնոմնախ:   

Մե ծիծաղ, մե ուրախություն. պարեկներ 

Եվ վերջում` ամենաուրախ ու անհեթեթ պատմությունը` նախարարություների հետ կապված: ՀՀ ոստիկանություն, պարեկային ծառայություն:

Հունիսին, մի օր հարազատներիցս մեկին զանգահարում է ծանոթ մի վարորդ Վրաստանից, ազգությամբ վրացի, Վրաստանի քաղաքացի, ով բեռնատար մեքենայի վարորդ է եւ ուղեբեռ է բերում Հայաստան: Այս վարորդին Հայաստանի պարեկները կանգնեցրել են Ալավերդում, քանի որ մեքենայի ղեկին ծխելիս է եղել: Պարզ է` անձը չի էլ իմացել, որ Հայաստանի ճանապարհներին մեքենայում ծխել չի կարելի: Եվ հասկանալի էլ չէ` ինչպես պետք է իմանար, եթե ո՛չ սահմանային անցակետերում նախազգուշացնող պլակատ են փակցնում ռուսերեն, անգլերեն լեզուներով, ո՛չ էլ գոնե նախազգուշացում-հուշաթերթիկ են տալիս: 

Երկրորդ․ միջազգային մասնավոր իրավունքի իմ իմացությունից ելնելով՝ համարյա վստահ եմ, որ վրացական պետհամարանիշներով մեքենայի տարածքը, ներառյալ սրահը, որտեղ նստում է վարորդը, իրավական առումով Վրաստանի տարածք է, ճիշտ՝ ինչպես նավը կամ օդանավն են այն երկրի տարածք, որի դրոշի ներքո թռչում կամ նավարկում են: Հետեւաբար, վրացական պետհամարանիշներով մեքենայի սրահում նստած վրացի վարորդի համար ՀՀ օրենքները չծխելու վերաբերյալ, խիստ վիճելի են՝ կարո՞ղ են առհասարակ գործել: 

Երրորդ․ օտարերկրացուն տուգանելով կտրոն չեն տալիս, որ մարդը ժամանակ չկորցնի, գնա, որտեղից հարմար է, ՀՀ դրամ գնի, այդ 7 հազար դրամ տուգանքը վճարի, վերադառնալիս սահմանին տուգանքի կտրոնն էլ, վճարման անդորրագիրն էլ հանձնի: Այլ՝ պարեկի բացակայող ուղեղով մարդուն կանգնեցրել են Ալավերդիում` չեն թողնում շարժվի: 

Հետաքրքրությունս այնքան շարժվեց, որ ինքս զանգահարեցի պարեկային ծառայության կենտրոնական մի երկու հեռախոսահամարով, որ նշված են ոստիկանության կայքում: Մի քարտուղարուհի, ով վերցրել էր հեռախոսը, որոշեց, որ ինքն այնքան գիտակ է, որ կարող է իր պետի փոխարեն պատասխանել, եւ ինչ ասաց, որ լավ լինի. «Թող այդ վարորդն անմիջապես գնա Լոռու պարեկային ծառայություն…»: Ասում եմ. «Ներեցեք, բայց Լոռու պարեկային ծառայության կենտրոնն Ալավերդիո՞ւմ է…»: Պատասխանում է. «Չէ, Վանաձորում է, թող հասնի Վանաձոր, այնտեղ ում էլ հարցնի, ցույց կտան…»։ Լրիվ պարեկների քարտուղարուհի… 

Ի վերջո, Երեւանից ժամանակ կորցրին, գնացին բանկ, գումար փոխանցեցին վարորդին, որը նա կարող էր անձնագրով ստանալ, տուգանքը մուծեց, Ալավերդիից շարժվեց: Մնաց հարցը միայն` այս կարգի ինքնահաստատման բարդույթ ու անուղեղություն կարող է լինել, անգամ երբ խոսքը պարեկային ծառայության մասին է: