Փաշինյանական «ժողովրդավարության» հերթական դրսեւորումը

Փաշինյանական «ժողովրդավարության» հերթական դրսեւորումը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը փաշինյանական «ժողովրդավարության» հերթական դրսևորումն է: Հատկապես դատական համակարգում նման դրսևորումները բազմաթիվ են և միշտ տեղի են ունենում, երբ Փաշինյանը խնդիրներ է ունենում այդ համակարգի հետ: Իսկ խնդիրները ծագում են ոչ այն պատճառով, որ դատական համակարգը մնացել է անցյալում կամ սպասարկում է նախկինների շահերը: Ընդհակառակը, դատական համակարգում 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո ձևավորվել է դատավորների մի խումբ, որ կյանքի է կոչում փաշինյանական ցանկությունները՝ ինչպիսի աղերսներ էլ դրանք ունենան (կամ չունենան) օրինականության հետ: Իսկ իրապես օրենքի տառին և ոգուն համապատասխան վճիռներ և որոշումներ կայացնող դատավորները վաղուց դարձել են վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձի աչքի փուշը: Դրանք հենց այն դատավորներն են, որոնց Փաշինյանն անվանարկել էր որպես վնգստացողների, և որոնք, կասկած չունեմ, իշխանափոխությունից հետո պատվի և արժանապատվության բազմաթիվ հայցեր կներկայացնեն ընդդեմ քաղաքացի Փաշինյան Նիկոլի: 

Չմոռանանք, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը խորհրդարանում բոցաշունչ ելույթներ էր ունենում քաղաքական իշխանություններից դատավորների կախվածության, դատավարական կամայականությունների ու անօրինականության բազմաթիվ այլ դրսևորումների դեմ: Իսկ 2018-ի մայիսին վարչապետ կարգվելուց հետո խոստանում էր մաքրել իրավապահ համակարգը, բերել օրինականության դաշտ: Սակայն վերջինս շատ արագ հասկացավ, որ անձամբ իր իշխանության ամրապնդման համար անհրաժեշտ է ոչ թե օրինական դաշտ բերել դատավորներին, այլ ապահովել նրանց կախվածությունն իրենից:

Դրա վկայությունը 2018-ի սեպտեմբերին, իսկ այնուհետև դեկտեմբերին համապատասխանաբար ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի և  ԱԱԾ տնօրենի և վարչապետի գաղտնազերծված հեռախոսային խոսակցությունների բովանդակությունն էր: Եվ երբ այդ նպատակի իրագործման հարցում խնդիրներ առաջացան՝ ինքը հիշեց կամ ավելի ճիշտ իրեն հուշեցին «վեթինգ» կոչված երևույթի (պետական և քաղաքական գործիչների զտում) մասին: Իսկ այնուհետև հրապարակ նետվեց վնգստացող դատավորների վերաբերյալ փաշինյանական բնորոշումը, և հենց դրա դեմ պատերազմում մեր պարտությունից հետո Ռուբեն Վարդազարյանի ելույթը վճռեց վերջինիս «ճակատագիրը». Վարդազարյանը պետք է «վեթինգվեր»: 

Ահա այսպիսի արդարադատություն է կայացվում «ժողովրդավարության բաստիոնում», և ահա այդպիսի դրսևորումներ է ունենում փաշինյանական «ժողովրդավարությունը»: Իսկ որպեսզի Հայաստանում ձևավորվեն իրական արդարադատությունն ու իրական ժողովրդավարությունը, անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որքան հնարավոր է արագ հեռացվի այդ պաշտոնից:

Հ.Գ. Կոնկրետ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը օրինականության տեսակետից խիստ կասկածահարույց բնույթ է կրում, և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն արդեն անդրադարձել է դրան : 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ