Աշխարհը շատ մոտ է անմահության բանաձեւը գտնելուն

Աշխարհը շատ մոտ է անմահության բանաձեւը գտնելուն

Փորձենք մի պահ կտրվել հայաստանյան գաղջ իրականությունից եւ մի կարճ էքսկուրս անել՝ տեսնելու, թե ինչով է հիմնականում զբաղված քաղաքակիրթ աշխարհը, մինչ մենք փորձում ենք գտնել սերմացու գողացող մկներին, դավաճան-հողատուներին, ազգի փրկիչներին եւ ազգը կործանողներին։ Ինչպես արդեն ֆիքսեցին, վերջին 30 տարում մենք հիմնականում զբաղված ենք քաղաքակրթության համար երրորդական նշանակություն ունեցող գործընթացներով եւ, հավանաբար, անգամ չենք էլ պատկերացնում, թե որ ուղղություններով է առաջ շարժվում քաղաքակրթությունը, չնայած այն բանին, որ մի շարք գլոբալիստական պրոցեսների շնորհիվ երբեմն օգտվում ենք մարդկության ստեղծած բարիքներից՝ առանց այդ գործընթացների լիարժեք մասնակիցը լինելու։

Քանի որ Վազգեն Մանուկյանը բոլորիս առաջարկում էր իրեն մեկ տարով կարգել երկրի ղեկավար, իսկ այնուհետեւ խոստանում էր առհավետ հեռանալ քաղաքական դաշտից, փորձենք կենտրոնանալ հենց այս թեզի վրա եւ ձգտենք ապացուցել հավերժ հեղափոխականին, որ նրա առաջարկը եւս լուրջ հակասությունների մեջ է գտնվում ժամանակակից տենդենցների հետ, ահա թե ինչու։ Բանն այն է, որ 17-ի քաջ եւ փորձառու նավապետը, հավանաբար, համաձայնել էր այդ մեկ տարվան՝ ելնելով ներկայիս իրողություններից առ այն, որ 75 տարեկան մարդու համար միանգամայն բավարար է մեկ տարի շվեդական սեղանից օգտվելը եւ երկար սպասված թոշակին անցնելը՝ հաշվի առնելով առաջին հերթին տարիքը, իհարկե։ 

Նշեմ, որ ես ամենեւին էլ չեմ ձգտում երկիրը փրկելու նրա առաքելությունը նսեմացնել․ շվեդական սեղանից օգտվել ասելով, ճիշտ հակառակը՝ ես համոզված եմ, որ վարչապետի պաշտոնում հայտնվելով, նա անգամ մեկ տարվա ընթացքում կկարողանար մի քանի ռազմական պրովոկացիա իրականացնել, եւ չի բացառվում, որ կարողանար հասնել անգամ լիարժեք պատերազմի։ Բայց, այ, եթե մեր լեգենդար հեղափոխականը լավ հետեւեր հատկապես գիտական նորություններին, ապա անպայման կխուսափեր մեկ տարին շեշտելուց, քանի որ մարդկությունը շատ մեծ առաջընթացներ է գրանցել մի քանի կարեւորագույն ոլորտներում, որոնք ճանապարհ են բացում մարդ արարածի համար՝ հասնել հավերժական խնդրի լուծմանը՝գտնելով անմահության բանալին։ Այսօր աշխարհի հզորագույն կենսաբանական լաբորատորիաներում լավագույն գիտնականները զբաղված են մկների յուրահատուկ տեսակի խորը ուսումնասիրությամբ, որոնք, ինչպես վերջերս պարզվեց, ոչ միայն անմահ են համարվում, այլեւ երբեք չեն հիվանդանում, գրեթե ոչ մի ցավ չեն զգում եւ մինչեւ կես ժամ անգամ առանց թթվածնի մնալուց հետո, առանց որեւէ միջամտության, վերակենդանանում են։ Աֆրիկյան Քենիայում ապրող մերկ մկներին (Heterocephalus glaber) ուսումնասիրող հայտնի գիտնական Ռոշել Բաֆենշտայնը տարիներ առաջ Քենիայից Նահանգներ վերադառնալիս այդ հրաշք կրծողների մի ընտանիք վերցրեց իր հետ։

Մերկ մկներին իր լաբորատորիայում երկար տարիներ ուսումնասիրելով՝ տիկին Բաֆենշտայնը պարզեց, որ արդեն 25 տարի նրանց հետեւում, կերակրում եւ ուսումնասիրում է, եւ նրանք բոլորը զարմանալիորեն դեռ ողջ են, իսկ մկները սովորաբար առավելագույնն ապրում են 2-3 տարի։ Երբ տիկին Ռոշելը հրապարակեց այդ փոքրիկ հրաշքների այս ֆանտաստիկ յուրահատկության մասին եւս, արդեն ոչ մեկի մոտ կասկած անգամ չմնաց, որ անմահության բանալին թաքնված է հենց այս կաթնասունների մեջ, իսկ մկներից դեպի մարդ պրոյեկտելը մի շարք կենսաբանական պրոցեսների համար համարվում է շատ տրամաբանական, քանի որ մկների ու մարդկանց միջեւ նմանություններն այնքան շատ են, որ գիտական փորձերի մեծ մասը հենց մկների եւ առնետների վրա է կատարվում։ Եվ այսպես․ եթե այս հրաշք կենդանիներից պրոյեկտենք մարդու վրա, ստացվում է, որ նրանց կյանքի տեւողության 25 տարին ուղիղ համահունչ է մարդու 600- 700 տարվան։ Ներկայումս մոլեկուլյար կենսաբանությամբ զբաղվող գրեթե բոլոր խոշոր լաբորատորիաներում մանրակրկիտ ուսումնասիրում են այս հրաշք օրգանիզմի ամեն մի միկրոհատված, եւ արդեն իսկ կան արձանագրված լուրջ առաջընթացներ, եւ որ ամենակարեւորն է՝ այս գործընթացին մասնակցում է ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Երբեք հստակ չի կարելի կանխագուշակել, թե որ երկրի լաբորատորիայում կարձանագրվի հերթական բացահայտումը՝ Ճապոնիայո՞ւմ, թե՞ Բելգիայում, իսկ գուցե Դանիայում կամ Չինաստանում։

Միաժամանակ վստահ կարելի է ասել, թե որտեղ հաստատ չի արձանագրվի որեւէ արդյունք, թեկուզ հենց այն պատճառով, որ այդ երկրներն իրենք իրենց կտրել են քաղաքակիրթ աշխարհի գործընթացներից, եւ կարելի է ասել՝ արհամարհում են դրանք, ու, ցավոք սրտի, մեր երկիրը դրանց շարքում է։

Հիմա մեր ընթերցողը կմտածի՝ լավ, ասենք թե այդ ֆոկուսներն արվեցին, անմահության բանալին գտան ու սկսեցին մարդկանց վրա կիրառել, Վազգեն Մանուկյանի հետ դա ի՞նչ կապ ունի, չէ՞ որ նա արդեն 75 տարեկան է եւ ամեն դեպքում կմնա այդ տարիքում, չէ՞ որ նա չի երիտասարդանալու, անգամ եթե անմահանա։ Այ, այստեղ արդեն տեղափոխվում ենք նույն ոլորտի մեկ այլ սեկտոր, որտեղ աշխարհահռչակ Բելմոնտեին վերջերս հաջողվեց սենսացիոն փորձ իրականացնել, որի մասին հեղինակավոր գիտական պարբերականներից մեկում նրա հրապարակումը ցնցեց ողջ գիտական աշխարհը։ Որպեսզի ընթերցողին չձանձրացնենք գիտական անհետաքրքիր մանրամասներով եւ երկար ժամանակով չկտրենք միտինգային Հայաստանի անցուդարձից, կարճ նկարագրենք գիտնականի կատարած փորձը եւ դրա արդյունքները։ Եվ այսպես․ իսպանացի գիտնականը, որը, ի դեպ, լաբորատորիաներ ունի Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Չինաստանում, վերցրել է մի ծերացած մուկ, նրա ԴՆԹ-ի հետ կատարել որոշակի մանիպուլյացիաներ՝ Նոբելյան մրցանակակիր Սինյա Յամանակայի հայտնագործության կոնտեքստում, եւ ստացել է ցնցող արդյունք՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում ծեր մուկը, բառիս բուն իմաստով, երիտասարդացել է եւ ուժերը լիարժեքորեն վերականգնել, ինչը տեսանելի է նկարներում անգամ անզեն աչքով, իսկ թե ինչ է եղել դրանից հետո այդ մկան հետ, թողնենք մի կողմ, դա այս պահին կարեւոր չէ։

Այս փորձը եւ դրա ֆանտաստիկ արդյունքը պարզապես ցնցել են ողջ գիտական աշխարհը, եւ ներկայումս բազմաթիվ գիտական կոլեկտիվներ տարբեր ուղղություններով փորձում են զարգացնել իսպանացի գիտնականի ստացած արդյունքը։ Ինչպես տեսնում ենք՝ մարդ արարածը շատ մոտեցել է իր ամենամեծ եւ երկար սպասված արդյունքին, երբ մարդու կյանքի տեւողությունը կարող է առնվազն տասնապատկվել։ Դա այնքան մոտ է, որ լրիվ թափով զուգահեռաբար ընթանում են էթիկական քննարկումներ եւ բանավեճեր, թե ինչպես է պետք վարվել սպասվող նոր հնարավորությունների հետ, եւ որ դեպքերում են դրանք կիրառելի։ Հասկանալի է, որ այդպիսի ահռելի նորամուծությունների արդյունքում ամեն-ամեն ինչ խախտվելու է մեր կյանքում, օրինակ՝ բռնապետերն այլեւս կարող են իշխել հավերժ։ Եվ հիմա լրջորեն ուսումնասիրվում է, թե բռնապետերի քանի տոկոսն է իշխանությունից հեռացվել արհեստական ճանապարհով, եւ պարզվում է, որ նրանց մի զգալի մասն իշխանությունից հեռացել է միայն բնական մահվան ճանապարհով, եւ դա լուրջ խնդիր է դառնում այս պարագայում։ 

Ամեն օր քաղաքակիրթ աշխարհը փորձում է գտնել այս կամ այն հարցի պատասխանը՝ միտված անգամ հեռավոր ապագային, իսկ մենք, փաստորեն, անգամ մի փրկիչ չենք կարողանում երկրով մեկ գտնել, անգամ չենք կարողանում հասկանալ, թե ինչից պետք է նա փրկի մեզ։ Գալով մեր թեմային՝ արձանագրենք․ փաստորեն, ստացվում է, որ եթե Վազգեն Մանուկյանն ի վերջո կարողանար իշխանությունը վերցնել եւ մեկ տարուց հեռանար, մոտ 10 կամ 15 տարի հետո նա կարող էր կանգնել այն փաստի առաջ, որ կա՛մ ստիպված էր լինելու իր խոսքը դրժել, ինչն արդեն մենք գիտենք, թե ինչի կարող է դա բերել Հայաստանում, կա՛մ ապագա մոտ 525 տարում պարզապես ոչնչով չզբաղվել, իսկ Վազգեն Մանուկյանը, որքանով ես եմ հասկանում, կարող է միմիայն քաղաքականությամբ զբաղվել, այն էլ հիմնականում՝ ընդդիմադիր դաշտում։

Լավ է, որ ժողովուրդն ընդդիմադիր գործչի սխալն ուղղեց՝ նրան այս անգամ իշխանության չբերելով։ Այժմ նա ոչ մի խոստումով պարտավորված չէ, եւ ես գրեթե համոզված եմ, որ հեռավոր 2415 թվականին, երբ մարդկության մեծ մասն արդեն տեղավորված կլինի տարբեր մոլորակներում, հայ ազգը դեռ կզգա Վազգեն Մանուկյան-վիշապաքաղ ընդդիմադիր գործչի կարիքը, ով կգա Բաղրամյան եւ նույն կրակոտ ճառերով Նիկոլից կպահանջի հրաժարական տալ կամ արժանահավատ կերպով բացատրել, թե ինչու է նա զորքերը հանել Արգավանդից, երբ դեռ կարելի էր լիարժեք դիմադրություն ցույց տալ անտառներից ու սարերից իջած եւ մեծ թափով դեպի Երեւան շարժվող գայլերի, արջերի եւ այլ սովահար կենդանիներից բաղկացած բազմահազարանոց զորքին։

Իհարկե, հասկանալի է, որ մեր այս վիճակն առաջացել է նաեւ մեր կամքից անկախ հանգամանքների բերումով, եւ բարդ է ինչ-որ զարգացման մասին մտածելը, երբ ստիպված ես անընդհատ պաշտպանվել եւ պատերազմել, բայց թույլ տվեք նկատել, որ այդ պաշտպանության արդյունավետությունը եւս ուղղակիորեն կապված է տեխնոլոգիական եւ գիտական առաջընթացի հետ, եւ համաձայնեք, որ նույն Սյունիքի համար շատ ավելի ապահով կլիներ, եթե, օրինակ, այնտեղ տեղակայված լիներ 15-20 լաբորատորիա, որոնք զբաղվելիս կլինեին, ասենք, բացառիկ, վտանգավոր վիրուսների ուսումնասիրությամբ։

Եվ այստեղ թերեւս ամենակարեւոր հարցն է առաջանում, թե ինչպես է հնարավոր, որ Հայաստանը կարողանա մասնակցել այդ գերժամանակակից գործընթացներին, եւ ինչով մենք կարող ենք գրավել աշխարհի գիգանտներին՝ գալ Հայաստան եւ մեզ մոտ լաբորատորիաներ բացել։ Շատ պարզ, հենց վերը նշված հեղինակավոր գիտնականի օրինակից պարզ երեւում է, որ նա միանգամից մի քանի երկրներում է աշխատում, եւ դա միմիայն պայմանավորված է նրանով, որ հաճախ շատ երկրների օրենսդրական նորմերը թույլ չեն տալիս լայնամասշտաբ փորձարկումներ եւ փորձեր իրականացնել, կամ հաճախ օրենքները թույլ չեն տալիս դրանք ավարտին հասցնել, անգամ եթե դրանք որեւէ վտանգ չեն պարունակում իրենց մեջ եւ առայժմ թույլատրված չեն շատ երկրներում՝ միմիայն էթիկական նկատառումներից ելնելով։ Շատ մեծ հաճույքով այդ բացից օգտվում են, օրինակ, Չինաստանը, Ճապոնիան եւ էլի մի շարք այլ երկրներ։ Մենք նույնպես կարող ենք այդ պարզունակ գործիքի միջոցով միանալ աշխարհի լավագույն ուղեղներին եւ նրանց հետ աշխատել՝ մեզ մոտ եւս գիտության ոլորտը լրջորեն զարգացնելով։ Եվ դրա համար մեզնից ընդամենը պահանջվում է օրենսդրական դաշտը լրիվ հարմարեցնել, համապատասխանեցնել այդ պրոցեսներին, ուրիշ ոչինչ։

Պողոս Պողոսյան