Սա աննորմալ երևույթ է, ո՞նց կարա սենց բան լինի․ վարչապետը զայրացավ նախարարների վրա

Սա աննորմալ երևույթ է, ո՞նց կարա սենց բան լինի․ վարչապետը զայրացավ նախարարների վրա

Կառավարության այսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց իրեն ուղղված մի նամակից, ըստ որի՝ Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս է՝ վարձատրություն չեն ստացել:

«Ես ուզում եմ հասկանալ՝ սենց բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ պետական աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան»,- զարմացավ նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ խոսքն աշխատողներին չի վերաբերում, այլ հասարակական կազմակերպության կողմից աշխատանք կատարողներին:  

Փաշինյանը նշեց, որ այդ ամենը հասկանալի է, սակայն պետությունը կարևորել է այդ ծառայությունը: «Սա աննորմալ երևույթ է, ո՞նց կարա սենց բան լինի, ո՞նց են հնարավոր դառնում այսպիսի երևույթները, մենք ֆինանսավորման ձևը փոխում ենք, որ ավելի լա՞վ լինի, թե՞ ավելի վատ լինի, իհարկե, փոխում ենք, որ ավելի լավ լինի, հետևաբար՝ հարց, թե ինչու է ավելի վատ: Ես ասում եմ՝ մրցույթը մինչև հիմա ինչո՞ւ չի եղել, այսօր մարտի քսանմեկն է, ինչո՞ւ չի եղել»,- զայրացավ Փաշինյանը:

ԿԳ ու ֆինանսների նախարարները երկար-բարակ բացատրություններ ներկայացրին, թե ինչու է այդպես ստացվել, սակայն դա վարչապետին կարծես թե չգոհացրեց։
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այսօր նիստի օրակարգում ներառել հարցը, սակայն վարչապետը չհամաձայնեց և կոչ արեց պատշաճ քննարկել: «Ամեն ինչ վերջին պահին անելու սովորությունից պետք է հրաժարվել, պետք է նախապես ամեն ինչ պլանավորել, ոչ թե՝ հենց խնդիր առաջացավ, ասել՝ եկե՛ք սեղանի ոտի տակից հանենք նախագիծն ու քննարկենք: Ուրիշ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք չունենանք ընդհանրապես»,- շարունակեց զայրանալ վարչապետն ու անցավ օրակարգի հաստատմանը։