Մենք էլ պարզ հասկացնում ենք, որ իր քաղաքականությունը չենք ընդունում

Մենք էլ պարզ հասկացնում ենք, որ իր քաղաքականությունը չենք ընդունում

Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է ուղիղ տեքստով հասկացնել, որ իր անձնական պաշտպանության ներքո է գտնվում ոչ միայն սեռափոխված Մել Դալուզյանը, այլեւ դաշնակցականների զայրույթը բորբոքած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որը 20 մլն դրամով ֆինանսավորել է նույն Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանումները։ Բայց ՀՅԴ երիտասարդները չեն հանձնվում, շարունակում են պահանջել Հարությունյանի հրաժարականը՝ նրա վարած քաղաքականությունը համարելով սխալ եւ անընդունելի։ Երեկ Վազգեն Մանուկյանի «Վերնատան» համաժողովի ժամանակ հետաքրքրվեցինք ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանից, թե հնարավո՞ր է ՀՅԴ երիտասարդների՝ Արայիկ Հարությունյանին ուղղված հրաժարականի պահանջը հետո վերածվի նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի, հատկապես, որ Փաշինյանը հասկացրել է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հույս չունենաք, այս որոշումներն էլ իմ սրտով են՝ ես, ճիշտ է, չեմ մասնակցել դրանց կայացմանը, բայց հպարտ եմ, որ իմ նախարարը նման որոշումներ է կայացրել։

«Եթե էդպես շարունակվի, բնականաբար, ամեն ինչ կուտակման էֆեկտ ունի, եւ ես, իհարկե, չեմ ընդունում այն հարցադրումը, որ էստեղ հարցը չի վերաբերում կոնկրետ անձին, հարցը վերաբերում է նրան, թե ինչ քաղաքականություն է վարում տվյալ նախարարը»,-ասաց Ռուստամյանը։ Նա նկատեց, որ շատ հնարավոր է՝ այս շարժման ինչ-որ մի փուլում կոնկրետ նախարարի հրաժարականի հարցը եւս Ազգային ժողովում բարձրացվի։
«Որովհետեւ էսօր կարող է ԱԺ-ն ինքը կոնկրետ նախարարի հրաժարականի հարց դնի։ Այսինքն, եթե նախարարը չի հասկանում, որ ոչ թե պետք է նայել, թե քննադատողն ով է, այլ նյութը, որով իրեն քննադատում են, եւ այդ բովանդակությանն անդրադառնա, նա էսպես անձնավորելով՝ շատ առաջ չի կարող գնալ եւ դիսկուրսը տեղափոխի այլ դաշտ, որի մասին ես ասացի, սա ոչ մի տեղ չի բերելու, եւ ավելի մեծ թափ է հավաքելու այս շարժումը»,- ասաց Ռուստամյանը։

- Իսկ հնարավո՞ր է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հարցում նույն մեթոդները կիրառեք, ինչ Փաշինյանի թիմն էր սիրում կիրառել՝ փողոց փակել, շենքեր շրջափակել․․․

- Բոլոր մեթոդներն էլ հնարավոր են, ինչո՞ւ չէ։ Ինչպես ասում են՝ ինչը որ կարելի է Զեւսին, մյուսներին չի՞ կարելի։

- Մենք հիմա, ըստ էության, հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե մտադրություն չունի Արայիկ Հարությունյանին «ժերտվա» տալու, հիմա, եթե դուք էլ գաք այն գիտակցման, որ անհույս է, ի՞նչ եք անելու։

- Դե, պայքարը շարունակելու ենք, մինչեւ հաջողության հասնենք։

- Չե՞ք զիջելու ոչ մի պարագայում, հետքայլ չե՞ք անելու։

- Ոչ, ի՞նչը զիջենք, պիտի քայլ անեն, որ հասկանանք՝ զիջե՞նք, թե՞ չէ։

- Դե, Նիկոլ Փաշինյանը պարզ հասկացնում է, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տալու։

- Հետո՞ ինչ, մենք էլ պարզ հասկացնում ենք, որ իր քաղաքականությունը չենք ընդունում։

- Ու շարունակելու եք նախարարի հրաժարակա՞նը պահանջել։

- Բա, իհարկե, բա պայքարը ո՞նց է լինում, հո միանգամից չի՞ լուծվում, ամեն ինչ պրոցես է։

- Իսկ միայն Արայիկ Հարությունյա՞նն է դժգոհություն առաջացնում ձեզ մոտ՝ որպես նախարարի, թե՞ կառավարության այլ անդամների աշխատանքից էլ եք դժգոհ։

- Էլի կան, բայց հերթով։

- Իսկ կա՞ն նախարարներ, որոնց աշխատանքից գոհ եք։

- Կան, իհարկե։

- Անուններ կտա՞ք։

- Դե, հիմա, չեմ ուզում էդ մարդկանց հարվածի տակ դնել։