Թող կործանվի Ծապլվարը, միայն ապրի գաղափարը

Թող կործանվի Ծապլվարը, միայն ապրի գաղափարը

Ստեփանակերտում ընթանում է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորհրդաժողովը: Դատելով մամուլի անդրադարձումներից, միջոցառման առաջին ջութակը Դաշնակցությունն է: Խորդաժողովում ելույթ ունեցել նաեւ ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Արցախի շնորհիվ է, որ մենք կկարողանանք լավ կազմակերպվել, տնտեսություն զարգացնել: Արցախի շնորհիվ է, որ մենք կկարողանանք Գանձակն ու Նախիջեւանը ազատագրել: Արցախը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է»- ասել է դաշնակցական գործիչը եւ ավելացրել, որ սա չի նշանակում, թե մենք չպետք է բանակցենք: «Մենք պետք է բանակցենք, բայց նաեւ հասկանանք` որտեղ է, որ Ադրբեջանը երբեք չի զիջի: Եթե անգամ Ադրբեջանը զիջի, մենք պետք է գիտակցենք, որ այս հակամարտությունը հավերժական է: Եւ դա մեր խաչն է,  անգամ`  եթե այն դարեր տեւի»- ամփոփել է Հրանտ Մարգարյանը: Համենյան դեպս, այսպես է նրա խոսքը փոխանցում ՀՅԴ Արցախի ԿԿ «Ապառաժ» պաշտոնաթերթը:

Այստեղ ուշադրության է արժանի ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցչի այն միտքը, որ եթե ԼՂ հարցում Ադրբեջանն անգամ զիջի, միեւնույն է, դրանով հակամարտությունը չի ավարտվի, քանի որ այն հավերժական է, եւ ժողովուրդը պետք է համակերպվի դրա հետ, կրի իր խաչը, անգամ եթե դա տեւելու լինի դարեր: Պետք է հուսալ, որ դա Հրանտ Մարգարյան շարքային դաշնակցականի տեսակետն է, ոչ թե` ՀՅԴ կուսակցության: Իսկ եթե այդպես չէ, եւ ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչը մշակված եւ կանխածրագրված կուսակցական տեսլական է հնչեցրել, ապա հարկ կա արձանագրելու նման տեսակետի խիստ վտանգավորությունը, որովհետեւ այն հայ ժողովրդին մատուցում է ոչ թե արժանապատիվ խաղաղության, բարիդրացիության եւ սոցիալ-տնտեսական առաջընթացի, այլ հայ-ադրբեջանական պերմանենտ հակամարտության, բռնությունների, պատերազմի, հավերժական շրջափակման եւ փակուղային իրավիճակի տեսլական: Բայց հանուն ինչի՞` հարց կտա ցանկացած բանական էակ: Մանավանդ` եթե Ադրբեջանը ԼՂ հարցում զիջի: Այսինքն` ճանաչի Արցախը կամ անկախ, կամ Հայաստանի մաս:

Այդ պահին ինչո՞ւ չպիտի ավարտվի հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչո՞ւ պիտի այն հավերժական մնա: Այս հարցերի պատասխանը Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ-ն առհասարակ ունի՞: Կարո”ղ է տրամաբանված հիմնավորել, թե Արցախի հարցի արժանապատիվ կարգավորումից հետո հայ ժողովուրդը դարձյալ ինչո՞ւ պիտի պատրաստ լինի կրելու տառապանքների, զրկանքների խաչը: Մի”թե` հանուն նրա, որ Հրանտ Մարգարյանը երազանքն է Արցախով ազատագրել նաեւ Գանձակն ու Նախիջեւանը: Չի՞ ստացվում, որ «թող կործանվի Ծապլվարը, միայն ապրի գաղափարը»: