Ամբողջ գիշեր ես չկարողացա քնել երիտասարդի այդ բառից․ Նաիրա Զոհրաբյան

Ամբողջ գիշեր ես չկարողացա քնել երիտասարդի այդ բառից․ Նաիրա Զոհրաբյան

«Այստեղ մենք պետք է փորձենք խնդիրը հստակ տարանջատել, ես ապօրինի ծառահատմանը դեմ եմ, ես՝ ինքս, օրենսդրական նախաձեռնություններ էի ներկայացրել, որ ապօրինի ծառահատման տուգանքները մեծացվեն։ Դա միանշանակ է։ Հիմա ես խնդիրն ուսումնասիրում եմ, որովհետև, անկեղծ ասած, քաղաքից 2 օր բացակայում էի և առավել մանրամասներին տեղյակ չեմ։ Մենք պետք է հասկանանք, թե որքանով էին օրինաչափ և իրավաչափ ոստիկանների գործողությունները։ Այն, որ որևէ մեկը չպետք է ունենա ինդուլգենցիա՝ ապօրինի ծառահատման, դա փաստ է, և ես այստեղ, այո, պաշտպանում եմ վարչապետի տեսակետը․ որևէ մեկը չպետք է գնա և ապօրինի ծառահատի անտառները՝ հաշվի առնելով, որ մենք այսօր անտառածածկ տարածքների առումով ունենք լրջագույն խնդիր»,- պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչ կարծիք ունի Իջևանում ստեղծված իրավիճակի մասին, և ինչպես պետք է լուծել խնդիրը, ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ «Հստակ չափորոշիչ կա, թե յուրաքանչյուր անհատ քաղաքացու ինչքան կանաչապատ տարածք է հասնում, Հայաստանի դեպքում այդ թիվն ուղղակի աղետալի է։ Այնտեղ կան սանիտարական հատումներ, որ պետք է թույլատրվի, որ մարդիկ իրենց ամենօրյա կենցաղային կարիքները հոգալու համար դրանից օգտվեն։ Բայց այստեղ կա նաև հարցի մյուս կողմը․ այդ մարդկանց ի՞նչ ալտերնատիվ պետք է առաջարկվի, եթե իրենք 30 և ավել տարի շարունակ դրանով են զբաղված եղել, որովհետև 30 և ավել տարի շարունակ չի եղել աշխատանք, չի եղել այնպիսի կազմակերպված պետություն, որն այդ մարդկանց առաջարկեր աշխատանք։ Հիմա  ի՞նչ պիտի անեն նրանք, պիտի համալրեն արտագաղթի ավտոբուսների թիվը։ Ես կարծում եմ՝ այստեղ ոչ թե պետք է տանել էսկալացիայի, ոչ թե պիտի բախումը հրահրել, այլ մարզային իշխանությունը, կառավարությունը և համայնքը պետք է նստեն եռակողմ և փորձեն լուծումներ գտնել։ Ես զբաղվելու եմ այն քաղաքացիների խնդրով, որոնք վնասվածքներ էին ստացել, և պետք է հասկանալ, թե որքանով էր ոստիկանների գործողությունն իրենց հանդեպ իրավաչափ, և որքանով էին իրենց գործողությունները ոստիկանների հանդեպ իրավաչափ։ Ապօրինի անտառահատումներ, ծառահատումներ չպետք է լինեն, այստեղ 2 կարծիք լինել չի կարող։ Բայց ալտերնատիվ ի՞նչ է առաջարկում կառավարությունն այդ մարդկանց։ Երբ որ ես երեկ լսում էի մի իջևանցու, որն ասում էր՝ ես իմ երեխային շուտ եմ քնացնում, որպեսզի ևս մեկ լրացուցիչ անգամ նա ուտել չուզի, որովհետև ես չեմ կարող նրան օրը երեք անգամ կերակրել։ Գիտեք՝ ամբողջ գիշեր ես չեմ կարողացել քնել այդ երիտասարդի այդ բառից։ Տարածքային կառավարման նախարարը, կարծեմ, հայտարարեց, որ 200-ից ավելի աշխատանք կա այս պահին, և այնպիսի թիվ ասաց, որ անգամ ինձ համար գայթակղիչ թիվ էր՝ օրը 17 հազար դրամ։ Եթե կա այդպիսի աշխատանք, և իրենք հրաժարվում են, ապա դա ինձ համար հասկանալի չէ։ Ես չեմ կարծում, որ անտառ հատելը ֆիզիկական առումով առավել թեթև աշխատանք է, քան այդ 200 աշխատատեղերը, որոնցից իրենք այս պահին հրաժարվում են»։

Ի՞նչ է կարծում Զոհրաբյանը՝ ճի՞շտ են այն հայտարարությունները, որ բողոքի այդ ակցիաներն ուղղորդված են, պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ ուղղորդված են, որովհետև ես այդ մարդկանց հետ տարիներ շարունակ շփվել եմ, իրենց եկամտի միակ աղբյուրը դա է եղել։ Ցավոք, նրանցից շատերի ետևում կանգնած են եղել հայտնի մարդիկ, նրանց անունները երևի թե կհրապարակեն, որոնք ուղղակի թալանել են մեր անտառները։ Այսօր մենք ունենք բնապահպանական աղետի կարմիր սահմանագիծ՝ անտառածածկ տարածքների հետ կապված։ Ես ինձ չէի հարգի, եթե կոչ անեի՝ գնացե՛ք, ոչնչացրեք մեր անտառները, բայց ես նաև կոչ եմ անում մեր կառավարությանը՝ լուծել մարդկանց աշխատատեղի խնդիրը, որովհետև մարդիկ պետք է կարողանան իրենց ընտանիքը պահել, այլապես այդ մարդիկ դառնալու են արտագաղթի ավտոբուսի հերթական ուղևորները , և դա լուծում չէ։ Միգուցեև ինչ-որ մեկը կանգնած է, բայց ես չեմ կարող խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, և այս պահին չունենալով ամբողջ փաթեթը, ամբողջ մանրամասները՝ առանց փաստերի նման հայտարարություն անել։ Ինձ համար ավելի ազնիվ էր այդ երիտասարդի հայտարարությունը, ես նրան հավատում եմ, բայց ես նրանց կոչ չեմ անի հատել անտառները, որովհետև դրանով վնաս ենք հասցնելու մեր երկրին, և դա դոմինոյի էֆեկտով իր հետ բերելու է հիվանդությունների աճ, էկոհամակարգի բալանսի խախտում, ինչը մենք տեսնում ենք Սևանի դեպքում։ Դրա պատճառը տարիների թալանն է, երբ որ տարիներ շարունակ Սևանի ափամերձ հատվածները մաքրելու համար տվել են բյուջեից դրամաշնորհներ, և բնապահպանության տարբեր նախարարներ այդ գումարները լափել են, հետո ծլկել են Հայաստանից։ Հիմա մենք ուզում ենք նույն իրավիճակն ունենալ Հայաստանի անտառածածկ տարածքների՞ դեպքում»։

Բանն այն է, որ փայտը, որը վաճառում են իջևանցիները, գնում են Մարտունու տարածքի բնակիչները, որտեղ ձմռանը ցուրտ է, իսկ գազով ջեռուցումը՝ թանկ։ Զոհրաբյանին հարցրինք, թե նրանք ինչ պետք է անեն։

«Ես համաձայն եմ Ձեզ հետ, որովհետև ես եղել եմ բազմաթիվ մարզերում և պարբերաբար լինում եմ։ Հատկապես մարզերում գազը, ըստ էության, անջատում են և օգտագործում են միայն սուրճ եփելու համար, և ձմռանը տաքանում են աթար վառելով, փայտ վառելով, որովհետև գազը թանկ է։ Բայց այդ հարցը պետք է ուղղել կառավարությանը, ես Ձեզ հետ միանում եմ և այդ հարցը ուղղում եմ կառավարությանը։ Ստեղծեք այդ մարդկանց համար աշխատատեղեր, չէ՞ որ ասում եք, որ ՀՆԱ-ի աճով մենք այսօր աշխարհում առաջատարն ենք, բյուջեի եկամուտների ավելցուկ կա, հարկերի հավաքագրումներն են ավելացել»։