Տապալված մրցաշարի համար ո՞վ է մեղա գալու

Տապալված մրցաշարի համար ո՞վ է մեղա գալու

Ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության եզրափակիչ մրցափուլին մասնակցելու ուղեգիր նվաճելու հարցում մեզ համար վերջին երկու հուսադրող մրցամարտերից մեկը Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ երեւանյան հանդիպումն էր։ Հասկանալի է, մեծ էր հավանականությունը, որ ճակատագրական նշանակություն ունեցող այս հույժ կարեւոր մրցամարտը մեր ազգային գլխավոր թիմը կանցկացնի վճռականությամբ, անպայման հաղթանակի հասնելու աներեր ձգտումով։ Սակայն որքան մեծ էին սպասելիքները, այնքան անսպասելի, եթե չասեմ` խայտառակ եւ ամոթալի էր մրցակցությունը։

Դժվար է ասել, որ մակեդոնացիներն աչքի էին ընկնում ինչ- որ բացառիկ ունակություններով։ Ավելին, ճիշտ կլինի խոստովանել, որ նրանց ձեռք բերած խիստ անսովոր` 5:0 հաշվով հաղթանակին շատ բանով նպաստեցին հենց մեր ընտրյալ համարվող ֆուտբոլիստները: Նպաստեցին իրենց պարզունակ ու պրիմիտիվ մտահղացումներով, բազում ու տարատեսակ տեխնիկական կոպիտ վրիպումներով, դանդաղաշարժությամբ, կոմբինացիոն սուր խաղ ցուցադրելու անկարողությամբ, որ զգացնել տվեց մրցակցության սկզբից մինչեւ վերջ, եւ այդ ամենը, որքան էլ դժվար է երեւակայել` սեփական հարկի տակ, որից եւ օգտվեցին հյուրերը։ «Վարպետությունը» բնորոշող խոսուն փաստ է այն, որ որպես դաշտի տերեր առաջին խաղակեսը 0:2 հաշվով տանուլ տված թիմը, հանգստից հետո, ճիշտ հետեւություն անելու փոխարեն, բաց թողեց եւս 3 անպատասխան գոլ։

50-ական թվականներից մեծ ասպարեզներում հետեւել եմ մեր լավագույն թիմերի ելույթներին ու պետք է խոստովանեմ, որ առիթ չի եղել այդ աստիճան հիասթափվելու: Չեմ կասկածում, թե անչափ վշտացած էին նաեւ խաղին հետեւող հանդիսականները։ Ոչ միայն այն պատճառով, որ զրկվեցինք պատվավոր ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից, այլեւ այն դիլետանտիզմի, որ դրսեւորվում է մեր ֆուտբոլային կյանքում։ Եվ խիստ ցավալի էր, որ գրեթե նույնը միաժամանակ գրանցվեց նաեւ Ֆրանսիայում, որտեղ մեր ֆուտբոլի վաղվա օրը նշանավորող 21 տարեկանների ընտրանին, մրցելով տեղի թիմի հետ, պարտություն կրեց ավելի նսեմացնող` 0:7 հաշվով...
Իսկ եթե իրականությանը ռեալ աչքերով նայենք, կհամոզվենք, որ զարմանալու ոչինչ էլ չկա` մեր ֆուտբոլի առաջընթացն ապահովող գլխավոր փրկօղակը` մանկապատանեկան ֆուտբոլը, ըստ էության, կաղում է երկու ոտքով, սակայն սա քիչ է անհանգստացնում պատկան մարմիններին` ե՛ւ հանրապետական ֆեդերացիային, ե՛ւ ակումբային թիմերի ղեկավարներին։ Ի՞նչ անհանգստության մասին է խոսքը, երբ տարբեր տարիքի (17, 19, 21 տարեկան) մեր թիմերը, ինչպեսեւ «Եվրոկոնֆերենցիա» մրցաշարին մասնակցող «Ալաշկերտն» այսօր միջազգային ասպարեզներում հայտնվել են աղյուսակները եզրափակողների եղկելի վիճակում։ Ձեր դատին եմ թողնում վերոհիշյալ 4 թիմերի ընդհանուր ցուցանիշը։ Այդ քառյակը անցկացրած 15 խաղից 13-ը տանուլ է տվել, 11 խփած գոլի դիմաց 48-ը բաց է թողել։ Խոսուն թվեր են, այնպես չէ՞։

Այս ամենը վկայում է մեկ բանի մասին` մեր ֆուտբոլը համապարփակ տեսքով հայտնվել է տագնապալի վիճակում։ Մեր ազգային ընտրանին, եթե հիշում եք, գերազանց մեկնարկեց, տարավ երեք անընդմեջ հաղթանակ, ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք եւ գնդակների 6:2 հարաբերությամբ վստահորեն գլխավորեց աղյուսակը։ Սակայն, ավաղ, որքան էլ անհավատալի է, հաջորդ 7 խաղում մեր թիմն անկարող եղավ գոնե մեկ անգամ գրանցել հաջողություն` 3 խաղ ավարտեց ոչ-ոքի, 4-ում կրեց պարտություն, խփեց ընդամենը 3 գոլ՝ բաց թողնելով 18-ը։

Մակեդոնիայի թիմին խոշոր հաշվով պարտվելուց հետո թիմի ավագ մարզիչ Խոակին Կապարոսը ներողություն խնդրեց ֆուտբոլասերներից։ Իսկ տապալված մրցաշարի համար ո՞վ է մեղա գալու։ Կիրակի օրը հերթական խաղերն անցկացրին աշխարհի առաջնության եզրափակիչ մրցափուլին մասնակցելու համար պայքարած եվրոպական թիմերը։ Հայաստանի հավաքականն ընդունեց Գերմանիայի ընտրանուն, մի թիմի, որն առաջինն է ժամկետից շուտ նվաճել այդ իրավունքը։ Կողմերին, ըստ էության, ոչինչ չտվող այդ հանդիպումն ավարտվեց դարձյալ հյուրերի հաղթանակով ու վերստին խոշոր` 4:1 հաշվով։ 

Իսկ ենթախմբի ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ստացավ.
1. Գերմանիա` 27 միավոր, խփած եւ բաց թողած գնդակները` 36:4
2. Հյուսիսային Մակեդոնիա` 18, 23:11
3. Ռումինիա` 17, 13:8
4. Հայաստան` 12, 9:20
5. Իսլանդիա` 9, 12:18
6. Լիխտենշտեյն` 1, 2:34
Այո, ամենասիրված խաղը` ֆուտբոլը, որքան էլ ցավալի է խոստովանել, մեզ մոտ դեգրադացիայի շրջանում է հայտնվել, եւ իրավիճակը կարգավորելու առումով պահանջվող մակարդակի պրոֆեսիոնալ մոտեցում չի դրսեւորվում, բացի, թերեւս, դրսից պատրաստի խաղացողներ ու մարզիչներ հրավիրելուց։ Այս ճահճից դուրս գալու համար պահանջվում է լայնածավալ ծրագրի իրագործում, այլապես խայտառակ ելույթների «շքերթը» շարունակվելու է։

 Միսակ Նազարյան