Հավատարիմ Հիպոկրատի երդմանն ու պատգամներին

Հավատարիմ Հիպոկրատի երդմանն ու պատգամներին

Ուշանում ենք… կամ արդեն ուշացել ենք: Երբեմն՝ անուղղելի…

Ես սովորություն ունեմ կրկնելու, որ կյանքում միայն երեք մասնագիտության տեր մարդկանց ուշանալն է ինձ համար դրամատիզմի շեշտ կրում` փրկարարների, բժիշկների, ոստիկանների: Ինչո՞ւ. որովհետեւ նրանք մարդկային կյանքեր են փրկում, նրանց րոպե առաջ տեղում լինելուց երբեմն դժբախտություններ ու մահեր են կանխվում: Իսկ բոլոր մյուս մասնագիտությունների ու մարդկանց դեպքում ուշանալը կարող է անհարմարություններ ստեղծել, բայց ոչ անուղղելի, անշրջելի հետեւանքներ: 

Եվ այն մտքից, որ լրագրությունում հաստատ ոչինչ անուղղելի ու անշրջելի չի պատահի, եթե ինչ-որ բան (հատկապես օրվա լրահոսից դուրս) ուշացումով գրես, այդ հոգեբանությամբ նաեւ մարդկանց հանդիպելը, նրանց մասին գրելն եմ հաճախ թողել վաղվան, հաջորդ շաբաթվան, հաջորդ ամսվան, հաջորդ տարվան… մինչեւ մի օր անսպասելի լսել եմ, որ մարդն այլեւ չկա: Այդպես պատահեց նաեւ Ալեքսանդր Սիրունյանի դեպքում: 

Պրն Սիրունյանի հետ ծանոթացել եմ 2000-ականների սկզբին, երբ նա Երեւանի 8-րդ բուժմիավորման ղեկավարն էր: Թե ինչու էի գնացել 8-րդ հիվանդանոց, ում համար ինչ էի խնդրում, բացարձակապես չեմ հիշում (վստահաբար, ինձ համար չէի խնդրում, քանի որ ատամնաբույժից բացի որեւէ այլ բժշկի երբեք չեմ դիմել): Հետագայում տեղեկացա, որ պրն Սիրունյանը մասնագիտությամբ սրտաբան է եւ մինչեւ 8-րդ հիվանդանոց տեղափոխվելը երկար տարիներ, շուրջ երկու տասնամյակ ղեկավարել է Երեւանի 3-րդ բուժմիավորումը: Երկրորդ անգամ պրն Սիրունյանին հանդիպեցի շատ անսպասելի՝ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ, Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբում, եւ այդ ժամանակ իմացա, որ Դեմիրճյանի կինը` Թամարան (Тома), պրն Սիրունյանի դուստրն է: 

Իսկ երրորդ անգամ շատ պատահաբար մի խոսակցության ընթացքում տեղեկություն լսեցի ու երբ հասկացա, որ խոսքը պրն Սիրունյանի մասին էր, որոշեցի, որ մի օր նրան անպայման կդիմեմ, կխնդրեմ, որ աֆրիկյան բռնապետերի հետ ունեցած իր շփումների մասին պատմի: Սկզբում, երբ պատահաբար խոսակցության մեջ լսեցի, որ Ալեքսանդր Սիրունյանը խորհրդային տարիներին Աֆրիկայում է աշխատել եւ աֆրիկյան հայտնի բռնապետերից մեկին` Սեկու Տուրե անուն-ազգանունով, ինքն է բուժել, ինձ թվաց, թե խոսքը 1970-ականների Ուգանդայի բռնապետի մասին է, որին ողջ աշխարհը ճանաչել է, որովհետեւ իրական մարդակեր է եղել: Պարզվեց՝ շփոթել եմ, Սեկու Տուրեն Ուգանդայի նախագահ չի եղել: Նա Գվինեաներից մեկի նախագահն է եղել, նույն՝ 1970-ականներին, բայց մարդակեր չի եղել: Ամեն պարագայում, սակայն, Ահմեդ Սեկու Տուրեն եղել է Աֆրիկայի հայտնի բռնապետերից մեկը, ասենք՝ Մուգաբիի կամ Քադաֆիի նման, եւ այն, որ պրն Սիրունյանն աֆրիկյան վայրագ բռնապետերից մեկի հետ տարիների անձնական շփում է ունեցել, կարողացել է մարդկային փոխըմբռնում հաստատել, դա այնքան էկզոտիկ, բացառիկ, ֆանտաստիկ փորձառություն է, որ որոշել էի անպատճառ մի օր նրան դիմել, խնդրել, որ Գվինեայի ու Սեկու Տուրեի մասին իր հուշերից պատմի եւ եթե համաձայնի` հրապարակենք: 

Բայց այնքան ուշացա, այնքան չդիմեցի, մինչեւ օրերս տեղեկացա, որ պրն Սիրունյանը հոկտեմբերի սկզբին մահացել է: Հիմա նրա մահվան 40-րդ օրվա կապակցությամբ եմ գրում եւ ընդունում եմ, որ լրագրությունում էլ լինում են ուշանալու անուղղելի, անշրջելի հետեւանքներ: Այն, ինչ պրն Սիրունյանին կարող էի հարցնել, ինչը նրա կյանքի իրադարձություններն էին ու փորձառությունը, այլեւս հնարավոր է միայն հպանցիկ իմանալ ու միայն մոտավոր գրել:

Սիրունյանի դստեր` Թամարայի մոտ մի ֆրանսիական օրաթերթում հրապարակված հոդվածի պատճենը կար, որ պահվում է ընտանեկան արխիվում: Դա 1978-ին Փարիզում տպագրված հոդված է՝ «Գվինեայի ամենահայտնի բժիշկը` դոկտոր Ալեքսանդրը» վերնագրով եւ ուղեկցող լուսանկարով, որտեղ Ալեքսանդր Սիրունյանն է երիտասարդ տարիքում, մանկահասակ դստեր եւ որդու` Թամարայի եւ Կարենի հետ: Այդ հոդվածը գրելու համար Ֆրանսիայից լրագրողը խորհրդային Հայաստան է եկել եւ հանդիպել պրն Սիրունյանին` Երեւանի հիվանդանոցներից մեկի բաժանմունքի վարիչի իր աշխատասենյակում: 

Տասնամյակների հեռավորությունից հոդվածը շատ հետաքրքիր էր, սկիզբն առանձնակի տպավորիչ էր. լրագրողը պատմում է, որ 1977-ի օգոստոսյան մի օր, չնայած շոգին ու տապին, հարյուրավոր գվինեացիներ են հավաքվել մայրաքաղաք Կոնակրիի օդանավակայանում` հրաժեշտ տալու Գվինեայում իր առաքելությունն ավարտած եւ ԽՍՀՄ վերադարձող դոկտոր Ալեքսանդրին: Հրաժեշտի արարողություն է կազմակերպվել, եւ Գվինեայի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարարը, դիմելով պրն Սիրունյանին, ասել է. «Դոկտոր Ալեքսանդր, Դուք իմ երկրում բժշկությունը հասցրիք այնպիսի բարձրության ու հանրաճանաչության, ինչպիսին այս վայրերում ոչ ոք մինչ այդ չէր տեսել: Թույլ տվեք իմ երկրի եւ կառավարության խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ եւ իբրեւ մեր երախտիքի ու բարեկամություն առհավատչյա՝ մի ընծա նվիրել», եւ ձեռքից հանելով՝ պրն Սիրունյանին է նվիրել անձնական ժամացույցը, որի վրա նախագահ Ահմեդ Սեկու Տուրեի դիմանկարն է: 

Եթե միայն ես այդքան աններելի չուշանայի եւ պրն Սիրունյանից իր կյանքի, հիշողությունների մասին հարցազրույց վերցրած լինեի, եթե այս ֆրանսերեն հոդվածն ավելի վաղ երբեւէ տեսած լինեի, անպատճատ կհարցնեի, թե բռնապետի դիմանկարով ժամացույցն ինչ էմոցիա է առաջացրել, ավելի շատ հուզվե՞լ է, թե՞ ցանկացել է ծիծաղել, առհասարակ՝ ինքն այդ դիկտատորին ինչպե՞ս է ընկալել ու հիշում: Բայց, ավաղ, այլեւս ուշ է: 

Մտածեցի՝ միակ բանը, որ կարող եմ այժմ անել, դա ինչ-որ ժամանակ անց պրն Սիրունյանի կնոջը` տիկին Լարիսային խնդրելն է, որ գուցե ինքը հուշեր պատմի Գվինեայից, Թունիսից, Ալժիրից, որտեղ ինքն էլ ամուսնու հետ աշխատել է: Ֆրանսիական հոդվածում գրված էր, որ Գվինեայում տեր եւ տիկին Սիրունյաններին այդպես էլ կոչում էին՝ «բժիշկների ընտանիքը»: Լարիսա Սիրունյանն էլ արտերկրում համարյա նույնպիսի մասնագիտական ծանրաբեռնվածությամբ է աշխատել, ինչ ամուսինը: Երկրներից մեկում, կարծեմ՝ Թունիսում, տիկին Սիրունյանը երեք տարում անձամբ ինը հարյուրից ավելի կատարակտի վիրահատություն է կատարել: Միայն պատկերացնել կարելի է, թե դա ինչ ծավալ է ու աշխատանք, այն էլ՝ 70-ականների վիրահատական սարքավորումներով: 
Տեր եւ տիկին Սիրունյանները Հիպոկրատի երդումն ու պատգամները դարձրել են գործ Հայաստանում ու Հայաստանի սահմաններից դուրս: Նրանց կյանքը հետաքրքիր, իմաստալից ու վեհ առաքելության օրինակ է, որի մասին արժեր պատմել, գրել, հիշել: Ցավում եմ, որ դա արեցի մասամբ ու անուղղելի ուշացումով: