Ոչ թե քաղաքական, այլ կենցաղային ազգ

Ոչ թե քաղաքական, այլ կենցաղային ազգ

Աստծու ամեն օր մեր գլխին թափվող նոր արհավիրքներն այլեւս չեն էլ զարմացնում հայ հասարակությանը, դրանք ընկալվում են որպես օրինաչափ եւ սպասելի իրադարձություններ, ավելին՝ շատերը քամահրանքով, թե թաքուն ինքնախոստովանությամբ պնդում են, որ թշնամին աստիճանաբար մոտենում է իրենց բնակավայրերին, տներին ու ընտանիքներին։ Դրանում մեղադրվում է ով ասես՝ միջազգային հանրությունից մինչեւ ռազմավարական գործընկեր, իշխանությունից մինչեւ ընդդիմություն։ Մինչդեռ հենց Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը սեփական սխալն ընդունել ու գործուն զղջալ կարծես չի էլ պատրաստվում։

Քաղաքական միամտություն ունեցող մեր շատ հայրենակիցների հավանաբար թվում է, որ եթե մեր դատն արդար է, պայքարը՝ հերոսական, ամբողջ աշխարհը, քաղաքակիրթ մարդկությունը պետք է մեզ աջակցեն։ Այնպես, ինչպես պատերազմի օրերին էինք պնդում, թե սա քաղաքակրթական պատերազմ է, եւ խորապես հավատացած էինք, թե ամենօրյա քրտնաջան աշխատանքի փոխարեն՝ այդ դատարկ պնդումները շարժելու են աշխարհի մեծերի գութը։ Շատերը համոզված են, որ հայաստանյան իշխանության փաստացի չգոյության պայմաններում ՌԴ-ն կամ մեկ այլ երկիր, չգիտես ինչու, պետք է ստանձնի մեր ֆիզիկական անվտանգության ապահովումը։ Կարեւորը սեփական անգործությունն ու անբովանդակությունն ինչ-որ պատրվակով արդարացնելն է։
Որքան խոսեցին հայահավաքից, այնքան արտագաղթի տեմպերն ավելացան, ընդ որում՝ երկիրը լքեցին տարբեր ոլորտների արհեստավարժ մասնագետները, միջին խավը, ոչ թե չքավորները։ Այդ ո՞վ էր մի քանի տարի առաջ խոսում անկախ քաղաքական կողմնորոշումից՝ աշխարհի հայտնի հայերին մեկտեղելու, համազգային նպատակների, օրինակ՝ Արցախի ճանաչման շուրջ Սփյուռքի ռեսուրսները մոբիլիզացնելու անհրաժեշտության մասին։ Քանի՞ գրոշ արժեին այդ դատարկ պնդումները։ Սերժ Թանկյանն ու Տարոն Աճեմօղլուն Սփյուռքի խոստացված ներկայության տապալման ամենախոսուն խորհրդանիշներն են։

Ադրբեջանի եւ Թուրքիայի գերին դարձած մեր երկիրը կարո՞ղ է արժանապատվորեն ներկայացնել սեփական փաստարկները, օրինակ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որի գործառույթը նաեւ էթնոքաղաքական հակամարտություններին իրավական գնահատական տալն է։ Քանի որ այդ դատարանը միջազգային իրավունքի նորմերը բաղդատում է կողմերի ներկայացրած փաստարկների հետ, այսինքն՝ պետք է ճշգրտորեն ներկայացնել կոնֆլիկտի էությունը, Հայաստանն ունա՞կ է կարեւորագույն այս տրիբունալում հասնելու մեզ համար նպաստավոր որոշման կայացման։ Այն, որ ճշմարտությունը մեր կողմն է, դեռեւս բավարար չէ, պետք է լավ ներկայացնել սեփական փաստարկները։ Օրինակ, ՄԱԿ-ի դատարանը դիրքորոշում է հայտնել Կոսովոյի վերաբերյալ, ինչո՞ւ չի կարող նույնը լինել Արցախի դեպքում։

Բացառապես կատարվող աշխատանքից է կախված, թե արդյունքն ինչպիսին կլինի: Առաջին հայացքից անելանելի թվացող իրավիճակներում կարող են հաջող արդյունքներ գրանցվել, եթե երկիրը բավականաչափ հետեւողականություն դրսեւորի: Մեկ-երկու հաջողությամբ՝ Թուրքիայի նկատմամբ Եվրոպական դատարանի միջանկյալ միջոցով կամ Հաագայի տրիբունալի՝ Բաքվի ռազմավարի պուրակը փակելու մասին որոշմամբ ոչ մի հարց չի լուծվում, դրանք ընդամենը ընթացիկ, տեղային հաջողություններ են:

Աշխարհում երբեւէ որեւէ հակամարտություն չի լուծվել բանակցություններով, այլ միայն միջազգային ճնշմամբ եւ թիրախային գործողություններով է ագրեսորին խաղաղություն պարտադրվել։ Ժամանակին Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը, օրինակ, կարող էր ծառայել Արցախի միջազգային ճանաչմանը, եթե ծանրակշիռ աշխատանքի արդյունքում այդ պահը հասունանար։ Ավելին՝ այդ քայլին պետք էր գնալ, անկախ նրանից՝ պատերա՞զմ է, թե՞ ոչ, այլ կերպ ասած՝ Արցախի ճանաչումը որեւէ կերպ չարժեր կապել Ադրբեջանի արկածախնդրությունների հետ: Մեր արտաքին քաղաքականության երբեմնի այդ առաջնահերթությունը ցավալիորեն այսօր իսպառ մոռացված եւ արգելված թեմա է։

Դավիթ Սարգսյան