Եկեղեցին վերջնականապես ջրբաժան գծեց իր եւ իշխանությունների միջեւ

Եկեղեցին վերջնականապես ջրբաժան գծեց իր եւ իշխանությունների միջեւ

Գերագույն հոգեւոր խորհրդի վերջին հայտարարությամբ առաքելական եկեղեցու եւ փաշինյանական վարչակազմի միջեւ անցկացվեց վերջնական ջրբաժան։ Եկեղեցական օֆիցիալ լրահոսի համաձայն, մայիսի 23-ին, նախագահությամբ Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որին մասնակցել են Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսները։ Ժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, ինչպեսեւ անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։ 

Ժողովից հետո ԳՀԽ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ 

Նրանց համար, ով ծանոթ չէ այդ հայտարարությանը, մեջբերենք մի հատված․«Գերագույն Հոգեւոր Խորհուրդը դատապարտելի եւ անընդունելի է նկատում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները։ Ձեռնարկվող անհեռատես քայլերով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Հայաստանի իշխանություններն Արցախի մեր քույրերին ու եղբայրներին անխուսափելիորեն կկանգնեցնեն նոր ցեղասպանության եւ հայրենազրկման առջեւ։ Մեր զավակների արյան գնով ու մաքառումով կերտված Արցախի անկախությունը, Հայաստանի տարածքները ենթակա չեն սակարկությունների։ Հայրենիքն ամենքինս է, եւ հայրենիքին առնչվող նման որոշումները պետք է կայացվեն ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին եւ օրենսդրությանը համահունչ եւ ոչ՝ առանձին քաղաքական խմբերի ու խմբավորումների հայեցողությամբ։ Հորդորում ենք իշխանություններին՝ հրաժարվել պարտվողական մտայնությունից եւ դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ։ Մեր կոչն ենք ուղղում համայն մեր ժողովրդին, ազգային կառույցներին՝ օրհասական այս պահին ողջախոհությամբ սթափ գնահատելու ստեղծված բարդ կացությունը եւ աննահանջ ու միաբան մնալու մեր համազգային շահերի, Արցախի ինքնորոշման իրացված իրավունքի հետապնդման գործում։ Այս հարցում անհրաժեշտ ենք նկատում մեր ժողովրդի վճռական կամարտահայտությունը»։
Մայր Աթոռի տարածած հայտարարությունից կարելի է հասկանալ, որ ԳՀԽ վերոնշյալ ժողովն անցկացվել է որոշակի հատուկ նպատակով՝ արձագանքել ժողովից մեկ օր առաջ՝ մայիսի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում Արցախի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտություններին։ Քանի որ հատուկ նշում չկա, որ ԳՀԽ ժողովը եղել է ընդլայնված կազմով, կարելի է կարծել, որ մասնակցել են հիմնականում Հայաստանի ներքին թեմերի այն առաջնորդները, որոնք ընդգրկված են ԳՀԽ կազմում, Մայր Աթոռի վարչական համակարգի առանձին ստորաբաժանումները ղեկավարող եպիսկոպոսները, հայաստանաբնակ աշխարհիկ անդամները, ինչպես նաեւ Մայր Աթոռում բնակվող եպիսկոպոսները։ Վերջիններս մասնակցել են՝ ժողովին ներկայացուցչական կամ, ինչպես ընդունված է ասել՝ «պատկառազդու» բնույթ հաղորդելու համար։ Քանի որ Մայր Աթոռի հայտարարությունում հատուկ նշում չկա, իսկ սովորաբար նման նշումներ լինում են, դժվար թե, օրինակ, Երուսաղեմի եւ Կ․Պոլսի Հայոց պատրիարքություններից ներկայացուցիչներ մասնակցած լինեն այդ ժողովին։ Այսինքն, եղել է այսպես ասած՝ «ներքին կազմով» ժողով՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին արձագանքելու կամ հակադարձելու համար։ 

Բավականին հետաքրքիր էր ԳՀԽ հայտարարության բուն տեքստը։ Եթե բազմաբարդ եւ «խուճուճ» ձեւակերպումները մի կողմ դնենք, ապա Մայր Աթոռը, ի դեմս Ամենայն հայոց կաթողիկոսին կից գործող խորհրդակցական մարմնի, հանդես է գալիս ընդգծված հասցեական հայտարարությամբ՝ փաստորեն, վերջնականորեն անցկացնելով ջրբաժան առաքելական եկեղեցու եւ Հայաստանի գործող իշխանությունների միջեւ։ Սա ինքնին արդեն, որպես փաստ, չափազանց հետաքրքիր է, որովհետեւ գոնե Հայաստանի 3-րդ հանրապետության գոյության ընթացքում, մինչեւ հիմա նման հասցեական հայտարարություն ԳՀԽ-ից չէր հնչել։ Նույնիսկ մարտիմեկյան դեպքերի ժամանակ, երբ հայկական պետականությունն էլի ինչ-որ իմաստով բավականին լուրջ փորձության առաջ էր կանգնած, ԳՀԽ-ի՝ այդ առնչությամբ տարածած հայտարարությունն այսքան հասցեական չի եղել։ 

Հասցեականությունն ու առաքելական եկեղեցու եւ ՀՀ գործող իշխանությունների միջեւ անջրպետի նման ընդգծված անցկացումը կարելի է մի քանի հանգամանքով բացատրել։ Նախ, որ խաղատախտակին դրված է մի հարց, որը հայ ժողովրդի համար ունի գոյաբանական նշանակություն, եւ այդ հարցի առնչությամբ ցանկացած, նույնիսկ ամենափոքր սխալը կարող է ունենալ համահայկական մակարդակի ողբերգական եւ կործանարար հետեւանքներ։ Եվ ապա՝ ինչպես այլ հայկական կառույցներ, եկեղեցին եւս այս քայլով հասկացնում է, որ չի կիսելու այն պատասխանատվությունը, որը Հայաստանի իշխանությունները ստանձնել են իրենց հայտարարած «խաղաղության դարաշրջանով»։ Այսինքն, եթե պատկերավոր ասենք՝ այն բաժակը, որը Նիկոլ Փաշինյանն է (իր թիմով հանդերձ) վերցրել ձեռքը, պետք է միայնակ խմի ցմրուր՝ առանց հույս ունենալու, որ առաքելական եկեղեցին, որ Հայաստանի 3-րդ հանրապետության գոյության ողջ ընթացքում աչքի է ընկել օրվա իշխանությունների հանդեպ կրավորական կեցվածքով, անգամ աջակցելով, այժմ նույն կեցվածքը պահպանելու է։ Ընդ որում, պատասխանատվությունը լինելու է հավերժական հենքի վրա, այնքան ժամանակ, որքան որ գոյություն է ունենալու հայ ժողովուրդը։ Այսինքն՝ սերունդների եւ պատմության առաջ՝ ընդհանուր առմամբ։ 

Այս հայտարարությունը, ըստ էության, նաեւ ոչնչացնում է փաշինյանական այն թեզը, թե Հայաստանի գործող իշխանությունների եւ առաքելական եկեղեցու միջեւ խնդիրները որոշակի նյութական շահի հետապնդմամբ պայմանավորված արտոնություններ ստանալու եւ այլնի հետ են կապված։ Հայաստանի իշխանությունները, ի դեպ, այս հայտարարությանը կարծես թե չեն արձագանքել։ Կարձագանքեն թե չէ, կամ թե ինչպես, ինչ մակարդակով՝ դժվար է ասել։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունները բացահայտեցին հանրությանը մատուցվող խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը, որով ակնհայտ են դառնում Արցախի հետագա ճակատագրի եւ Հայաստանի սահմանամերձ որոշակի տարածքների առնչությամբ ՀՀ բանակցային գործընթացում իշխանությունների որդեգրած վտանգավոր ու մերժելի դիրքորոշումները։