ԱՄՆ-ն չի էլ թաքցնում ՌԴ-ին Հայաստանից դուրս մղելու իր ձգտումը

ԱՄՆ-ն չի էլ թաքցնում ՌԴ-ին Հայաստանից դուրս մղելու իր ձգտումը

Միացյալ Նահանգները չի էլ թաքցնում, որ ձգտում է վերջ դնել Հայաստանում Ռուսաստանի ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական ներկայությանը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, վերջերս «Ցարգրադ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին, ասել էր. «Մենք նման տեղեկատվության ենք տիրապետում, որ Արեւմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից՝ թե՛ սահմանապահներին եւ թե ՛ ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն՝ ապահովելու ձեր անվտանգությունը»: Նիկոլ Փաշինյանը, իր վերջին ասուլիսում պատասխանելով հարցին, թե արդյոք Լավրովը ճի՞շտ է ասում՝ Հայաստանը նման ազդակներ ստանո՞ւմ է ԱՄՆ-ից, պատասխանեց. «Մենք Արեւմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանին դուրս մղելու որեւէ ազդակ չենք ստանում, չենք ստացել, եւ չեմ կարծում, թե այդպիսի ազդակ երբեւէ կլինի»։ 

Փաշինյանը չէր էլ կարող մտածել, որ իր ասած հերթական սուտը կարող է բացահայտվել ընդամենը մեկ օր հետո եւ հենց՝ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի կողմից: ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի աջակցության համակարգող Մարիա Լոնգին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է փոքր մոդուլային միջուկային էլեկտրակայաններ կառուցել եվրասիական տարածաշրջանի երկրներում՝ նրանց էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից եւ Չինաստանից նվազեցնելու համար։ «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայով կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների իրագործելիությունը, որոնք կարող են նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ՉԺՀ-ից էներգետիկ անկախությանը»,- ասել է Լոնգին: Եթե Միացյալ Նահանգները մտադիր է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանի էներգետիկ շուկայից, բնական է, չէ՞, որ նույն ԱՄՆ-ն առաջին հերթին Հայաստանը պետք է ազատի Ռուսաստանի ռազմական ներկայությունից:  

Ինչո՞ւ Միացյալ Նահանգները հոգ չի տանում Հարավային Ամերիկայի կամ Աֆրիկայի երկրների էներգետիկ անվտանգության համար, ինչո՞ւ, օրինակ, մոդուլային միջուկային ռեակտորներ չեն կառուցում Պանամայում, Գանայում, Էկվադորում կամ Չիլիում: Արդեն մի քանի տարի Լիբանանը գտնվում է էներգետիկ խոր ճգնաժամի մեջ, էլեկտրաէներգիան տրվում է օրական 1-2 ժամ, եւ որեւէ հեռանկար չկա, որ էներգետիկ ճգնաժամը կարող է լուծում ստանալ: Ինչո՞ւ Միացյալ Նահանգները մոդուլային միջուկային էլեկտրակայան չի կառուցում Լիբանանում՝ վերջ դնելով այդ երկրի քաղաքացիների՝ տարիներ ձգվող տառապանքին: Որովհետեւ այդ երկրներն էներգետիկ կախվածություն չունեն Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական մրցակիցներ Ռուսաստանից կամ Չինաստանից: Եթե Լիբանանում լիներ ռուսական ատոմակայան, ապա ԱՄՆ-ն անպայման կփորձեր Ռուսաստանին դուրս մղել նաեւ Լիբանանից, բայց քանի որ չկա, ուրեմն թող Լիբանանը շարունակի խարխափել խավարի մեջ:

ԱՄՆ-ն Հայաստանում միջուկային ռեակտորներ է կառուցելու ոչ թե հանուն Հայաստանի տնտեսության կամ նրա բնակիչների էներգետիկ կարիքների բավարարման, այլ Ռուսաստանին այստեղից դուրս մղելու համար: Հիմա Հայաստանում աշխատում է դեռեւս Խորհրդային Միության տարիներին կառուցված ատոմային էլեկտրակայանը, որն ապահովում է Հայաստանի էներգետիկ պահանջի 40 տոկոսը եւ աշխատում է ռուսական վառելիքով, սպասարկվում է ռուս մասնագետների կողմից: Միացյալ Նահանգները ձգտում են՝ որքան հնարավոր է, փոքրացնել Ռուսաստանի եւ Չինաստանի տնտեսական ազդեցության ոլորտը, սահմանափակել նրանց գործընկեր երկրների քանակը, նրանց ենթարկել տնտեսական շրջափակման եւ, ի վերջո, հնազանդեցնել Միացյալ Նահանգներին: 

ԱՄՆ-ին եւ նրա ներկայացուցիչ Մարիա Լոնգին չի հետաքրքրում Հայաստանի էներգետիկ անկախությունը, եւ Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով աշխատող մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելով՝ Հայաստանն էներգետիկ անկախություն չի ստանա. ուղղակի Ռուսաստանից էներգետիկ անկախությունը կփոխարինվի Միացյալ Նահանգներից էներգետիկ անկախությամբ: Էներգետիկ անկախություն կլիներ այն ժամանակ, եթե Հայաստանը, հրաժարվելով ռուսական տեխնոլոգիաներով եւ ռուսական հումքով աշխատող ատոմային էլեկտրակայանի շահագործումից, կառուցեր սեփական տեխնոլոգիաներով եւ սեփական հումքով աշխատող ատոմակայան: 

Հայաստանի համար ի՞նչ տարբերություն, թե որ երկրից է ինքը էներգետիկ առումով կախված`Միացյալ Նահանգների՞ց, թե՞ Ռուսաստանից, եթե դա իրեն էներգետիկ անկախություն չի բերելու: Միայն թե հարցն այն է, որ եթե Հայաստանում ռուսական-սովետական ատոմակայանն իրականում կա, աշխատում եւ էլեկտրաէներգիա է արտադրում, ապա ամերիկյանն այդպես էլ կարող է մնալ խոստում: Միացյալ Նահանգները, ի տարբերություն Ռուսաստանի, կարող է Հայաստանին խոստանալ՝ օգնել միջուկային ռեակտոր կառուցելու հարցում, բայց այդպես էլ ոչինչ չկառուցել: Միացյալ Նահանգներին չի հետաքրքրում՝ Հայաստանը կունենա՞ էներգետիկա, թե՞ կզրկվի էներգիայի գեներացման աղբյուրներից, նրան հետաքրքրում է, որ Ռուսաստանին դուրս մղի Հայաստանից` ռուսական տեխնոլոգիայով եւ վառելքով աշխատող ատոմակայանը փակվի, իսկ թե դրանից հետո ինչ կլինի Հայաստանում, դա արդեն նրան չի հետաքրքրում: Միացյալ Նահանգները չօգնեցին իրենց ռազմավարական դաշնակից Թուրքիային՝ կառուցելու ատոմային էլեկտրակայան, եւ Թուրքիայի իշխանությունները դիմեցին Ռուսաստանի օգնությանը, եւ հիմա Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է 4800 մեգավատ հզորությամբ ատոմային էլեկտրակայան, որի առաջին բլոկը`1200 մեգավատ հզորությամբ, սկսեց գործել այս ամսվա սկզբին: Ռուսական տեխնոլոգիաներով այս պահին ատոմային էլեկտրակայաններ են կառուցվում Չինաստանում Հնդկաստանում, Բանգլադեշում, Հունգարիայում, Եգիպտոսում եւ էլի մի քանի երկրներում: 

Որեւէ գաղութային տերություն չի մտածել իր տիրապետության տակ գտնվող գաղութի տնտեսական կամ տեխնոլոգիական զարգացման մասին. գաղութն ընդամենը պետք է որպես էժան հումքի ստացման աղբյուր եւ պատրաստի արտադրանքի իրացման շուկա: Միացյալ Նահանգներն ուզում է ընդլայնել իր գաղութային ներկայությունը Հայաստանում, իսկ դրա համար պետք է մրցակից երկրներին դուրս մղի մեր երկրի ավելի մեծ թվով ոլորտներից: Թե չէ՝ միջուկային մոդուլային ռեակտոր, էներգետիկ անկախություն. սրանք ժամանակակից լոլոներ են, որոնցով ամերիկացի գաղութարարները փորձում են խաբել իրենց կողմից գաղութացվող երկրների ժողովուրդներին, ինչպես ժամանակին հնդկացիներին էին խաբում ապակե փայլուն իրերով` խլելով նրանց հայրենիքն ու կյանքերը:

Ավետիս Բաբաջանյան