Ես ոչ մեկի թիմակիցը չեմ, ես Ադամյան Միքայելի թիմակիցն եմ

Ես ոչ մեկի թիմակիցը չեմ, ես Ադամյան Միքայելի թիմակիցն եմ

Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, որը վերջերս ձեւավորվեց, նոր նախագահ ունի՝ Միքայել Ադամյանը։ Նախկին նախագահը՝ Վահան Արծրունին, մերժվեց իշխանությունների կողմից։ Ադամյանը կառավարության առաջարկած թեկնածուների ցանկում էր եւ խորհրդի նոր կազմի կողմից ընտրվեց նախագահ։ Նա նաեւ Նորքի սրտաբանական հիվանդանոցի տնօրենն է։ Ասում են՝ սա Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հաղթանակն է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ, ում հետ նա տեւական ժամանակ է՝ «պատերազմի» մեջ է, քանզի Ադամյանը Թորոսյանի «սրտի նախագահը» չէ։ Թեմայի շուրջ զրուցել ենք Միքայել Ադամյանի հետ։

- Պարոն Ադամյան, ինչպե՞ս ստացվեց, որ որպես թեկնածու՝ հենց Ձեզ առաջադրեց կառավարությունը, որից հետո ընտրվեցիք նախագահ։ Սա մեկնաբանվում է այնպես, որ Ձեր ընտրությունն Արմեն Մուրադյանի հաղթանակն էր Արսեն Թորոսյանի նկատմամբ։

- Դա պետք է նրանց հարցնեք, ովքեր ինձ ընտրել են։ Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հետ հարաբերությանը, ինքն ինձ հարազատ մարդ է, ընկեր մարդ է, տասը տարուց ավելի ընկերություն ենք անում մենք, էնպես չէ, որ նոր ենք ճանաչում։ 

- Իսկ Արմեն Մուրադյանի՞ հետ ինչպիսին են հարաբերությունները։

- Նորմալ, մարդկային հարաբերություններ են։

- Ինչպե՞ս ստացվեց, որ կառավարությունը հենց Ձեզ որոշեց առաջադրել։

- Դա չեմ կարող ասել, դա ԿԳՄՍ նախարարության՝ փոխնախարարի առաջարկն էր, առաջարկը եղավ, դրվեց ընտրության, ու էնպես չէ, որ ինչ-որ հանգամանք կար, էլի, դրա մեջ։ 

- Պարզապես մեկնաբանվում էր այնպես, որ Ձեր՝ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելն ու նախագահ ընտրվելն ավելի շատ ձեռնտու էր Արմեն Մուրադյանին եւ ոչ այնքան Արսեն Թորոսյանին, քանզի, ասում են՝ Դուք ավելի շատ Մուրադյանի թիմակիցն եք համարվում։ Գոնե մամուլում նման հրապարակումներ եղան։

- Չէ, նման բան չկա, ես ոչ մեկի թիմակիցը չեմ, ես Ադամյան Միքայելի թիմակիցն եմ՝ իմ անցած կյանքի։ Ինչ վերաբերում է Արսենի թիմին կամ Մուրադյանի թիմին, նման բան չկա՝ ինձ հետ կապված։ Անգամ ասեմ ավելին․ նախարարության հինգ աշխատակից, որոնք նույնպես հոգաբարձուների խորհրդի անդամներ են, հինգն էլ միաձայն ինձ ձայն են տվել։ Այսինքն՝ նման հարց չկա։ Ես իմ կյանքով եմ ստեղծել էդ իմ անունը, ցավդ տանեմ, բժիշկ լինելով։ 

- Հնարավո՞ր է՝ առաջիկայում դիտարկվի Ձեր՝ առողջապահության նախարար դառնալու հանգամանքը, որովհետեւ նման խոսակցություն եւս կա, որ գուցե վաղը Արսեն Թորոսյանին Դուք փոխարինեք։

- Դա երկրում մի մարդ է որոշում, դեռեւս ես նման խնդիր չեմ տեսնում իրեն փոխելու, բայց մեր երկրում, կարծում եմ, մի մարդ է դա որոշում, համենայնդեպս, նման խոսակցություն իմ ականջով էլ չի հասել, նման հարց չկա, էլի, ընդհանրապես։

- Գո՞հ եք Թորոսյանի աշխատանքից։

- Ամեն տեսակի էլ կարելի է գնահատել, եթե չես աշխատում, չես սխալվում։ Մանավանդ՝ առողջապահության ոլորտը՝ իր պրոբլեմներով, շատ ծանր է, դրա համար ասել, որ ինչ-որ բանում սխալ ենք արել․․․

- Ասում են՝ կորոնավիրուսային այս իրավիճակում նախարարի ու նախարարության թույլ տված հավանական սխալները բավականին ծանր նստեցին մեզ վրա, կյանքեր արժեցան։

- Իսկ ո՞րն էր այդ սխալը։

- Օրինակ՝ հակասական հայտարարությունները, ի սկզբանե խնդրի լուծման հարցում սխալ մոտեցում ցուցաբերելը, ժամանակին վիրուսի տարածումը ճիշտ ձեւով չկանխելը, ու այսպիսի շատ այլ օրինակներ են քննադատները նշում։

- Էնպես չէ, թե որեւէ մեկը կարող է ասել՝ որն է ճիշտը, էդպես էլ չէ։ Մենք առաջին անգամ էդպիսի պատերազմի մեջ ենք մտել, դա ամբողջ աշխարհի համար է պրոբլեմ, մեզ համար՝ առավել եւս։ Հետո՝ դա ավելի շատ փոփոխական է, գիտե՞ք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարբեր ժամանակներում տարբեր որոշումներ է կայացնում, նույն կորոնավիրուսը տարբեր ձեւի էր ներկայացնում, պաշտպանության միջոցները տարբեր ձեւի էր ներկայացնում․․․ 

- Իսկ Ձեր նշած այդ պատերազմի ժամանակ, օրինակ, նախարարի կողմից արձակուրդ մեկնելը ճի՞շտ է։

- Դա անձնական հարց է։ Ես իմ անձնական կարծիքն ունեմ, եկեք չպատասխանեմ։

- Ի դեպ, Ձեզ հետ կապված ասում են, թե Դուք Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ բարեկամական կապ ունեք, ճի՞շտ է դա, հատկապես, որ արմատներով իջեւանցի եք։

- Բացարձակապես ոչ։ Գիտե՞ք ինչ, Վահե ջան, Դուք որտեղի՞ց եք արմատներով։

- Ջավախքից եմ արմատներով։

- Թեւանյան Նորիկի հետ բարեկա՞մ եք։

- Ոչ, ես Արսեն Թորոսյանի հետ եմ բարեկամ։

- Դե, ինքն էլ Թեւանյան Նորիկի հետ է բարեկամ։

- Գուցե։ Երեքս էլ ջավախքցի ենք, կարող ենք հեռավոր կապ ունենալ, Թեւանյան Նորիկն էլ լուսահոգի հորեղբորս ընկերն է եղել, թեպետ ես իրեն չեմ ճանաչում։ Դուք էլ արմատներով իջեւանցի եք, գուցե վարչապետի՞ հետ որեւէ կապ ունեք։

- Դե, հասկանո՞ւմ եք, էդպես կապում են, էլի։ Կխնդրեմ ուսումնասիրել իմ անցած ճանապարհը, նոր այդ հարցը տալ։ Ես, ճիշտն ասած, իմ ճանապարհը, երբ որ ստեղծել եմ 2003 թվականից, կապ չի ունեցել՝ իջեւանցի եմ, երեւանցի եմ, թե, չգիտեմ, Ախալքալաքից եմ։