«Ան.կոչ.նակ»-ը, կամ՝ ինչպես վտանգել ու չտեսնել վտանգը

«Ան.կոչ.նակ»-ը, կամ՝ ինչպես վտանգել ու չտեսնել վտանգը

Արձագանքելով նախօրեին ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պատասխանին՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանը հայտարարել է. «Սուտը մնում է իր (Ա. Վանեցյանի) գործիքակազմի գլխավոր գործիքը, որովհետեւ ասել, թե հիմնադրամից ինչ-որ քարոզ է կատարվել, մի բան, որն իրականության հետ զրո համատեղելիություն ունի, սուտ է, իսկ դա իր գործիքն է»։ Այս կապակցությամբ մենք դիմեցինք Արթուր Վանեցյանին՝ մեկնաբանության խնդրանքով, ինչին ի պատասխան՝ վերջինս մատնացույց արեց որոշ աղբյուրներ, որտեղ առկա են հարյուրավոր նյութեր, որոնք ուսումնասիրելու պարագայում ակնհայտ կդառնա, թե ով է իրականում ստախոսը։ 

Մասնավորապես, մենք ուսումնասիրեցինք «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի դրամաշնորհների ցանկը, այդ ցանկում ներգրավված կազմակերպությունների գործունեության արդյունքները, որոնք հասկանալի են դարձնում այն մտահոգությունները, որոնք արտահայտել է Արթուր Վանեցյանը։ Այդ բաց աղբյուրներում մենք ուշագրավ մանրամասներ հայտնաբերեցինք։
Օրինակ, ինչպես տեղեկանում ենք «ԲՀՀ-Հայաստանի» պաշտոնական կայքից, ի թիվս այլ կազմակերպությունների, 2017 թվականի նոյեմբերի 28-ին 55 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհ է տրամադրվել «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությանը։

Ֆինանսավորման նպատակը, ըստ աղբյուրի, հետեւյալն է. «Նախագիծն ուղղված է Հայաստանի հանրակրթական դպրոցներում սեռական դաստիարակության բարելավմանը՝ պատանիների ծնողներին դասավանդելու ու դպրոցներում առավել լավ սեռական կրթությանն ուղղված նրանց ջանքերին օժանդակելու միջոցով։ Դասավանդումը կընդլայնի սեռական եւ վերարտադրողական ծնողների գիտելիքներն իրավունքների մասին եւ կցուցանի գենդերային ասպեկտով սեռական կրթության թեմայով հաղորդակցման եղանակները։ Ծնողների դասավանդման այս երկրորդ փուլը կկենտրոնանա Երեւանի եւ Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի ծնողների վրա եւ փոխադարձ ուսումնառության նպատակով կներգրավի առաջին փուլում դասավանդված ծնողներին»։ 

Դեռ մի կողմ թողնենք, թե ինչ «գենդերային ասպեկտով սեռական կրթության» մասին է խոսքը, ինչու պետք է այն դասավանդվի հանրակրթական դպրոցներում ու դպրոցականների ծնողներին։ Ի վերջո պարզ չէ, թե կոնկրետ ինչ է դասավանդվել, որոնք են եղել չափորոշիչները, ում կողմից են դրանք սահմանվել եւ հաստատվել։ Խնդիրն այն է, որ «Կանանց ռեսուրսների կենտրոնը» Սորոսի հիմնադրամից այս դրամաշնորհը ստանալուց մեկ ամիս չանցած՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին, «Հայ արտ մշակութային ցուցասրահ կենտրոն»-ում կազմակերպել է «Ան.կոչ.նակ» խորագրով ցուցահանդես:

Այդ միջոցառման ֆեյսբուքյան էջում զետեղված տեղեկատվության համաձայն՝ «Ան.կոչ.նակ (ankoch-kochnak)»-ը ստեղծարար ֆեմինիստ անհատների եւ նախաձեռնությունների կողմից իրականացված աշխատանքների հանդիսություն է: Այն ուղղված է Հայաստանում ֆեմինիստական պրակտիկաների եւ ֆեմինիստական արժեքների ձեւավորմանը: Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարչության, փողոցային արվեստի գործեր, ֆիլմեր, տպագիր նյութեր, տեքստերի վերամշակումներ, ձեռագործ աշխատանքներ»: 

Թե կոնկրետ ինչ ֆիլմեր ու արվեստի այլ գործեր են ցուցադրվել, կիմանան ցուցահանդեսն այցելածները։ Մենք ցուցահանդեսի վերաբերյալ Ֆեյսբուքում զետեղված լուսանկարներից կարող ենք ընդամենը ասել, թե ինչ արժեքներ ու գաղափարներ են քարոզվել։ Օրինակ, ցուցահանդեսում եղել են այսպիսի լոզունգներ. «Իմ մարմին, իմ որոշում, իմ իրավունք-սեքսիստ աչքից հեռու», «Հեշտոցի հեղափոխությունը սկսելա՛», «Իմ հեշտոցը՝ իմ կանոնները», «Հայրիշխանությունդ տանձիս Չի՛», «Իմ հերոսն է Զապել Եսայանը», «Ազատ, Անկախ Ֆեմինիստ» եւ այլն: 
Վերը նշված ֆեմինիստական կարգախոսներից բացի ցուցահանդեսը, ենթադրաբար՝ նաեւ կազմակերպիչներն ու ֆինանսավորողները, շեշտադրում են արել նաեւ ծայրահեղ պացիֆիստական գաղափարների վրա։ Օրինակ՝ «Ես չեմ ամուսնացել պետության բանակի հետ», «Իմ արգանդը գործարք չէ քո ռազմական բիզնեսի հետ», «Ո՛չ պատերազմի բիզնեսին», «Իմ մարմինը չի ենթարկվում քո կոմերցիոն ստանդարտներին» եւ այլն: 

Անշուշտ, Լարիսա Մինասյանը կարող է պնդել, որ իրենց հիմնադրամը «կանանց ռեսուրսային կենտրոնին» ֆինանսավորել է ու ֆինանսավորել է միայն ֆեմինիստական, այլ ոչ պացիֆիստական բովանդակությունը (ճիշտ այնպես, ինչպես պետությունը ֆինանսավորել էր «Մելի» մասին ֆիլմի մարզական, այլ ոչ գենդերային հատվածը), բայց ոզնու համար էլ պարզ է, թե ինչն ինչոց է. Սորոսի հիմնադրամից սնվող կառույցը զբաղվել է կոնկրետ կարգախոսներով, կոնկրետ քարոզչությամբ։ 
Մեր ուսումնասիրություններից հետո կրկին մեկնաբանություն խնդրեցինք Արթուր Վանեցյանից։ Վերջինս նշեց. «Ինքներդ դատողություն արեք՝ փաստացի պատերազմող երկրում ֆիզիկական բնաջնջման դեմ ուղղված պայքարը ռազմական բիզնես անվանելն ու հայ մորը բանակին որդի պարգեւելուց հրաժարվելու կոչ անելը վտանգավո՞ր է, թե՞ ոչ»։ 

ՀԳ. Հատկանշական է, որ «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության ղեկավարը Լարա Ահարոնյանն է, ով նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։