Զոհերի չորացած մարմինները, փողկապները, ծաղկեփնջերը, մարզասրահներն ու ասֆալտը…

Զոհերի չորացած մարմինները, փողկապները, ծաղկեփնջերը, մարզասրահներն ու ասֆալտը…

Պատերազմից անցել է ավելի քան հինգ ամիս, բայց դեռ մի քանի հազար ծնողներ շարունակում են խելակորույս վիճակում փնտրել իրենց որդիների, անգամ՝ նրանց չորացած մասունքները: Դիահերձարաններում, սառնարաններում դեռեւս կան մարմիններ, որոնք փնթի աշխատանքի ու զոհերի հանդեպ անմարդկային վերաբերմունքի պատճառով այնքան են մնացել, որ դարձել են անճանաչելի: Դիահերձարանների աշխատողներն արդեն մի քանի ամիս աշխատում են դժոխային պայմաններում՝ ԴՆԹ անալիզի համար նմուշառում վերցնելով երիտասարդ տղաների չորացած ու սեւացած մարմինների մասերից: Շատ են դեպքերը, երբ ԴՆԹ թեստավորման պատասխանները եղել են սխալ, արտաշիրմումներ են արվել, դիերը փոխանակվել են՝ ծնողներին կրկնակի ողբերգություն պատճառելով: Խնդիրն այն է, որ թեստավորման սարք Հայաստանում եղել է մեկ հատ, ինչը, բնականաբար, չէր կարող բավարար լինել այս արտառոց իրավիճակում:

Երկրորդը ձեռք է բերվել միայն հունվար ամսին, երբ շատ դիեր անգամ արդեն թեստավորման համար էին անճանաչելի: Զոհերի մարմինները չափազանց շատ էին, իսկ թեստավորումը երկար ժամանակ է պահանջում, գործընթացը բավականին երկարեց, ու այսօր արդեն չափազանց դժվար է անճանաչելի դարձած մարմիններից անգամ նմուշառում վերցնելը: Այս իրավիճակում Հայաստանը պետք է ոչ թե մեկ, այլ մի քանի թեստավորման սարք ձեռք բերեր, որպեսզի ժամանակին հասցներ բոլոր դիերը թեստավորել: Իսկ մեր երիտքայլիստներն ասում էին, թե դրանք  բավականին թանկ են: Մի՞թե դրանք ավելի թանկ են, քան երիտասարդ տղաների կյանքը, որոնք զոհաբերվեցին հանուն հայրենիքի, որոնց մայրերն իրենց ձեռքերով լվանում են չորացած ոսկորներն ու գանգերը եւ ուղարկում փորձաքննության: Սա անմարդկային վերաբերմունք է մեր զոհված երիտասարդների հանդեպ: 

Թեստավորման սարքերը թանկ են, ձեռք չբերեցին, բայց պատերազմի օրերին ու դրանից հետո էլ քայլիստ պաշտոնյաներն իրենց տաքուկ աշխատասենյակներում նստած՝ շարունակում են պարգեւավճարներ ստանալ նույն ձեւով, ինչպես խաղաղ պայմաններում՝ մինչ պատերազմը, եւ ինչպես համավարակի օրերին: Կարծես ոչինչ էլ չի եղել: Թեստավորման սարքավորում գնելու փող չկա, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերն անհասցե փոշիացան: Այդ կարեւոր սարքի համար փող չկա, բայց երիտպաշտոնյաներն այսօր մտածում են իրենց կանանց ու երեխաների արդյունավետ հանգստի եւ առողջ ապրելակերպի մասին, որ նրանք պետության հաշվին այցելեն մարզասրահներ եւ պահպանեն իրենց գեղեցիկ կառուցվածքը: Այն դեպքում, երբ հաշմանդամ դարձած եւ մարմնի մասեր կորցրած երիտասարդներից շատերը բուժման փող չունեն, զոհերի ընտանիքները, որոնք կորցրել են կերակրողին, մնացել են իրենց վշտի ու հոգսերի հետ միայնակ: Իսկ վարչապետն արդեն նախընտրական քարոզարշավ է անում ու իր աջակիցների սիրտը շահում է, թե այսինչ փողոցը բյուջեի հաշվին կասֆալտապատվի: 

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակված 2021 թվականի գնումների պլանին ծանոթանալիս համոզվում ենք, որ նիկոլաքայլական կառավարությունն ամեն ձեւով պատրաստ է անարդյունավետ մսխել բյուջեն. 3 մլն 779 հազար 400 դրամի կգնի 60 հատ ծաղկային կոմպոզիցիա, եւս 1 մլն 541 հազար 800 դրամի էլ՝ ծաղիկներ։ Վարչապետի աշխատակազմը 232 փողկապ կգնի՝ 278 հազար 400 դրամի։ 19 մլն 768 հազար դրամ կտրամադրվի վարչապետի աշխատակազմի մեկ աշխատակցի վերապատրաստման համար։ Եվս մեկ աշխատակցի վերապատրաստման համար էլ կհատկացվի 1 մլն 570 հազար 800 դրամ… Իսկ զոհերի մասունք-մարմինները թող անհայտության մեջ չորանան, բա հո իշխանության եկած թափառախումբն իր վայելքները թողած, նրանց համար «թանկուկրակ» սարքեր չէ՞ր գնելու…