Սկորսեզեն եվ Պազոլինին հեռուստաընկերություններին սանկցիաների տակ չեն գցի

Սկորսեզեն եվ Պազոլինին հեռուստաընկերություններին սանկցիաների տակ չեն գցի

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն օրերս սահմանեց անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների չափորոշիչներ: Արդեն իսկ ՀՌՀ-ն չափորոշիչների մասին պատշաճ կիրազեկի բոլոր հեռարձակող ընկերություններին, եւ որոշումն ուժի մեջ կմտնի: Հեռուստա-ռադիոընկերություններից ակնկալվում է, որ իրենց եթերային քաղաքականությունը կմշակեն այս որոշման պահանջներին համապատասխան:

Ըստ այդմ՝ հեռուստառադիոընկերությունները «պարտավոր են նաեւ հետեւել եւ եթերում բացառել վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարանների կամ ձայնաշարի, մարդկանց, ինչպես նաեւ կենդանիների խոշտանգումների, կտտանքներին ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների եւ արյունահեղ տեսարանների կամ բռնության գործադրման ցուցադրումը»: Խոսքը վերաբերում է միայն հաղորդումների՞ն, թե՞ նաեւ ֆիլմերին, որովհետեւ ակնհայտ է, որ այս պարագայում հեռուստաընկերությունները կանգնած են լինելու գրաքննության վտանգի առաջ, քանզի, եթե խոսքը 30-ականներին նկարահանված որեւէ սովետական ֆիլմի մասին չէ, թե՛ անհուսության զգացումը, թե՛ ինչ-ինչ բաց կադրերը բացառված չեն որեւէ ռեժիսորի ֆիլմում։ Մաֆիայի մասին որեւէ ֆիլմ, օրինակ, կարող է պարունակել «վախի, սարսափի, անելանելիության զգացման» ամբողջ փունջ։ Կամ՝ ռեժիսորներ Մարտին Սկորսեզեի, Պոլլակի, Լարս ֆոն Տրիերի ֆիլմերը։ Նման ռեժիսորների ու ֆիլմերի ցանկն անվերջանալի է։

Ինչեւէ, հեռուստաընկերությունների հիմնական մասը ստացել է չափորոշիչները, բայց դրանք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տրվել են պատասխաններ։ «Տելեներին» ամենաշատ հուզող հարցն էլ այն է, թե արդյոք դա վերաբերո՞ւմ է ֆիլմերին, մասնավորապես՝ լիցենզիոն, որոնք թարգմանաբար կան ՀՀ բոլոր մասնավոր հեռուստաընկերությունների եթերներում։ Իսկ եթե ֆիլմերին դա վերաբերում է, ապա բոլոր հեռուստաընկերությունները կարող են ընկնել սանկցիաների տակ։ Եվ, մյուս կողմից, անհասկանալի է, թե ինչու է Հեռուստատեսության ազգային հանձնաժողովն ինքը որոշում եւ վերահսկում չափորոշիչների կատարումը։

Անհասկանալի է, որովհետեւ տարիներ առաջ նման չափորոշիչներ մշակվել էին ԱԺ-ի կողմից։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ չափորոշիչների մասին առանձնապես ասելիք չունի։ Նրա խոսքով՝ դրանք աշխարհում ընդունված չափորոշիչներ են՝ մի քիչ հարմարեցված մեր բարքերին ու ավանդույթներին։ Արդյոք դրանք վերաբերելու են նաեւ ֆիլմերի՞ն։ ՀՌՀ նախագահի պատասխանից դատելով՝ այո, քանի որ ասաց, որ ավելի շատ վերաբերում են հեղինակային հաղորդումներին, լրատվականների սյուժեներին։ Իսկ ֆիլմերի մասով Տիգրան Հակոբյանն ասում է․ «Օրենքը սահմանում է, որ կարող են պարունակել կոշտ էրոտիկա, բռնություն եւ այլն, եթե դա պայմանավորված է գեղարվեստական իմաստով: Այնպես որ, Սկորսեզեն կամ Ձեֆիրելին վտանգված չեն»։ Ինչ վերաբերում է ՀՌԱՀ-ի կողմից թե՛ չափորոշիչները գրելուն եւ թե՛ հսկելուն, ապա Տիգրան Հակոբյանը համաձայն է, ինքն էլ է կարծում, որ ավելի լավ կլիներ, որ իրենք չմշակեին դրանք։ Բայց գործող օրենքով դա ՀՌԱՀ-ին է վերապահված։ Տիգրան Հակոբյանն ասաց, որ կա մտադրություն՝ մշակվող նոր օրենքում այս գործառույթն ԱԺ-ին վերահասցեագրելու։