Ի՞նչ է ակնարկում Մոսկվան՝ Երևանի նկատմամբ կացնային վարքագծով    

Ի՞նչ է ակնարկում Մոսկվան՝ Երևանի նկատմամբ կացնային վարքագծով    
Միհրան Պողոսյան

Եվ այսպես, Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Երեւանին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: 

Ռուսաստանի դատախազությունը դա հնարավոր չի համարել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Ավելին՝ Պողոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար նրան հանձնելու մասին ՀՀ դատախազության դիմումի մերժման հիմքի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չի ներկայացվել: Դեռ լավ է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել «հստակ տեղեկատվություն՝ Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»: Սպասենք, որ մի գեղեցիկ, արեւոտ օր կներկայացնեն… 

Հիշեցնենք՝ Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ։ ՀՀ ՀՔԾ-ն նրան որպես մեղադրյալ է ներգրավել ոչ միայն հայտնի Պանամայի օֆշորի գործով, այլեւ մի շարք այլ ծանրացուցիչ դրվագներով։ Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը մեր երկրի հետ բացի երկկողմ պարտավորություններից, կապված է նաեւ մի շարք բազմակողմ, այսպես կոչված՝ միջազգային (ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ այլն) ընդգրկում ունեցող փաստաթղթերի ենթադրած պարտավորություններով, չի կատարել այդ պարտավորությունների նվազագույնը՝ Երեւանին չի հանձնել բազմաթիվ քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող կասկածյալին: 

Մինչդեռ Գյումրիում մի ողջ ընտանիք կոտորած ռուս տականքին մերոնք հանձնեցին… կմտածեն շատերը:
Իհարկե, սա առաջին էմոցիան է, որ կարող է առաջանալ Մոսկվայի այդ, մեղմ ասած, ոչ բարեկամական եւ պարզապես ուխտադրուժ որոշումից: Մինչդեռ այստեղ ոչ մի էմոցիայի տեղ չկա: Իրականում գործ ունենք տխրահռչակ «ռեալ պոլիտիկի» հետ: Հասկանալի է, որ Կրեմլում վաղուց եւ խորապես թքած ունեն ռազմավարական գործընկերության, գործընկերային հարաբերությունների, այդ հարաբերություններում ենթադրվող փոքրիշատե արդարության, հավասարության սկզբունքների ու նման այլ «քնարական» երեւույթների վրա: Պատմությունը քանիցս ապացուցել է, որ Մոսկվան հասկանում եւ ըստ այդմ առաջնորդվում է միայն մի լեզվով ու սկզբունքով՝ քանի ուժս պատում է, կացնահարեմ… այդ էր մնացել «չուռկաներին» ինչ-որ բան բացատրեմ, իսկ այնտեղ արդեն պարզ կլինի: 

Իսկ ուղերձը չափազանց թափանցիկ է՝ Ռուսաստանում տակավին չեն հրաժարվել Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչներին աջակցելու, սատարելու եւ ամենայն կերպ «թավշյա» պատիժներից փրկելու գործելակերպից: Պատճառը կա՛մ այստեղ Կրեմլի համար խիստ ցանկալի ռեւանշի սպասումն է, կա՛մ Երեւանի նոր պատասխանատուներից ինչ-ինչ զիջումներ կորզելու նպատակը: 
Երկու դեպքում էլ այդ նպատակադրումների էության մեջ խորանալ չարժե, քաղաքականություն է, ինչպես ասում են: Միայն արձանագրենք, որ այդ քաղաքականության իրացման ոճն ահավոր կացնային է ու Հայաստանի համար, մեղմ ասած, խիստ վիրավորական: Ինչպես ասում են, այստեղ գործընկերության կամ դիվանագիտության հոտն անգամ մի վերստից չի գալիս: 

Երեւանը, անգամ խիստ խոցելի դիրքերում գտնվելու պարագայում, այստեղ մտածելու շատ բան ունի: